«Ցավալիորեն ՀՀ-ում, իսկ հետո Արցախում մեր ժողովուրդը, կերակրվելով նաև դրսից ներմուծված թեզերով, փաստացիորեն բարեկեցությունը գերադասեց անվտանգությանը, նյութականը գերադասեց ինքնությանը, որի հետևանքով 2018-ին տեղի է ունեցավ հեղափոխություն կոչվածը: Արդեն 2020-ին տեսանք դրա հաջորդ փուլը՝ Արայիկ Հարությունյանի ընտրությունը, որը դուռ բացեց հաջորդող քայլերի համար»,- «Մայր Հայաստանի» կողմից կազմակերպված «Արցախի թեման փակված չէ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Խոսելով արցախցիների վերադարձի իրավունքի մասին՝ Ձյունիկ Աղաջանյանն ասաց․ «Խնդիրն այն է, որ իր բնօրրանում գտնվող ժողովրդի առանձին անհատները թե նաև համընդհանուր ներկայությամբ, իրավունք ունեն պահանջել վերադարձի իրավունք։ Արցախցիների պարագայում էլ ավելի է այս իրավունքը ամրագրվում, քանի որ բռնի են տեղահանվել իրենց հայրենիքից, էթնիկ զտում է իրականացվել Ադրբեջանի կողմից»։
Այն առնչությամբ, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Մինսկի խումբը փակելու ուղղությամբ, որ ՀՀ-ն հետ վերցնի միջազգային հայցերը՝ ընդդեմ Ադրբեջանի, Ձյունիկ Աղաջանյանն ասաց․ «Ադրբեջանը լավ հասկանում է, որ արցախահայերի վերադարձի իրավունքը քննարկելի չէ, փորձում է հակընդդեմ հայց ստեղծել, որ հավասարության նշան դնի և քաղաքական բանակցությունների ժամանակ փորձի չեզոքացնել արցախցիների վերադարձի իրավունքը։ Այստեղ է, որ նա առաջ է բերել ադրբեջանցի փախստականների խնդիրը։ Փորձում են արհեստականորեն նման բան ստեղծել։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ նա Արցախին տիրացել է ոչ ազնիվ ճանապարհով․ ագրեսիա է կատարել, իրականացրել բազմաթիվ հանցագործություններ՝ ցեղասպանություն, էթնիկ զտում։ Բացի նրանից, որ նա խախտել է մարդու իրավունքների դաշնագրերը, որոնք պահանջում են պետությունից, որ ինքնորոշման ձգտող հատվածին խրախուսի իրացնել իր իրավունքը, այլև հակառակն է իրականացրել։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ իր հանցագործությունները միջազգային դատարաններում որոշումների կայացման պարագայում այդ որոշումները հետադարձ ուժ են ունենալու իր վրա։ Որ փակի այս հարցերը, նպատակ է դրել վերացնել Մինսկի խմբի մանդատը և անել այնպես, որ ՀՀ-ն հետ վերցնի միջազգային դատարաններում իր հայցերը»։
Կարդացեք նաև
Ամփոփելով՝ Ձյունիկ Աղաջանյանն ասաց․ «Արցախի խնդիրը փակված չէ այնքան ժամանակ, քանի մենք ինքներս չենք փակել։ Մեր իշխանություններն իրենց հանձնառությանը համապատասխան փորձում են մեկընդմիշտ այդ հարցը փակել, քանի որ իրենք բերվել են այդ նպատակով։ Այստեղ արցախահայերն էական դերակատարություն ունեն՝ չտրվելու այն քաղաքական ուղեղների լվացման գործընթացին, որը իրականացվում է մեր իշխանության կողմից»։
Ձյունիկ Աղաջանյանը շեշտեց՝ թվերը մի նվազեցրեք․ Արցախից դուրս է եկել 150 հազար մարդ՝ անկախ նրանից 44-օրյա պատերազմից հետո են դուրս եկել, թե 2023-ի բռնի տեղահանման ժամանակ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մայր Հայաստան»-ի