Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոչ ոք, ու ոչինչ երբեք չի կարող հիմնավորել կամ արդարացնել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացումն ու մեր հայրենակիցների Արցախ չվերադառնալը. Ստեփան Հասան-Ջալալյան

Սեպտեմբեր 02,2024 10:30

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 33-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 33 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:

Հիմնվելով Արցախի դարավոր պետականության հարուստ ավանդույթների վրա՝ արցախահայությունը լծվել է պետական շինարարության խիստ պատասխանատու և պատվաբեր գործի իրականացմանը:

Այդ քրտնաջան աշխատանքի արդյունքում արցախահայությունը կառուցել է աշխարհի բազմաթիվ երկրների համար ընդհանրապես, հարավկովկասյան տարածաշրջանի երկրների համար, մասնավորապես օրինակելի պետություն, որը լիարժեքորեն բավարարել է 1933թ. դեկտեմբերի 26-ին Մոնտեվիդեոյում ընդունված «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիայով պետությանը ներկայացվող բոլոր չափանիշներին:

2020թ. սեպտեմբերի 27-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների օգնությամբ երրորդ անգամ հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և մինչև նույն թվականի նոյեմբերի 9-ը տևած 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի ևս, մոտավորապես, 75%-ը:
2023թ. սեպտեմբերի 19-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին» հայտարարությունը, չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:

Հայ ժողովրդի՝ պետության և ազգի վաղվա օրվա նկատմամբ մտահոգություն ունեցող, Արցախն արժեք համարող հատվածն այսօր տխուր է, քանզի հազարամյակների հայկական արմատներ ունեցող Արցախն օկուպացված է, իսկ նրա բնիկ տեր հայությունը՝ ցեղասպանված ու վտարված իր հողից:

Ամեն օր ու վայրկյան մենք պիտի մտածենք Արցախի Հանրապետության դեօկուպացիայի և մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով ու կարգավիճակով Արցախ վերադարձի մասին: Մտածելու հետ միաժամանակ յուրաքանչյուրս մեր տեղում պիտի անենք քայլեր ուղղված այդ նպատակին հասնելուն:

Եվ որպես դրան հասնելու առաջին քայլ համազգային ուժերի գերլարմամբ մենք պիտի հասնենք Արցախն օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն:

Նկատի առնելով 1918թ. մայիսի 28-ին հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա Ադրբեջան անունով կեղծ կազմավորման ի հայտ գալուց հետո Արցախի և Հայաստանի հետ Ադրբեջանի ունեցած փոխհարաբերությունների ողջ պատմությունը՝ անվարան կարող ենք պնդել, որ Արցախի Հանրապետության դեօկուպացիան հնարավոր է միայն ուժային ճանապարհով:

Ադրբեջանին պետք է մատնել ջախջախիչ պարտության և պարտադրել նրան ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Ադրբեջանա-արցախյան հակամարտությունը չի կարգավորվել: Այս մասին փաստում են նաև Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից համապատասխանաբար 2022թ. փետրվարի 17-ին, հունիսի 8-ին և 2023թ. հոկտեմբերի 12-ին ընդունված բանաձևերը:

Ոչ ոք, ու ոչինչ երբեք չի կարող հիմնավորել, կամ արդարացնել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացումն ու մեր հայրենակիցների Արցախ չվերադառնալը:

Մենք կարող ենք և պետք է ազատագրենք Արցախը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ                                                                                           

քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30