Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարվա ընթացքում «հակամարտությամբ բեռնված» ոչ մի երկիր չի դարձել ԵՄ լիիրավ անդամ: Վերջին այդպիսի դեպքը Կիպրոսն էր. JAMnews

Սեպտեմբեր 02,2024 12:08

JAMnews. ԽՍՀՄ-ի փլուզումից և անկախություն ձեռք բերելուց հետո Մոլդովան և Ուկրաինան 33 տարի տարբեր արագությամբ շարժվել են դեպի Եվրոպա: Սակայն երբեք այնքան մոտ չեն եղել ԵՄ-ին անդամակցելուն, որքան հիմա: Որքան էլ պարադոքսալ է, որպես կատալիզատոր ծառայեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, որի նպատակն էր երկիրը զավթել և հետ պահել «դեպի Արևմուտք գնալուց»: Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ Մոլդովայում որպես նման «խարիսխ» է ծառայում Մերձդնեստրը՝ Ռուսաստանի վերահսկողության և ազդեցության տակ գտնվող տարածաշրջանը: Արդյո՞ք Մոլդովան և Ուկրաինան կկարողանան ԵՄ-ի աջակցությամբ նոր նախադեպ ստեղծել Եվրոպայում: Եվ արդյո՞ք երկու երկրների եվրոպական ապագան կդադարի լինել Մոսկվայի կողմից ստեղծված և սնուցվող հակամարտությունների պատանդը։

20 տարվա ընթացքում «հակամարտությամբ բեռնված» ոչ մի երկիր չի դարձել ԵՄ լիիրավ անդամ: Վերջին այդպիսի դեպքը Կիպրոսն էր: Սակայն կղզու ԵՄ-ին միանալը չօգնեց լուծել տարածքային խնդիրը: Դրանից հետո Բրյուսելում գրեթե երկու տասնամյակ մանտրայի նման ասել են՝ կիպրական նախադեպը այլևս չեն կրկնի:

Ամեն ինչ փոխվեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո: Արդեն 2022 թվականի մարտին Ուկրաինան և Մոլդովան ԵՄ անդամակցության հայտեր ներկայացրին, կարճ ժամկետում՝ նույն տարվա ամռանը, ստացան ԵՄ թեկնածուի կարգավիճակ, իսկ 2023 թվականի դեկտեմբերին սկսեցին անդամակցության բանակցությունները։ Պլանավորում են անդամակցության գործընթացն ավարտին հասցնել մինչև 2030 թվականը:

ՈւԶՈւ-ի հարձակումը Կուրսկի մարզում

Տրամաբանությունը պարզ է: Բրյուսելում հասկացան, որ տարածքային խնդիրների պատճառով Մոլդովայի և Ուկրաինայի ընդունումը արգելափակելով, ըստ էության, խրախուսում են Մոսկվայի պրակտիկան՝ ստեղծելու և սնուցելու այդպիսի հակամարտություններ, որոնք օգտագործվում են որպես լծակներ՝ երկրներին Ռուսաստանի վերահսկողության տակ պահելու համար:

Ավելի քան 30 տարի Մոլդովան և Ուկրաինան, ինչպես և Վրաստանը, Ռուսաստանի «պատանդներն» էին: Արդյո՞ք կհաջողվի Բրյուսելին, ինչպես նաև հենց Մոլդովային և Ուկրաինային Մոսկվային զրկել ճնշման լծակներից և Եվրոպայում ստեղծել նոր նախադեպ, այն է՝ ԵՄ կազմում ընդգրկել այնպիսի երկրներ, որոնք Մոսկվան համարում է իր ազդեցության և շահերի գոտի:

Մոլդովա. նոր Կիպրո՞ս

Արդյո՞ք Մոլդովան կկարողանա միանալ ԵՄ-ին իր վերահսկողության տակ չգտնվող Մերձդնեստրով: Սա մոլդովական եվրաինտեգրման գլխավոր հարցերից մեկն է: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Մոլդովայի ԱԳՆ նախկին ղեկավար Նիկու Պոպեսկուն ասում են, որ այո, կկարողանա: Բայց ոչ բոլորն են կիսում այդ լավատեսությունը:

2023 թվականի հունիսին մոլդովական Բուլբոակայում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովի ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը սենսացիոն հայտարարություն արեց այն մասին, որ Մոլդովան կարող է միանալ ԵՄ-ին նաև չլուծված տարածքային հակամարտությամբ՝ այնպես, ինչպես Կիպրոսը:

Այժմ Մոլդովան իր առջև նպատակ է դրել միանալ ԵՄ-ին մինչև 2030 թվականը: Շատ եվրոպացի քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ այս ժամկետը իրատեսական են համարում: Բայց սա ընդամենը ուղենիշ է: ԵՄ-ին անդամակցության իրական ժամկետները կախված են երկու բանից: Առաջին՝ որքան արագ Մոլդովան կհաղթահարի տեխնիկական տնային առաջադրանքը և կարգի կբերի իր օրենսդրությունը, կմաքրի արդարադատության համակարգը: Երկրորդ՝ արդյոք ԵՄ-ում կլինի՞ քաղաքական կամք՝ ընդունելու Մոլդովային և Ուկրաինային:

Գլխավոր հարցը մնում է երկրի տարածքում ռուս զինվորների առկայությունը: Առայժմ ոչ ոքի համար պարզ չէ, թե ներկայիս պայմաններում ինչպես է հնարավոր նրանց դուրս բերել տարածաշրջանից։ Ընդ որում, եթե Ուկրաինայում պատերազմը շարունակվի, Մերձդնեստրը կմնա անվտանգության սպառնալիք:

Մոլդովան հազիվ թե Կիպրոսի օրինակով միանա ԵՄ-ին՝ չփորձելով լուծել մերձդնեստրյան խնդիրը: Իհարկե, նույն Եվրամիության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի օգնությամբ:

Բայց առայժմ հայտնի չէ, թե ինչպես և ինչ պայմաններում դա տեղի կունենա՝ ուկրաինական պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ դրա ավարտից հետո: Հայտնի չէ՝ արդյոք այդ փորձը հաջողությամբ կպսակվի, թե կձախողվի, ինչպես Կիպրոսի դեպքում:

Հազիվ թե որևէ մեկը համարձակվի երաշխավորել, որ Մոլդովային անպայման կընդունեն ԵՄ, եթե կարգավորման պլանը ձախողվի՝ այնպես, ինչպես Կիպրոսում։ Բայց, ամենայն հավանականությամբ, Քիշնևը ստիպված կլինի փորձել կարգավորել հակամարտությունը, սկսել բանակցություններ և մշակել կարգավորման կենսունակ պլան: Եվ ոչ միայն ԵՄ-ին անդամակցելու համար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30