«ՀՀ իշխանության ոչ աջակցության պայմաններում Արցախ վերադառնալը դժվար է, բայց պետք է պայքարել»,- այսօր Երեւանում Արցախի ներկայացուցչությունում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր Արցախի ներկայացուցչություն են այցելում տարբեր գործիչներ, պատգամավորներ, քաղաքացիներ։
«Ես շնորհավորում եմ արցախահայությանը Արցախի օրվա կապակցությամբ եւ ասում, որ երբեք ոչինչ կորսված չէ։ Արցախի էջը փակ չէ, հակամարտությունը լուծված չէ՝ հաշվի առնելով երեք հանգամանք։ Մենք պետք է հասկանանք, որ հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ անցած տարվա սեպտեմբեր ամսին Արցախի հայաթափմամբ իրականացվել է ցեղասպանություն։ Այսինքն՝ հակամարտությունն ավելի է խորացել։ Երկրորդ, Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել, այն առումով, որ Արցախի բոլոր ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը իրենց գործությունը շարունակեն Արցախի ժողովրդի կարգավիճակի ու վերադարձի պայմանների՝ հատկապես միջազգային անվտանգության երաշխիքների շրջանակներում։ Եվ այդ առումով Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները՝ գոյություն ունեցող ձեւաչափով եւ այլ նոր ձեւաչափերով, որոնք հայ ժողովուրդը կընտրի, այլընտրանք չունեն»,- ասաց նա։
Ըստ Օհանյանի՝ ովքեր այսօր Արցախի վրա խաչ են քաշել, հայ ժողովրդի բարոյական շարքում տեղ չունեն։ Այսինքն՝ պայքարելն անհրաժեշտություն է։
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանի խոսքով՝ եթե ՀՀ իշխանություններն ամուր կառավարման համակարգ ունենային եւ իրենց տեղն ունենային որպես ինքնիշխան պետություն, առաջինն իրենք պետք է արձագանքեցին եւ կհակադարձեին Ադրբեջանի իշխանություններին։ Բայց ՀՀ իշխանությունները կարծես թե դարձել են Ադրբեջանի իշխանությունների փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ