Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 6,1 % անկում է արձանագրվել, ինչը պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի նվազումով

Սեպտեմբեր 02,2024 15:25

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի անդրանիկ նիստում օրակարգային երեք հարցերից առաջինի՝ «ՀՀ ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թ․մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկումը հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի առաջարկությամբ հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով։

«2024 թ․ պետական բյուջեի առաջին կիսամյակի ընթացքի վերաբերյալ տեղեկանք ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ըստ նրա, 2024 թ․ հունվար-հունիս ամիսներին գրանցվել է ապրանքների արտահանման 2,3 անգամ աճ, սակայն հայկական արտադրության ապրանքների, ոսկին չհաշված, արտահանումը շուրջ 4 % նվազել է, ներմուծման աճը կազմել է 86,5 %, իսկ առանց վերաարտահանման ներմուծումը նվազել է 6,7 %:

Նախարարի տեղեկացմամբ` նախորդ տարվա համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 6,1 % անկում է արձանագրվել, ինչը պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի 23,6 տոկոս նվազումով։ Փոխարենը, Հայաստան ավելի շատ այցելել սկսել են Հնդկաստանից, Իրանից եւ Վրաստանից։

Հաշվետու ժամանակահատվածում 48,3 տոկոսով անկում է ապրել դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, դրան ամենամեծ բացասական նպաստն է ունեցել ՌԴ-ից ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի՝ 69.4 տոկոսով նվազումը:

Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակվում է բավականին բարձր մնալ՝ պայմանավորված հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճի եւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սպառման եւ տնտեսական գործունեության ազդեցություններով. առաջին կիսամյակում գրանցվել է 10,4 տոկոս տնտեսական ակտիվության աճ:

Իսկ ինչ վերաբերում է պետական պարտքին, ըստ Վահե Հովհաննիսյանի, այն հունիսի 30-ի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 718 մլրդ․ դրամ։

Խոսելով պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի մասին՝ Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 4,7 տոկոս եկամուտների աճ:

Պետական բյուջեի առաջին կիսամյակի ծախսերի կատարողականը կազմում է 1 տրիլիոն 233 մլրդ դրամ:

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարողականը 60,1 մլրդ դրամով կամ 5,3 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նա նշել է, որ անկանխիկ գործարքների տեսակարար կշիռն ունի էական աճ:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է հաշվետու ժամանակահատվածում ոսկերչական արտադրանքի աճի դինամիկայով: Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ ոսկերչական իրերի արտադրությունը նվազել է անցած տարվա համեմատ, թեեւ շարունակում է բարձր նպաստ ունենալ մշակվող արդյունաբերության մեջ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30