Մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովը
Պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից․ Երևանում սեպտեմբերի 1-ից 2-ն անցկացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողով։ Այն նախաձեռնել է «Իմ Քայլը» հիմնադրամը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ։ Կազմակերպման հարցում Հիմնադրամի գործընկերն է «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ:
Համաժողովի նպատակը մեկն է՝ մեկ հարկի տակ համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին, բարձրաձայնել խնդիրների մասին, քննարկել լուծումները, պետական նախաձեռնությունները։ Եվ քանի որ համաժողովին ներկա են նաև հյուրեր արտերկրից, պակաս կարևոր չէ ուսումնասիրել նաև միջազգային փորձը, գործիքները, տեղայնացնել ու ակտիվ կիրառել դրանք մեր երկրում։ Հայաստանի կառավարությունը հսկայական ջանք է գործադրում մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ՝ բացման խոսքում նշել է «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։
Կարդացեք նաև
«Բայց և միաժամանակ պետք է ցավով արձանագրեմ, որ մենք դեռ շատ ջանքեր ունենք գործադրելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար, նրանց վերաբերյալ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ պայքարելու ուղղությամբ, նրանց կյանքի համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Դժվար է խոստովանել, բայց չեմ կարող ասել, թե մեր երկրում հանրությունը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի հարցը: Էլ չխոսենք նրանց հավասար ընդունելու և կյանքի հավասար պայմաններով ապահովելու հարցի մասին: Մենք, կարծում եմ, դեռևս չենք ձերբազատվել նախորդ տասնամյակների քաղաքականությունների արդյունքում ձևավորված մշակույթից, որն ավելի հակված էր մերժելու մեծամասնությունից տարբերվող արտաքին կամ մտավոր հնարավորություններ ունեցող անձանց: Մարդիկ ըստ այդ մշակույթի բաժանվում էին հասարակության կողմից ընդունելի «տիպիկների» և «ոչ տիպիկների»: Արդյունքում նախանձելի խմբի մեջ չտեղավորվողները մեկուսացած էին, դժբախտ, առանց ամենօրյա կոնկրետ անելիքի, առանց կյանքի նպատակի, առանց երազանքի: Նրանք չունեին անգամ երազելու իրավունք և հնարավորություն: Ծնողները լքում էին երեխաներին, իսկ հատուկենտները, որ ուժ էին գտնում չտեղավորվելու իրենց և իրենց երեխայի համար նախանշված ճակատագրին, բախվում էին «տիպիկների» ստեղծած դաժան իրականությանը, որտեղ տեղ չունեին պարզապես: Բարեբախտաբար, մեր օրերում իրավիճակը նույնը չէ: Պետությունը որդեգրել է ներառականության քաղաքականությունը, մեծ բարեփոխումներ են իրականացվում, ենթակառուցվածքներ են ստեղծվում: Սա հիանալի է, իհարկե»,- իր խոսքում նշել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:
Նմանօրինակ միջոցառումները չափազանց կարևոր են, սա հարթակ է, որտեղ քննարկվում են կարևոր հիմնահարցեր, ներկայացվում է աշխարհի լավագույն փորձը՝ իր խոսքում ընդգծել է ԱՍՀ նախարարը: Նարեկ Մկրտչյանի խոսքով, կառավարությունը վերջին տարիներին արմատական փոփոխություններ է իրականացնում ոլորտում։
«Մենք ներդրել ենք գնահատման և հաշմանդամությունը չափելու՝ միջազգային չափանիշներին համարժեք մեթոդաբանություն՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող նոր համակարգ, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի համապարփակ գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները և ապա այդ գնահատումից հետո բխեցնել նոր ծառայություններ։ Մենք գտնվում ենք երկրորդ փուլում մեր բարեփոխման և կարծում եմ, որ առաջիկայում կկարողանանք ավելի լայն պատկեր ունենալ, թե ինչպիսի կարիքներ կան և ինչպիսի ծառայություններ պետք է իրականացնենք, չնայած արդեն իսկ սկսել ենք որոշակի ծառայությունների պիլոտավորումը, և հընթացս կառավարությունը պատրաստակամություն է հայտնել և ունի հանձնառություն ավելի ընդլայնելու այդ ծառայությունները», – ընդգծել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Կարևոր է նաև նորագույն տեխոնոլգիաների կիրառումը՝ շեշտել է նախարար Մկրտչյանը և հիշատակել նախորդ տարի ներդրված disability.am հարթակը, որի օգնությամբ հաշմանդամություն ունեցող անձը կարող է առանց ավելորդ ջանքի առցանց ներկայացնել ֆունկցիոնալության գնահատման դիմում։ «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը մասնակիցներին ներկայացրել է «Ճախրուկ» սոցիալական սրճատան գաղափարը․ վայր, որտեղ աշխատելու են ֆիզիկական ու մտավոր առանձնահատկություն ունեցող երիտասարդներ, նրանց ընտանիքի անդամներ, ուսանողներ:
««Ճախրուկ» սրճարանը կօգնի աշխատատեղեր և սովորական շփման հնարավորություններ ստեղծել հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։ Սրճարանը նաև կունենա արվեստի ստուդիա, որտեղ կցուցադրվեն և կվաճառվեն երեխաների արվեստի գործերը և կհյուրընկալվեն ցուցահանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ։ Սրճարանը պետք է պատկանելիության և կոմֆորտի զգացողություն հաղորդի՝ տան նման, այդ թվում նաև մշակութային բաղադրիչներով։ Ծրագրի նպատակն է մշակութային, արվեստի և սոցիալական ինտեգրումը ամրապնդել հստակ և իրագործելի նպատակներով։ Հիմնական նպատակներն են ամրապնդել սոցիալական ինտեգրումը և ներառումը, վերացնել խոչընդոտները, կայուն աշխատանքային հնարավորություններ ստեղծել՝ բարձրացնելու համար ինքնագնահատականը և անկախությունը, բարձրացնել իրազեկվածությունը և խթանել համայնքի ներգրավումը, դառնալ կամուրջ հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության միջև և ապահովել որակյալ ուսուցում և մասնագիտական զարգացում, հմտությունների և կարիերայի աճ»,- նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Հենց «Ճախրուկ»-ները պատկերացնում են, որ սրճարանը նմանվելու է տան, որի նախատիպը լինելու է «Ճախրուկ» մշակութային կենտրոնը։ Ուրախ ենք կիսել մեր փորձառությունը և մաս կազմել այս կարևոր սոցիալական միջոցառմանը՝ ընդգծել է Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարարության ներկայացուցիչը։
«Քաղացիական հասարակության կազմակերպությունների կարևորությունը աշխարհի բոլոր երկրներում և հատկապես սոցիալական ոլորտներում գաղտնիք չէ։ Հետևաբար, Կատարի պետության զարգացման և առաջընթացի տեսլականում մեծ ուշադրություն է հատկացված քաղհասարակության ներկայացուցիչներին՝ հաշվի առնելով նրա կարևոր դերը սոցիալական ոլորտում։ Պետության դիրքորոշումն այս ռազմավարական ուղղության նկատմամբ լիովին արտացոլում է ՄԱԿ֊ի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթները: Մենք հաջողություն ենք մաղթում այս միջազգային համաժողովին և հույս ունենք, որ այն լավ խթան կհանդիսանա երկու երկրների կազմակերպությունների և հաստատությունների միջև փորձի փոխանակման, հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացման և հասարակության մեջ ինտեգրման գործում»,- ասել է Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարարության ներկայացուցիչ, «Նուր» կենտրոնի գործադիր տնօրեն Մեշալ Ալ-Նուայիմին:
Չափազանց կարևոր է տեսնել առկա խնդիրները և դրանք լուծել թիրախային միջոցառումներով ու գործիքներով՝ իր խոսքում նշել է մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը որոշել է իր ելույթում անդրադառնալ առկա խնդիրներին և դրանց լուծումներին։
«Մեր միջավայրն ընդհանուր առմամբ մատչելի և հասանելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց, ավելին, երբ խոսում ենք միջավայրի մատչելիության մասին, ամենահաճախ հասցեավորումը այն է, որ դե օրինակ շուտով կտեղադրվեն թեքահարթակներ կամ համանման որևէ գաղափար, սակայն սա խնդրի շատ փոքր հատվածն է լուծում, որովհետև մենք ունենք բազմաթիվ այլ առանձնահատկություններ ունեցող անձինք, օրինակ տեսողության խնդիրներ ունեցող անձինք, լսողության և մի շարք այլ խնդիրներ ու առանձնահատկություններ ունեցող անձինք, որոնց հետ կապված միջավայրի մատչելիության և հասանելիության վերաբերյալ շատ քիչ ենք խոսում, մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ մատչելիությունը անկախ և ինքնուրույն, լիարժեք կյանք վարելու համար կարևորագույն նախապայմաններից է և, ցավոք, այսօր մենք չունենք հաշմանդամություն ունեցող անձանց, տարբեր առանձնահատկություններ ունեցող անձանց համար ինքնուրույն և լիարժեք, անկախ կյանք վարելու այն ամբողջ միջավայրը, որը պիտի ունենայինք և առաջին հերթին դա ֆիզիկական մատչելիությանն է վերաբերում, որը շատ արագ պիտի հասցեավորվի»,- ընդգծել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Բազմաթիվ խնդիրներ կան նաև կրթական ոլորտում, շարունակել է Անահիտ Մանասյանը, և այդ խնդիրների լուծման առաջին քայլը պետք է լինի հասցեավորումը, բայց այս ամենին զուգահեռ պետք է շատ ավելի ակտիվանան ցանկացած քաղաքացու անհատական ջանքերը, հակառակ պարագայում առաջ քայլ չի լինի։
Քննարկումների ընթացքում նաև երաժշտական դադարներ էին լինում, բեմում առանձնահատկություններ ունեցող երիտասարդներն էին։
Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերելի պետական քաղաքականության մասին ներկաներին տեղեկություն է փոխանցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը, ներկայացրել նաև վիճակագրական տվյալներ։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչն էլ ներկայացրել է Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծախսերի գնահատման իրենց ուսումնասիրությունը։ Իրենց երկրի փորձով, վարվող պետական քաղաքականության առանձնահատկություններով ու իրենց ձեռքբերումներով կիսվել են Կատարի «Շաֆալլահ», «Մադա», «Նուր» կենտրոնների ներկայացուցիչները, պատասխանել են ներկանների հարցերին։
Միջոցառման երկրորդ մասն անցկացվել է պանելային քննարկումների ֆորմատով: Պետական ու քաղհասարակության սեկտորների ներկայացուցիչները քննարկել են խնդրահարույց տարբեր հարցեր՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների, գործիքակազմի, բարելավման կարիք ունեցող ոլորտների ու ընդհանուր մարտահրավերների հետ։
«Իմ քայլը» հիմնադրամ