«Ես սպասեցի, սպասեցի, որ բերման ենթարկեին ինձ, ոնց որ տեսնում եք՝ ոչ»,- դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Դատարանը որոշել էր դատարան ներկայանալու համար Հրայր Թովմասյանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառել։
Լրագրողների հարցին՝ տա՞նն էիք սպասում, Հրայր Թովմասյանը պատասխանեց՝ չէ։ Հարցին՝ ՍԴ-ո՞ւմ, նա պատասխանեց՝ ոնց որ տենց։
Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանը չցանկացավ նախագահող դատավորի հայտարարությունները մեկնաբանել ու լրագրողների հարցերին ի պատասխան ասաց․ «Ես չեմ սիրում ուրիշի ասածները մեկնաբանել։ Հուսով եմ` մի անգամ առիթ կունենաք այդ հարցերը ուղղել դատավորին։ Ունեմ ենթադրություններ, բայց նպատակահարմար չեմ համարում դատավորի վարքագծի վերաբերյալ ենթադրություններով խոսել»։
Հարցին՝ այս քրեական գործը քաղաքական ենթատե՞քստ ունի, Հրայր Թովմասյանը պատասխանեց․ «Ես իմ ավարտական ճառում, ոչ միայն այդ, այլև համապատասխանաբար այլ հարցերի կանդրադառնամ։ Դուք հնարավորություն կունենաք բոլոր հարցերի պատասխանները լսել»։ Ու դիմելով լրագրողներին, կատակեց՝ եթե ինձ մի քանի րոպե էլ թույլ չտաք ներս գնալ, ինձ հաստատ բերման կենթարկեն։
Դատավորի այն հայտարարություններին, թե 131-ից ավելի նիստերի 70-ից ավելին իր փաստաբանների կամ իր պատճառով չեն կայացել, Հրայր Թովմասյանն այսպես արձագանքեց․ «Դատավորը որոշակի թվաբանական սխալներ է անում, հարցրեք, թե դրանցից քանի բացակայությունն է համարվել անհարգելի։ Օրինակ՝ դատարանին միջնորդում եմ, որ այդ օրը ՍԴ-ում քննվում է ընտրական վեճ, և գործի բարդությունից ելնելով միանշանակ կարող եմ ասել, որ դատարանը կամ դեռ գտնվելու է քննական փուլում կամ խորհրդակցական սենյակում և միջնորդում եմ այդ օրը նիստ չդնել, ասում է, եթե դնենք նիստ, չեք գա, հարգելի կհամարենք։ Հիմա խնդրում եմ՝ դուք ասեք՝ իմ մեղքո՞վ է՝ թե ոչ։ Չորս նիստ եղել է, որ ես եղել եմ եռյակի նախագահողը, և նշանակվել է հինգշաբթի օրերը։ Երեքշաբթի, ուրբաթ միշտ նիստեր են, չորեքշաբթի որպես կանոն մենք ընդունված որոշումները խմբագրելու վրա ենք ծախսում, իրականում մնում է երկուշաբթի և հինգշաբթի»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չէր ցանկանում, որ իր գործով նիստերը լուսաբանվեն, Հրայր Թովմասյանը պատասխանեց․ «Ես իմ ավարտական ճառում կասեմ․ ունեմ երկու խնդիր՝ պայքար դրսում և պայքար մաքուր իրավական դաշտում։ Այն արհավիրքները, որոնք ՀՀ-ին սպառնում են, դրանց պարագայում չպետք է փորձեմ իմ անձնական օրակարգը ստեղծել և լցնել դրանով։ Շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ՝ ինչ-որ դատական նիստը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ