Ermenihaber. Թուրքական սոցմեդիայում տարածվում են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են մի քանի ենթասպա կանգնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի դիմաց՝ հին թուրքերենով «Թուրք» գրառմամբ դրոշը ձեռքներին:
Թուրքիայի պաշտպանության նախարարության համալսարանի ցամաքային ենթասպայական բարձրագույն դպրոցն ավարտած ենթասպաներից մեկը, ում դեմքը ևս չի երևում նկարներում, սոցցանցում կատարած հրապարակմանը զուգահեռ գրել է. «Մենք Մուստաֆա Քեմալի որդիներն ենք և մեզ համար էական չէ, թե ինչի որդիներն եք դուք»:
Նման լուսանկարների տարածմանն ու գրառումներին զուգահեռ ուշադրության արժանի ևս մեկ սոցցանցյան հրապարակում է եղել:
«Մեծանում է մի նոր սերունդ, որը, օրինակ վերցնելով Աթաթուրքից, հիմնել է այս ճանապարհը և շարունակելու է այն՝ աթաթուրքիստական մտածելակերպով: Այս ճանապարհին իրենց դեմ դուրս եկած աղանդի/համայնքի մնացորդներին միանշանակ ցույց են տալու այն վերաբերմունքը, որին նրանք արժանի են»,-ասվել է գրառման մեջ:
Կարդացեք նաև
Նշենք, որ սա վերջերս եղած նմանատիպ երկրորդ դեպքն է: Թուրքիայի ռազմական ակադեմիայի ավարտական միջոցառման ընթացքում մի քանի լեյտենանտ, զինվորական երդման արարողության ժամանակ, բղավել էին «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:
Տեղի ունեցածը թուրք հանրության կողմից մեծ քննարկման ալիք էր բարձրացրել: Քննարկումներում արարքի բացատրությունը գտնելու փորձերն ամփոփվում էին հետևյալ արտահայտություններով.
«Ռազմական հեղաշրջման սպառնալի՞ք, թե՞ հոգեբանական պատերազմ», «Լեյտենանտների սուր երդումը, որը դարձել է «արգելված», ոչ սովորական դիմադրություն է…»: