Մեր թշնամիները՝ Ադրբեջանը, փորձում է մեր հիշողությունից ջնջել Արցախը, Արցախի հայկական հետքը ոչնչացնել: Այս մասին երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը:
«Կարծում եմ՝ ոչ միայն աշխարհը պիտի իմանա, որ պատմականորեն, իրավական, քաղաքական տեսանկյունից ունեինք ազատ ապրելու, պետականություն ունենալու իրավունք, այլեւ՝ մեր քաղաքացիները: Փողոցում հանդիպում ենք մեր քաղաքացիներին, որոնք գաղափար չունեն՝ ինչ իրավունք ու պարտականություններ ունեն այդ հող ու ջրի նկատմամբ:
Դարեր շարունակ հայ մարդն այդտեղ ապրել է, միայն հայերը այդպես չեն ասում, դրա մասին ասում են նաեւ հույն-հռոմեացի, արաբ, պարսիկ մատենագիրները, աշխարհագիրները, որոնք ժամանակի ընթացքում տարածաշրջանի քարտեզը ներկայացնելիս միշտ նշել են, որ Կուրի ու Արաքսի միջագետքում մշտապես հայեր են ապրել: Գրավոր աղբյուրներն էլ են դրա մասին խոսում»,- ասաց պատգամավորը:
Նա հիշեց, որ ԼՂ-ն եղել է ինքնավար մարզ, ունեին իշխանություններ, բարձրագույն մարմիններ եւ ամեն ինչ: Ինչպես նաեւ ԽՍՀՄ կործանման նախաշեմին ընդունված հայտնի մի օրենք՝ ինքնավար միավորների ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին. «Բոլոր հիմքերը կային, որ ԼՂ ինքնավար մարզը ամրագրեր ու ձեւավորեր առանձին պետականություն…
Կարդացեք նաև
Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը իր միակամությամբ հնարավորություն է ստեղծելու, ուրիշի վրա հույս չդնելով, վերականգնելու մեր ազատ ապրելու իրավունքը, Արցախի անկախությունը»:
Արցախցի Արեգա Հովսեփյանն էլ շարունակեց. «Մենք՝ արցախցիներս, ոչ թե հյուրեր ենք, այլ Հայաստանի Հանրապետության տերն ու տիրակալներն ենք, ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Բայց ինչպես հայկական քրիստոնեական ընտանիքներին է բնորոշ, տերն ու տիրակալը պետք է պատասխանատվություն կրի իր ընտանիքի անվտանգության, առողջության, մաքրության, ամեն ինչի համար, և մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը կրել…2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ես իջել եմ փողոց՝ արդարության փնտրտուքով, ճշմարտության հաղթանակի համար ու մինչև հիմա ես փողոցում եմ։ Ես շարունակելու եմ իմ պայքարը, քանի դեռ հավատս ու հույսս ուժեղ են»:
Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում մի խումբ երիտասարդներ ներկայացրել են նաեւ Արցախի պետական օրհներգը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ