Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է իմացվել մահափորձի մասին

Սեպտեմբեր 02,2024 12:30

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթ նստավայր) դատավոր Ռ. Սմբատյանի օգոստոսի 5-ի որոշմամբ վերջապես բավարարվեց տուժող Վարդան Խառատյանի բողոքը, որը նա բերել էր ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Վ. Զարգարյանի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի եւ ՀՀ դատախազության Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ս. Խաչատրյանի՝ «Բողոքը մերժելու մասին» 2022 թ. մարտի 2-ի որոշումների դեմ:

4 տարի առաջ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել էր Արաբկիրի բաժին:

Քրեական գործով ներգրավված էին մեղադրյալ Մեսրոպ Սիմոնյանը եւ տուժող Վարդան Խառատյանը:

Տուժողը հայտնել էր, որ Սիմոնյանին այնքան է վստահել, որ Երեւանի Թավրիզյան փողոցի իր տան բանալիները տվել է նրան, երեք-չորս տարի Սիմոնյանը բնակվել է առանց վարձավճարի այդտեղ, ինքը լինելով երկքաղաքացի, բնակվել է հիմնականում Մոսկվայում, երբեմն-երբեմն վերադարձել Երեւան:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Վ. Զարգարյանը 2022 թ. փետրվարի 9-ին որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով: Նույն օրը, սակայն, նույն նախաքննական մարմինը որոշում է կայացնում նշված թիվ 14890220 քրեական գործով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 144 հոդվածով ներգրավել Սիմոնյանին որպես մեղադրյալ, խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի չորս հատորները ողողված են գործի նախաքննության ժամկետները երկարացնելու որոշումներով: Նախաքննության ընթացքում քննիչը 18 անգամ արտատպություններ անելով որոշումները, միջնորդություններ է ներկայացրել դատախազին, նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Այդ գործն էլ ուղարկվել էր դատարան, փաստացի հանձնվել դատավոր Դ.Արղամանյանին՝ 2023 թվականի հունվարի 30-ին:

Սիմոնյանը եւ Խառատյանը միասին ստեղծել են փայտամշակման արհեստանոց, նպատակ ունեցել փայտ չորացնել, եվրաստանդարտի բերել, վաճառել, շահույթ ստանալ:

Սիմոնյանն ասել է, թե Չինաստանում կապեր ունի, կարող են իրենց օգտակար լինել, իսկ Խառատյանն առձեռն նրան կանխավճար է տվել 15 000 դոլարի չափով, Չինաստան փոխանցելու համար: Խառատյանը գտնվելով ԱՄՆ-ում, ստանում է Սիմոնյանի զանգը, որ 7000 դոլար գումարը դրվել է բիթքոինի՝ էլեկտրական արժույթի մեջ, որին չի համաձայնվել Խառատյանը, պահանջելով գումարը հանել, վերադարձնել: Ամիսներ հետո վերադառնալով Հայաստան, Խառատյանը պարզում է, որ բանկով միայն 1800 դոլարն է իրեն փոխանցվել, իսկ մնացածը Սիմոնյանը մնում է պարտք…

Ըստ տուժողի՝ 2020 թվին Սիմոնյանն ասում է, որ սարքավորումները պատրաստ են, Չինաստանից պետք է գա, դրա համար Սիմոնյանին տալիս է 30 000 դոլար, սակայն դա էլ չի փոխանցվում Չինաստան…

Տուժող Վարդան Խառատյանը հայտնել էր, որ իր նկատմամբ կատարվել է մահափորձ. «Սիմոնյանը ինձ պարտքեր ուներ: 2020 թվականի հունիսն էր, եկավ իմ տուն, ներկայացրեց պարտքերին վերաբերող փաստաթղթեր, որն իմ կողմից փոխանցվել է հետագայում քննիչին: Նա իր ձեռագրով կազմել էր պարտքերի ցուցակը, ասաց՝ որ սարքերը մաս -մաս կարող է վերադարձնի: Ինձ անհրաժեշտ էր իմանալ այդ մասին, հետագա ներդրում կատարելու եւ փայտի արտադրության սարքավորումները եւ այլ ծախսերը կազմակերպելու համար: Սիմոնյանը տանս մեջ գազը բաց թողնելուց հետո իր առաջարկությամբ գրեց փոխառության պայմանագիր, 56 850 դոլարի պարտքը ինձ վերադարձնելու մասին, խնդրեց՝ գումարներդ կվերադարձնեմ, միայն ոստիկանություն չդիմես»:

Ինչպես է իմացվում մահափորձի մասին:

Վարդան Խառատյանի երկհարկանի տան առաջին հարկում է գտնվում խոհանոցը, որտեղ տեղադրված է գազօջախը: Նա ցուցմունք էր տվել, որ 2020 թվականի մայիսին Մեսրոպն այցելում է իրեն, մինչեւ ուշ գիշեր տան նախամուտքի բակում երկար զրուցում, ապա Մեսրոպը բջջային հեռախոսը վերցնելու պատրվակով մտնում է խոհանոց, դուրս գալով՝ տաքսի մեքենայով հեռանում է…

Նրա գնալուց հետո Վարդանը պառկում է խոհանոցի դիմաց՝ հյուրասենյակի բազմոցին, փորձում է քնել, չի ստացվում, բացելով խոհանոցի դռները, ուժեղ գազի հոտ է զգացել, մթության մեջ նկատել, որ գազօջախի վահանակներից մեկը գտնվում է բաց վիճակում, գազն անարգել տնով մեկ տարածվում է…Վահանակը փակելուց հետո օդամղիչ սարքը գործարկելու, պատուհանները բացելու միջոցով օդափոխում է տարածքը, ապա հիշում, որ այդ օրը Մեսրոպի հետ երկար բակում նստելիս սուրճ չի պատրաստել, գազօջախից չի օգտվել, ներս չի մտել:

Հետագայում իրեն են փոխանցվում ձայնագրություններ, որով Սիմոնյանի մտադրությունը պարզվում է. Սիմոնյանն ինչ-որ մեկին, որն առանցքային վկան էր, ասել էր, թե գազը բաց թողնելով, ուզում է տունը Վարդանի հետ պայթեցնել…

Մի դրվագով, տուժողը նշել էր, որ երբ վերադարձել է Մոսկվայից, տեսել է, որ ննջասենյակից բացակայում է երկու կարատ ադամանդե քարերով կանացի ոսկյա մատանին: Մինչ այդ գողացվել էր մեկ այլ մատանի, որը նույն Սիմոնյանից գողացել են, բռնվել, եւ այդ մատանու գողության համար դատական գործընթաց է տեղի ունեցել, դատապարտվել էր գողից գողացողը:

Նախաքննության ժամանակ, իհարկե, Սիմոնյանը ցուցմունք էր տվել, թե մատանին իրեն Վարդանն է տվել վաճառելու համար, սակայն այն իր մոտից գողացել են…

Օգոստոսի 5-ի որոշմամբ դատարանն արձանագրել էր. «Այդ դրվագով նույնպես բավարար քննություն չի տարվել, չի պարզվել՝ նրանցից ով է ստում»: Նշեմ, որ ըստ գործի նյութերի, այս երկուսի միջեւ առերես հարցաքննության ժամանակ Խառատյանը պնդել է իր տեսածը, որ ննջարանում եղած մատանին չկա, որ այն գողացել է Սիմոնյանը, իսկ վերջինս, ըստ դատարանի՝ «այդ դրվագով ցուցմունք չի տվել: Իսկ քննիչը ոչ միայն հարցադրում չի կատարել, այլեւ քրեադատավարական օրենքի պահանջները խախտելով, արգելել է տուժողի ներկայացուցչին առերեսվող կողմին հարցեր տալ»:

Այսինքն, 1 350 000 ՀՀ դրամ արժողության մատանու դրվագն անտեսվել է, թերի քննության հետեւանքով քրեական հետապնդումը դադարեցվել է, չհիմնավորված որոշմամբ:

Այս տարվա մարտի 26-ին, մայիսի 10-ին, հունիսի 14-ին Սիմոնյանին ծանուցագրեր են ուղարկվել դատական նիստերի անցկացման վերաբերյալ, սակայն դրանք վերադարձվել են դատարան «չի պահանջվել» նշումով: Գրություն է ուղարկվել ՆԳ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, Սիմոնյանի գտնվելու վայրը պարզելու, հուլիսի 3-ի նիստին, օգոստոսի 5-ի նիստին ներկա գտնվելուն պարտավորեցնելու մասին: Ապարդյուն:

Ըստ դատարանի՝ «Նախաքննական մարմինը չի գործադրել պատշաճ ջանասիրություն, քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով, ինչպես նաեւ պատշաճ գնահատման չի ենթարկել գործով արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալները, չի համադրել դրանք միմյանց հետ, ենթադրյալ դեպքերի իրական պատկերը պարզելու նպատակով, որի արդյունքում եկել է անհիմն եզրահանգման»:

Անդրադառնալով մատանիների մասին տուժողի հայտնածին, դատարանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ քննիչի ձեռքի տակ եղել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից արտատպված, քրեական գործին կցված մատանին գողացողի դատավճիռը, մեկ այլ անձի, ով գողություն կատարած Սիմոնյանից գողացել էր մատանի, դրա համար դատապարտվել. «Քննիչը սահմանափակվել է կատարված քննչական գործողություններով եւ արձանագրել, որ նշված դրվագով Խառատյանի ցուցմունքներից զատ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել»:

Դատարանը օգոստոսի 5-ի որոշմամբ որոշել է՝ պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել տուժողի իրավունքների խախտումը:

Այս գործով դատախազները հսկողություն են իրականացրել, սակայն տուժողի՝ հանցագործության մասին հաղորդումները, որոնք նա ուղարկել է գլխավոր դատախազին, նրանք պատշաճ իրավական վարք չեն դրսեւորել, հենվել են միայն կեղծ թղթաբանության եւ ենթադրյալ գնահատականների վրա, որին մենք կանդրադառնանք մեր առաջիկա համարներից մեկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30