Արցախի Հանրապետության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառման շրջանակներում ողջույնի տեսաուղերձներ էին հղել աշխարհի տարբեր խորհրդարաններ ու կազմակերպություններ ներկայացնող Արցախի բարեկամները՝ ԱՄՆ Կոնգրեսից, Եվրոպառլամենտից, Միացյալ Թագավորության խորհրդարանից, և այլք։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը թարգմանաբար ներկայացնում է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի ուղերձը:
Լեռնային Ղարաբաղի hարգելի բնակիչներ՝ չճանաչված, բայց իրականում գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ, այլ կերպ ասված, Արցախի Հանրապետության քաղաքացիներ։
ԼՂՀ պաշտոնական տոնի՝ Անկախության օրվա նախօրեին, որը նախկին տարիներին նշվում էր սեպտեմբերի 2-ին, ես իմ պարտքն եմ համարում հայտնել կարեկցանքս ձեզ։
Կարդացեք նաև
Ցավոք սրտի 20-23 թվականների դեպքերի արդյունքում դուք կորցրիք ձեր հայրենիքը՝ լքելով այն հողը, որի վրա ապրել եք, և իրենց կյանքն են ապրել ձեր նախնիները, ծնվել են ձեր երեխաները։ Դա միանշանակ մեծ ողբերգություն է, և ով ինչ ուզում է` թող ասի, բայց ես վստահ եմ, որ մենք Ռուսաստանում չենք կարող մեր կարեկցանքը և օգնության ցանկությունը չհայտնել այսօրվա իրավիճակում։
Ես հիմա չեմ ուզում ամեն ինչ տանել քաղաքական հարցերի քննարկմանը, անվանել մեղավորներին, սակայն նրանք միանշանակ կան։ Միայն ուզում եմ ասել, որ այսպիսի պահերին ռուս մարդիկ, եթե նրանք իրականում ռուսներ են, չեն կարող չունենալ կարեկցանքի և օգնելու ցանկության այս զգացումները մեր հավատակիցների՝ հայերի նկատմամբ, որոնք լքել են իրենց տները, իրենց թանկագին վայրերը՝ եկեղեցիները, տաճարները։ Եվ ինչպես մենք բոլորս գիտենք, նրանք շատ կարճ ժամանակահատվածում ստիպված են եղել դառնալու գաղթականներ։ Այդ մոխիրը միշտ կզարկի մեր սրտերում։
Ես ձայնագրում եմ իմ այս ուղերձը կամ խոսքը (կարելի է անվանել տարբեր կերպ) օգոստոսի 30-ին՝ իմ հին ընկերոջ՝ Բակո Սահակի Սահակյանի ծննդյան օրը։ Այս օրը ես միշտ շնորհավորել եմ նրան, ինչպես և նա մեկ շաբաթ անց շնորհավորել է ինձ (մենք ծնվել ենք մեկ շաբաթ տարբերությամբ)։ Ես հույս ունեմ, որ իմ խոսքը կհասնի նրան, սակայն ամբողջովին այդ հարցում չեմ կարող վստահ լինել։ Նա, ինչպես Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես մնացած բոլորը, այսօր հայտնվել են գերության մեջ, հայտնվել են կալանքի տակ։ Ես աղոթում եմ Աստծուն, որ նրանց հետ բան չպատահի, և նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքների մոտ, վերադառնան Հայաստան, քանզի դժվար նրանք համաձայնվեն մնալ այն Լեռնային Ղարաբաղում, որտեղ չի մնացել հայ բնակչություն։
Ես վստահ եմ, որ ապագայում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան առանց բռնության վերականգնել արդարությունը և թույլ չեն տա երկարաձգել այս իրավիճակը, և մարդիկ, կրկնում եմ՝ այդ հողի էթնիկ բնակիչները, կրկին կգտնեն իրենց հոտը։ Հողի, որի վրա տեղակայված են ոչ միայն Հայաստանի մշակույթի, այլ նաև ամբողջ աշխարհի համար կարևորագույն ճարտարապետական հուշարձաններ և վանքեր, իսկ այն հողերը, որոնք այսօր լքված են, իրենց տերերի աշխատասեր ձեռքերով կրկին կշենանան։ Բայց այս ամենն իմ մաղթանքն է, իմ հույսն է։ Ես վստահ եմ, որ ձեզնից նրանք, ովքեր մինչ օրս մտովի ապրում են Լեռնային Ղարաբաղում, ամեն օր՝ օրը 24 ժամ, մտածում են հենց այս ամենի մասին։
Եվս մեկ անգամ սեպտեմբերի 2-ի նախօրեին ցանկանում եմ ձեզ հանգստություն, ապաքինում ձեր բոլոր վերքերին, լուծում ձեր առջև ծառացած բոլոր կենաց խնդիրներին։ Ես մեծ հույս ունեմ, որ Ռուսաստանի անտարբերության չմատնված բոլոր մարդիկ, ինչպես նաև ողջ Ռուսաստանը, որն այսօր ապրում է իր ոչ ամենալավ օրերը, այսօր, երբ մեր տարածքում՝ Կուրսկի շրջանում, գտնվում է թշնամին, ոչնչացնում է մեր գյուղերը, նվաստացնում մեր քաղաքացիներին, հենց այս պահին, չնայելով ոչնչի, մենք պետք է մեր զորակցությունը հայտնենք մարդկանց, որոնք տուժել են, չնայած այն բանին, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի ներկայիս տարածքից՝ Ռուսաստանի Դաշնությունից բավական հեռու։
Այդպես է եղել միշտ, այդպես է եղել մեծ դժբախտությունների բոլոր տարիներին, որոնք մենք միասին հաղթահարել ենք հարյուրամյակների ընթացքում։ Ես վստահ եմ, որ անկախ բոլոր քաղաքական իրավիճակներից և այլ նման հանգամանքներից, այս զգացումները կստեղծեն ապագայի հույս։
Մաղթում եմ ձեզ երջանկություն, խաղաղ երկինք, մաղթում եմ ձեզ առողջություն, իսկ ձեր երեխաներին, ովքեր, հույս ունեմ, որ սեպտեմբերի 2-ին գնալու են դպրոց, հաջողություն ուսման մեջ։