Արցախի հարցը տարածքի բռնազավթմամբ և ցեղասպանությամբ չի լուծվել և մոռացության չի տրվելու
Արցախի հայությունը պահանջում է միջազգայնորեն ճանաչված իր իրավունքների վերականգնումը
33 տարի առաջ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որն ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը, որն ինքնավար կազմավորումներին իրավունք էր տալիս դուրս գալ այն հանրապետության կազմից, որը լքում էր ԽՍՀՄ-ը։ Այդ օրենքի առանցքը Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր՝ ժողովրդավարական ազատ կամարտահայտությունը:
1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվեն․ իրավական ճանապարհով ամրագրվեց հազարամյակներով Արցախում ապրող հայության անկախ ապրելու իրավունքը: Հանրաքվեին մասնակցածների 99,89 %-ը «Այո» ասաց անկախությանը։ Արցախն իր անկախությունը հռչակեց գործող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ: Ադրբեջանն ի սկզբանե ռազմական ուժով և էթնիկ զտումներով էր որոշել «լուծել» արցախահայության ինքնորոշման և իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքները։
1992 թվականի մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը ձևավորեց Մինսկի խումբը, որի առաքելությունն ու խնդիրը հակամարտության խաղաղ կարգավորումն էր միջազգային իրավունքի շրջանակներում։ Սակայն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ապա 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ահաբեկչական ռազմական գործողությունների հետևանքով Արցախի տարածքը լիովին բռնազավթվեց, տեղի հայ բնակչությունը ցեղասպանությունից վերապրածի կարգավիճակով դարձավ էթնիկ զտման զոհ, խախտվեցին միջազգայնորեն ճանաչված նրա բոլոր իրավունքները։ Ադրբեջանը անազատության մեջ է պահում և խոշտանգում Արցախի տարբեր տարիների ռազմաքաղաքական ղեկավարներին և պատանդ դարձած տասնյակ հայերի։ Բարբարոս ադրբեջանցիները Արցախի բռնազավթված տարածքներում հետևողականորեն ջնջում են հայկական հետքը՝ մշակութային պատմական ժառանգությունը, ենթակառուցվածքները, բնակելի տները, հայերի ստեղծած միլիարդների արժեք ունեցող նյութական-արտադրական կառույցները։
Կարդացեք նաև
Համայն հայությունը պահանջում է միջազգային պատկան կառույցներից, մարդու և ազգերի իրավունքների ջատագով պետություններից, ի մասնավորի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՄԱԿ, ԵՄ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, ՄՔԴ, հետևողական ջանքեր գործադրել՝ ստիպելով Ադրբեջանին ենթարկվել միջազգային իրավունքին և վերականգնել և իրացնել Արցախի հայության՝ ուժի գործադրմամբ խախտված հիմնարար իրավունքները։
Հանուն Հայոց Արցախի պայքարը նոր դժվարին ոլորանում է, սակայն ելքեր կան, ցեղասպանություններ վերապրած հայ ազգը Հայաստանից սփյուռք միջազգային հանրության աջակցությամբ պետք է հետևողական և համակարգային պայքար մղի, որը պսակվելու է հաջողությամբ։
Երբ միասին ենք, հաղթում ենք։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ