Ընդդիմադիր հայացքներով հայտնի երկու դասախոսներ իրենց ֆեյսբուքյան էջերում տեղեկացրել են, որ նոր ուսումնական տարում սահմանափակվել է Երեւանի պետական համալսարանում դասավանդելու իրենց հնարավորությունը:
«Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյան. «Բոլոր հարցերի պատասխանը կրթության մեջ է։ Որակյալ, արդիական ու արժեքահենք կրթությամբ միայն կարող ենք ձգտել ու հասնել մեր գերագույն արժեքին՝ հարատև ազգային պետությանը։ Շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթում սեր, եռանդ, աշխատասիրություն։
Ցավով տեղեկացնում եմ նաև, որ 16 տարի դասավանդելուց հետո այս տարի առաջին անգամ զրկվել եմ Մայր բուհում դասավանդելու հնարավորությունից։ ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը հրաժարվել է ինձ հետ կնքել աշխատանքային նոր պայմանագիր և ազատել է ինձ աշխատանքից․ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ ես չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն․ իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից։ Այդ ամենը տեղի է ունեցել հապճեպ, առանց ինձ հետ քննարկելու, անգամ առանց ինձ տեղեկացնելու։
Ես համարում եմ, որ տեղի է ունեցել անարդարություն, ուստի հայտարարում եմ, որ չեմ համակերպվելու։ Մայր բուհն իմ ինքնության առանցքներից մեկն է։ Ես պայքարելու եմ որակյալ, արդիական և արժեքահենք կրթություն ու հետազոտություն ապահովող ԵՊՀ ունենալու համար։
Կարդացեք նաև
Եվ ես վերադառնալու եմ․․․»:
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյան. «Այս տարի մայր բուհի դռները կիսով չափ փակվել են իմ առջև, և առանց որևէ հոդաբաշխ խոսքի կամ բացատրության, ինձ զրկել են քաղաքագիտության 1-ին և հանրային կառավարման 3-րդ կուրսում դասավանդման հնարավորությունից։
Շնորհավորում եմ ԵՊՀ հատկապես այս բաժինների ուսանողներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Չնայած իմ շատ սիրելի համալսարանը փորձում են վերածել «ժողովրդավարության ծովի» ամբողջատիրական կղզյակի, որտեղ խրախուսվում է կոմֆորմիզմն ու հարմարվողականությունը, և ընդհակառակը` հալածվում է ազատ խոսքն ու սահմանափակվում է ակադեմիական ազատությունը, ես էլ որոշել եմ էլ ավելի շատ հրապարակային բարձրաձայնել ազատ խոսքի իմ իրավունքը»: