Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը 2020 եւ 2024 թվականներին ՀՀ տարածքներն առանց իրավական հիմքի հանձնել են թուրքերին»

Սեպտեմբեր 02,2024 13:00

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրվել է։ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ «կողմերը պայմանավորվել են, որ կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը եւ շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը»։ Արդյոք սա ենթադրո՞ւմ է, որ առաջիկայում նոր տարածքներ կարող են հանձնվել Ադրբեջանին։

-Դա նշանակում է, որ այն տարածքները, որոնք գտնվում էին Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո, Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունն առանց իրավական հիմքի, այսինքն՝ ապօրինաբար 2020 թվականի դեկտեմբերին եւ 2024 թվականի ապրիլին հանձնել են թուրքերին։ Դեռեւս այս տարվա փետրվար ամսին Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ երկու հանձնաժողովներն աշխատում են սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգի վրա, որը պետք է ներկայացվի Ազգային ժողով եւ ստանա օրինական հիմք։ Սակայն, շրջանցելով դա, կուրորեն եւ ստրկաբարո ենթարկվելով Ադրբեջանի հրամաններին, իշխանությունները Կիրանցի հատվածում տարածք են հանձնել թշնամիներին։ 2020 թվականի դեկտեմբերին դարձյալ առանց իրավական հիմքի, ստրկամտորեն ենթարկվելով թուրքերի պահանջին, Շուռնուխի մի մասը տվել են ադրբեջանցիներին։ Այսպիսով, առանց որեւէ իրավական հիմքի Նիկոլ Փաշինյանը Հայաստանից դեպի Իրան եւ Հայաստանից դեպի Վրաստան տանող ճանապարհներն ապօրիանաբար դարձրել է խոցելի թշնամու առաջ։

-Հիմա այս փաստաթղթով փորձում են իրավական հի՞մք ստեղծել։ Ըստ ԱԳՆ-ի՝ կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, եւ այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝  ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար։

-Այո, սրանով փորձում են իրավական հիմք ստեղծել, կներկայացնեն Սահմանադրական դատարան։ Հաշվի առնելով ՍԴ վերջերս կայացրած վճիռների ու որոշումների օրինաչափությունը, կարծում եմ, այս որոշումն էլ հեզասահ կանցնի ՍԴ-ում, կգա Ազգային ժողով։ Մեր դիրքորոշումը կախված կլինի նրանից, թե ինչ է այդ փաստաթղթի մեջ գրված։ Բայց դա չի նշանակում, որ երկու երկրների միջեւ սահմանները չպետք է գծված ու զատված լինեն։ Ի սկզբանե սա ասում եմ, որ հանկարծ որեւէ մեկը մեզ չմեղադրի, թե մենք դեմ ենք սահմանազատմանն ու սահմանագծմանը։ Ոչ, մենք դեմ չենք, մենք դեմ ենք կապիտուլյացիային, որին այս իշխանությունները ենթարկվել են եւ դա քողարկում են սահմանազատում եւ սահմանագծում բառերի հետեւում։

– Դատելով նրանից, որ ԱԳՆ-ն հղում է անում 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը, կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկակում այսպես կոչված «անկալվների» հարցին են անդրադառնալու։

-Ընդհանրապես չեմ կասկածում, որ հաջորդ զիջումը դա է լինելու։ Ուղղակի իրենք մոռացան ասել, որ այդ փաստաթուղթը պետք է համաձայնեցված լիներ մինչեւ հուլիսի մեկը։ Եվ նաեւ մոռացան ասել, որ իրենք դեռեւս 2021 թվականին սահմանազատում եւ սահմանագծում ասելով՝ լրիվ այլ գործընթաց էին նկարագրում, քան այն, ինչ տեղի է ունեցել Կիրանցում։ Բայց այս իշխանությունների քաղաքականությանը ծանոթ լինելով, որեւէ ակնկալիք ու իլյուզիա չունեմ, որ դա Հայաստանի շահերից բխող փաստաթուղթ ու կանոնակարգ է լինելու։

-Դուք ասացիք, որ խորհրդարանական ընդդիմության վարքագիծը կախված կլինի այդ փաստաթղթի բովանդակությունից։ Ո՞ր դեպքում ընդդիմությունը կարող է կողմ քվեարկել դրա վավերացմանը։

-Այն դեպքում, եթե դրան նախորդի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իմ անձնական մոտեցումն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին վեց տարիների քաղաքականությունը որեւէ դրական հետեւանքի չի բերել։ Եվ ես կասկածում եմ, որ այս փաստաթուղթը կլինի բացառություն։ Բայցեւայնպես, սատանան մանրուքների մեջ է, տեսնենք ինչ կա այդ թղթի մեջ, այնուհետեւ ավելի կոնկրետ կխոսենք։

-Ադրբեջանը շտապո՞ւմ է Հայաստանի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրել։

-Ոչ, չեմ կարծում։ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը կայուն է՝ գրպանային ընդդիմություն, Ալիեւն անում է այն, ինչ ցանկանում է։ Հակառակը, կարող է Փաշինյանն է շտապում, որովհետեւ ինքը եկել է իշխանության՝ խոստանալով խաղաղություն, բայց խաղաղության փոխարեն բերել է կորուստ, մահեր, տարածքային կորուստներ։ Հիմա իրեն պետք է մի թղթի կտոր, որ ինքն ասի՝ սա դեպի խաղաղություն տանող ճանապարհ է։ Այնպես որ, Փաշինյանն է շտապում։ Եվ նաեւ ես չեմ զարմանա, որ Փաշինյանն ամեն ինչ անի, որպեսզի մի թղթի կտոր ստորագրվի, անունն ինչ ուզում եք դրեք, բայց որ ինքը կարողանա թափ տալ ու ասել՝ տեսեք, սա խաղաղությունն է, ես ձեզ ինչ խոստանում եմ, անում եմ, իհարկե, մոլորեցնելով հանրությանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30