Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը:
Ողջունելով Հայաստան ժամանած վրացի գործընկերներին` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարեւորել է 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն` երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ նիստերի անցկացումը:
Կողմերն արժեւորել են երկու երկրների վարչապետների կողմից ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագրի ստորագրումը:
Կարդացեք նաև
«Թե’ օրենսդիր, եւ թե’ գործադիր մակարդակներում հարաբերությունների դինամիկան ցույց է տալիս, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Վերջին տարիներին ակտիվացել են միջգերատեսչական կապերը, խորհրդարանական համագործակցությունը»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:
Պատգամավորները ներկայացրել են Հայաստանի եւ Վրաստանի ընթացիկ քաղաքական ու տնտեսական իրավիճակը, խոսել Եվրոպական միության հետ սերտ համագործակցությունից: Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանում երկարատեւ կայունության ապահովման հարցում ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարեւորությունը: Շեշտվել է տարածաշրջանի բոլոր պետությունների` միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու կարեւորությունը:
ՀՀ ԱԺ եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ հաջորդ նիստը կանցկացվի Թբիլիսիում:
Հայկական կողմից նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը, վրացական կողմից` Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիամ Լաշխին, հանձնաժողովի անդամներ Իրակլի Մեզուրնիշվիլին, Խաթիա Ծիլոսանին:
ԱԺ