Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ հանդես է եկել անիմաստ պահանջելով, որպեսզի «Հայաստանը ներողություն խնդրի Ադրբեջանից իր բարբարոսական արարքների համար»։ Զավեշտալի է, երբ նման հայտարարությամբ է հանդես գալիս մի երկրի բարձր պաշտոնյան, որը վերջին ավելի քան երեք տասնամյակների ընթացքում իրականացրել է փուլային ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ՝ ցեղասպանություն եզրի բոլոր բաղադրատարրերի ներկայացվածությամբ, և ոչ միայն ներողություն չի խնդրել իրականացված հանցագործությունների համար, այլև շարունակում է ժխտել այդչափ ակներև իրականությունը։
Արդյո՞ք Ադրբեջանը չէր այն պետությունը, որը նախապես կազմված ցուցակների հիման վրա, ամբոխների շրջանում հակահայկական տրամադրություններ հրահրելով հասավ Սումգայիթի, Բաքվի և այլ վայրերի հայության նկատմամբ լայնածավալ բռնությունների իրականացմանը, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ էթնիկ զտում էթնիկ և կրոնական ատելության հիմքով։ Արդյո՞ք Ադրբեջանը չէ այն պետությունը և արդյոք Իլհամ Ալիևը չէ՞ այն նախագահը, ով հերոսության դափնիներով պարգևատրեց Ռամիլ Սաֆարովին հայ սպային կացնահարելու համար։ Արդյո՞ք նման քայլերը արժանի չեն ոչ միայն ներողության, այլև խիստ պատժի և պատասխանատվության։ Սակայն վերջինիս փոխարեն տիրող անպատժելիությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին գնալ է՛լ ավելի խորը՝ պատերազմական հանցագործությունների՝ քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, արգելված զենքերի կիրառմամբ, 120 հազար էթնիկ հայերի միտումնավոր շրջափակմամբ և հումանիտար աղետի հարուցմամբ։
Մի՞թե Հիքմեթ Հաջիևը չի կարծում, որ Ադրբեջանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի Հայաստանից և հայ ժողովրդից այն բոլոր գործողությունների համար, որոնք միանշանակ կարելի է բնութագրել որպես մարդկության դեմ գործված հանցագործություններ։ Պատրա՞ստ է, արդյոք, Հիքմեթ Հաջիևը՝ որպես ահաբեկչական երկրի նախագահի օգնական, կրել նման խոստովանությանը հաջորդող ողջ պատասխանատվությունը։
Հաջիևը դժգոհել է նաև միջազգային կառույցների, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունից։ Թերևս, այս պարագայում ստիպված ենք կիսել Հաջիևի դժգոհությունը, որովհետև եթե միջազգային կառույցներն ունենային բավարար կամք և գործիքակազմ, դժվար թե Ադրբեջանին հաջողվեր հասնել անպատժելիության նման մակարդակի։ Եթե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գործեր բավարար պատասխանատվությամբ, վերջինիս հովանավորության տակ գտնվող անձինք չէին կարող առևանգվել Ադրբեջանի կողմից և դառնալ բեմականացված դատավարությունների թիրախ։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Հիքմեթ Հաջիևի անհիմն հայտարարություններն ու պահանջները։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և վերջինիս պաշտոնատար անձանց հանցանքի հետքերը մաքրելու նպատակով դրանք չնետել հակառակորդի կողմը և կատարել ինչպես միջազգային իրավունքի նորմերով ստանձնած, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներով պարտադրվող քայլերը։
Կարդացեք նաև
Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ