Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը թող պատասխանի՝ Հայաստանի ուժային կառույցներից մեկի ղեկավարը Ստեփանակերտում ադրբեջանցու հետ ի՞նչ է բանակցել, որից հետո Արցախի ճանապարհը փակվեց»

Սեպտեմբեր 02,2024 17:28

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Նիկոլ Փաշինյանը մնացել է լրագրողական մակարդակի եւ այնպիսի հարցեր է տալիս, որոնք կարող եք դուք տալ։ Այսինքն՝ մարդը երկրի ղեկավար է, իր պատկերացմամբ՝ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ուղարկում է քաղաքականությամբ զբաղվելու։ Երեւի ինքն է իր կենսագրության ընթացքում ամեն անգամ ինչ-որ մեկի կողմից, ինչ-որ մի տեղ ուղարկվել, հետեւաբար, նաեւ մնացածին է այդպես վերաբերվում։ Ռուբեն Վարդանյանի նվիրումը Հայաստանին եւ Արցախին 30 տարի է եղել, եւ լրագրող Նիկոլ Փաշինյանը դա չի նկատել։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գնալուն, դա հայրենասիրական դրսեւորում էր, եւ հիմա էլ դրա ապացույցն ենք տեսնում, որ հանուն Արցախի Բաքվի բանտում է գտնվում Վարդանյանը»,- ասաց նա։

Առաքելյանի խոսքով՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց պետք է Նիկոլ Փաշինյանը պատասխանի։ «Օրինակ՝ հարցերից մեկը, ինձ շատ հետաքրքիր է՝ դեկտեմբերի 12-ից մի քանի օր առաջ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարներից մեկը Ստեփանակերտի «Լավանդա» ռեստորանում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ ի՞նչ է բանակցել, որից ընդամենը մի քանի օր հետո Արցախի ճանապարհը վերջնական փակվեց։ Օրինակ՝ կարելի է Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե 2020 թվականից պատերազմից հետո ո՞վ էր իրեն եւ իր քաղաքական թիմին արգելում ընդհանրապես Արցախում լինել։ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի դեկտեմբերի 3-ին ո՞ւմ հանձնարարությամբ էր Արցախի իշխանություններին ասում՝ Հայաստանը ձեզ որեւիցե հարցով չի կարող օգնել, եւ դրանից 9 օր անց փակվեց Արցախի ճանապարհը։ Այսինքն՝ բազմաթիվ հարցեր կան, ես հուսով եմ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավորինս շուտ կվերադառնա եւ Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ պատասխաններ կտա»,- ասաց Առաքելյանը։

Նա նշեց, որ բարոյական չէ Բաքվի բանտում գտնվող մարդկանց թեկուզ հեռակա հարցադրումներ անելը։ Երկրի ղեկավարի միակ գործն այս դեպքում բացառապես այդ մարդկանց վերադարձը ապահովելը պետք է լիներ։ Առաքելյանն ասաց, որ առնվազն 23 գերի ունենք Բաքվում, ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլ նաեւ ՀՀ քաղաքացիներ, որոնց վերաբերյալ ՀՀ իշխանության կողմի որեւէ պրոցես չի գեներացվում։ «Եվ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ փորձում է ասել՝ մենք զբաղվում ենք, դա հրապարակային չէ, ակնհայտ է, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումներում այդ հարցը չի բարձրաձայնվում։ Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի մոռացության մատնեն Արցախը, բայց ես համոզված եմ, որ ամեն անգամ այս ադրբեջանաթուրքական թեզերի տարածումը հերթական անգամ ավելի է հայ ժողովրդին մղում նրան, որ Արցախի հարցը չի կարող փակված լինել»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30