Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է Արցախի հանրապետության լուծարման հրամանագիրը․ Սամվել Շահրամանյան

Սեպտեմբեր 02,2024 11:26

«Ես տեղյակ չեմ, թե ի՞նչ փաթեթներ է ներկայացված Հայաստանի կառավարությանը եւ ում կողմից։ Մենք տարբերակներ չենք քննարկել եւ որեւիցե առաջարկ չենք ներկայացրել Հայաստանի կառավարությանը։ Դա մեր իրավունքն է՝ վերադարձը եւ այն չի կարող խոչընդոտել եւ հակասել Հայաստանի պետական շահերին»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն անիրատեսական է համարում Արցախ վերադառնալու հետ կապված այն պատկերացումը, որը որ դուք ունեք․ ինչո՞ւ։

Լրագրողները հիշեցրեցին՝ իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը կրկին մեղադրեց Սամվել Շահրամանյանին՝ Արցախի հանրապետության լուծարման փաստաթուղթը ստորագրելու մեջ։

Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ տեղահանվելով ՀՀ՝ իրենք մեկ առաջնահերթություն են որդեգրել եւ Արցախի հանրապետության բոլոր պաշտոնյաները տեղեկացվել են այդ մասին․ «Մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի անվտանգությունը, սա ևս մեր հայրենիքի հիմնական մասն է եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որը հիմա իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից եւ չվնասենք անվտանգային համակարգին։ Սակայն, մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է այդ հարցը՝ կապված Արցախի լուծարման հետ։ Առաջինը՝ դա սուտ թեզ է եւ այդ փաստաթուղթը, որը մենք ստիպված ենք եղել ստորագրել, հնարավորություն է տվել ապահովել խաղաղ բնակչության անվտանգ տեղափոխումը ՀՀ։ Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ ԶՈՒ-ն է տեղափոխվել՝ նախարարից մինչեւ զինվոր, ԶՈՒ պաշտոնյաներ։ Ցավոք, մենք ունեցել ենք նաեւ կենդանի պատանդներ՝ ի դեմս մեր ռազմաքաղաքական ղեկավարության»։

Ինչ վերաբերվում է Արցախի լուծարման իր հրամանագրին, Սամվել Շահրամանյանն ասաց՝ սկզբից էլ տեղյակ էին, որ այն հակասահմանադրական է, հակաօրինական է․ «Այդ փաստաթուղթը չի ստացել իրավական ուժ, այն պաշտոնապես չի հրապարակվել, չի տեղադրվել իրավական համակարգում, որից հետո փաստաթուղթը կարելի է համարել նորմատիվ ակտ»։ Արցախի նախագահի խոսքով, Արցախի բնակչությունը չի ցանկացել ինտեգրվել Ադրբեջանին, բնակվել Ադրբեջանի լծի տակ, ուստի միահամուռ որոշում է կայացրել՝ լքել Արցախը․ «Ես գրավոր տեղեկացրել եմ ՀՀ վարչապետին այդ որոշման մասին՝ իր կից փաստաթղթերով եւ այսօր խոսել այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին, անիմաստ է եւ չի համապատասխանում իրականությանը»։

Թե ի՞նչ պատասխան է ստացել այդ ժամանակ ՀՀ իշխանությունից, Սամվել Շահրամանյանը չասաց։ Այս թեմայի վերաբերյալ, նա խնդրեց այլ հարցեր չտալ։

Իսկ թե ինչպե՞ս է ինքը պատկերացնում Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը, երբ ՀՀ իշխանությունը պետք է բանակցի, բայց վերջինս հրաժարվում է Արցախի հարցից՝ ասելով, թե այն արծարծելը հակասում է ՀՀ շահերին։

«Արցախի ժողովրդի անունից մշտապես, առնվազն վերջին տասնամյակների ընթացքում, բանակցել են ՀՀ իշխանությունները եւ մենք համարում ենք, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ևս ՀՀ իշխանության խնդիրն է։ Մենք պատրաստ ենք այդ հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ»,- պատասխանեց Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն արցախցիների իրավունքները պաշտպանելու, այդ թվում նաեւ՝ միջազգային հարթակներում։

Արցախի նախագահը նաեւ հավելեց՝ իրենք պատրաստ են տարբեր ձեւաչափով հանդիպումների եւ բանակցությունների, այդ թվում նաեւ Ադրբեջանի իշխանության հետ ուղիղ բանակցությունների․ «Կարեւոր է, որպեսզի դրված լինի եւ ձեւակերպված լինի ճիշտ խնդիր եւ ձեւաչափ։ Ես ասացի՝ մենք պատրաստ ենք ՀՀ տարբեր կառույցների հետ համագործակցել»։

Հիշեցնենք, Արցախցի նախագահը, ԱԺ ղեկավարները, պատգամավորները, Արցախի թեմի առաջնորդն այսօր՝ Արցախի անկախության օրը, վաղ առավոտյան այցելել էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի անկախության համար արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30