«Ես իրավական առումով չեմ կարող դա ասել։ Ես բարոյական կողմն եմ նկարագրում։ Դա կապված է, մի շղթա է, որը չպետք է կտրվի։ Մնացած հարցերով թող բանիմացները, քաղաքագետները, իրավաբանները զբաղվեն»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի արցախցիների վերադարձը Արցախ։
Սրբազանը համամիտ չէ այն մարդկանց հետ, ովքեր Արցախի էջը համարում են փակված, իսկ Արցախի վերածննդի առաջին եւ միակ գրավականը նա համարում է արցախահայության վերադարձն Արցախի հանրապետություն։
«Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափած արյունն է։ Մենք բարոյական եւ իրավական որեւէ իրավունք չունենք ոչ միայն չսատարելու, այլեւ մեր մտքով անգամ չպիտի անցնի, որ Արցախի պետականությունը կարող է կասկածի տակ լինել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Արցախի նախագահը, ԱԺ ղեկավարները, պատգամավորները, Արցախի թեմի առաջնորդն այսօր՝ Արցախի անկախության օրը, վաղ առավոտյան այցելել էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի անկախության համար արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Ապառաժի»