Երևանցի Վաչիկ Պետրոյանին, լոռեցի Սամսոն Արամյանին և գյումրեցի Ֆերդինանտ Խաչատրյանին միավորում է այն, որ նրանք կորցրել են իրենց որդիներին, Ֆերդինանտ Խաչատրյանը՝ իր թոռնիկին։ Նրանց երեքի զավակներն էլ մահացել են ՀՀ Զինված ուժերում՝ խաղաղ պայմաններում։ Aravot.am-ի հետ զրույցում նրանք բոլորն էլ նշեցին, որ խորը ցավ են ապրում նաև, որ մինչև այժմ իրենց որդիներին սպանողներն ազատության մեջ են, պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ իրենք չեն գտել արդարադատություն։
Ասկերանի զորամասում 2020-ի մայիսի 19-ին մահացած զինծառայող Հենրիկ Արամյանի հոր՝ Սամսոն Արամյանի հիմնական գործը վերջին տարիներին Գուգարքից Գորիս գնալն էր՝ որդու գործով դատական նիստերին մասնակցությունը։ Որդու՝ խնամքով պահված բոլոր մեդալներն ու պարգևները հերթով ցույց տալով մեզ ասաց՝ երբեք չէր էլ կարող պատկերացնել, որ դատավորը կորոշի նվազագույն պատիժ սահմանել իր որդուն սպանած անձի նկատմամբ՝ դատախազի պահանջած 14 տարուց պատժաչափն իջեցնել 8-9 տարվա ազատազրկման։
Դատարանը հուլիսի 4-ին է այս որոշումը կայացրել։ Լուրը ստանալուց հետո Սամսոն Արամյանն իր տեղը չի գտնում։ Վստահեցրեց՝ ամեն քայլի դիմելու է արդարադատության հասնելու համար։ Որդուն կորցրած ծնողը, որի միակ մխիթարանքն ինչ-որ չափով կարող էր լինել որդու սպանության գործով արդարադատության հասնելը, կրկին հարված է ստացել․ «Արդար դատաքննության մասին ո՞նց կարող է խոսք լինել։ Վստահեցի արդարադատությանը, մեր երկրին, բայց․․․․զինվորը սահմանին կանգնած թուրքի դեմը հենց նույն դատավորին, դատախազին, ինձ, Ձեզ, բոլորիս էր պաշտպանում․․․Էս էրեխու արյունը ճիշտ դատավարությամբ կատարվելու է, ուղղակի ուզում եմ՝ պետությունն անի։ Դատախազ Սերգեյ Խաչատրյանն ասաց՝ անմիջապես գնալու է Վերաքննիչ ու Վճռաբեկ։ Մենք էլ ենք դիմելու Վերաքննիչ, Վճռաբեկ դատարան, եթե կարիք լինի նաև Եվրոպական դատարան։ Ոչ մի բան չեմ խնայելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Իջեւանի զորամասում 2016-ի ապրիլի 25-ին հրազենային մահացու վիրավորումից մահացած շարքային Հովհաննես Պետրոսյանի ծնողներն ու քույրն իրենց օրը սկսում են Հովհաննեսի հետ՝ նրա փոքրիկ անկյունում, որտեղ Հովհաննեսի նկարներն ու պարգևներն են։
Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննեսի հայրը՝ Վաչիկը տեղեկացրեց՝ որդու մահվան գործի քննությունը կասեցվել է․ չգիտեն՝ ինչ պատճառներով։ Ծնողներն այդպես էլ չեն հասել արդար դատաքննության, և շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չեն ստացել։ Ստիպված Հովհաննեսի հայրն ինքնուրույն է սկսել «քննություն տանել», փորփրել այդ զորամասի արխիվները, գտել նույնատիպ գործ, որ նույն զորամասում անհասկանալի կերպով էլի է երեխա մահացել։
Տարիներ շարունակ ծնողներն ապրում են իրենց համար այդպես էլ անպատասխան մնացած հարցերով՝ ինչո՞ւ իրենց որդու հերթապահությունը ժամանակին չէին փոխել, ինչո՞ւ Հովհաննեսին՝ 3 ամսվա զինծառայող լինելով, արդեն 15 օրով դիրքեր էին տարել։ Դեպքն էլ տեղի է ունեցել հենց դիրքերում՝ նրա հերթապահության ժամանակ: Ինչո՞ւ են իրենց որդուն զենք տվել, եթե նա զենքի թույլտվություն չի ունեցել։ Ինչպե՞ս էր զորամասից 60 հազար դոլարանոց սարքն անհետացել, ինչո՞ւ գործի նյութերում չկա այն հանգամանքը, որ այդ զորամասից թմրանյութ են գտել և այլն ու այսպես բազում հարցեր։
Ծնողների համար կասկածելի հանգամանք է նաև այն, որ իրենց որդու անմիջական հրամանատարը ավտովթարից մահացավ, հրամանատարներից մյուսն էլ ՌԴ է գնացել, հետո տեղեկացել են՝ այժմ զորամասն ընդհանրապես չկա։
Հովհաննեսի հայրը նաև հույսեր չի կապում ՄԻԵԴ-ի հետ՝ նշելով՝ ի՞նչ սպասելիք․ իմ երեխային հո հետ չե՞ն բերելու։
2018-ի մայիսի 22-ին Սիսիանի գնդում խաղաղ պայմաններում մահացած 1998-ին ծնված շարքային Մարտին Խաչատրյանի պապիկը՝ Ֆերդինանտը, հիասթափված է։ Մեզ հետ զրույցում նշեց․ «Գործը քնեցրին ու մնաց»։ Ասաց՝ սկսած ՀՀ նախագահից նամակներ է գրել, բայց այդպես էլ պատասխան չի ստացել, գործն էլ դատարան չի մտել․ «Հինգ տարի բողոքեցի տարբեր տեղեր, բայց ոչ մի հարցի պատասխան չստացա։ Ոնց որ բոլորը, ես էլ արդեն հիասթափվեցի։ Չեն բացահայտի, հո զոռո՞վ չէ»։
2010-ից ի վեր ՀՀ Զինված ուժերում ըստ տարիների ավելի շատ մահվան դեպքեր են գրանցվում խաղաղ պայմաններում, քան մարտական՝ բացառությամբ պատերազմական գործողությունների տարիները։ Ավելին, խաղաղ պայմաններում զինծառայողների մահացության թիվը 2020-ից ի վեր աճում է։
2024-ի 1-ին կիսամյակում ՀՀ Զինված ուժերում գրանցվել է մահացության 19 դեպք, որից 4-ը հրադադարի ռեժիմի խախտման պատճառով, 15-ը՝ ոչ մարտական պայմաններում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց․ «2010-2024-ի ընթացքում արձանագրել ենք 1000-ից ավելի զինծառայողների մահվան դեպքեր։ Եթե հանենք զուտ պատերազմական գործողությունների հետևանքով մահվան դեպքերը, շատ մեծ թիվ են կազմում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Տարվա ընթացքում միջինն ունենում ենք 50+ դեպքեր։ Մեր դիտարկած բոլոր տարիներին՝ 2010-ից ի վեր մահվան 1000-ից ավելի դեպքերի 70%-ից ավելին մեծամասնությունը ոչ մարտական պայմաններում են, ինչը մտահոգիչ է՝ հատկապես այն դեպքերը, որոնք տեղի են ունենում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով․ սպանություններ, ինքնասպանություններ, երբեմն լինում են նաև զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով դեպքեր»։
Փաստաբանները դժգոհում են խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերի քննության անարդյունավետությունից, Քննչական կոմիտեից պնդում են՝ այս գործերը հանձնարարում են փորձառու քննիչների։
Ըստ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի՝ եթե մենք այսօր տեղի ունեցող դեպքերի գոնե մեկ տոկոսում չենք արձանագրում այս նպատակի իրականացում իրավունքի տեսանկյունից, պետք է ասենք, որ քննության արդյունավետությունը հավասար է զրոյի․ «Վերջին մի քանի ամսվա ընթացքում ունենք ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճիռներ՝ ընդդեմ ՀՀ-ի հենց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավունքների պաշտպանության շրջանակներում, որոնցով բոլորով արձանագրվել է և′ նյութական իրավունքի խախտում այսինքն՝ արձանագրվում է, որ պետությունը խախտում է կյանքի իրավունքը, և′ բոլոր գործերում Եվրոպական դատարանն իր վերլուծության մեջ նշում է, որ չեն իրականացվել քննչական և դատավարական այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեին բացահայտելու տեղի ունեցածը․ արդյունավետ քննություն չի եղել, այսինքն՝ պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերվել, որպեսզի հասնի նրան, որ բացահայտվի տեղի ունեցածը»։
Ցավոք, ներպետական գործընթացները տևում են տարիներ, ԵԴ-ում գումարվում է 5-7 տարի և, փաստորեն, միջինացված դեպքերի կատարումից մինչև վճռի կատարման փուլը՝ 15 տարվա ընթացքում կարող են շատ ապացույցներ վերացած լինել կամ գոյություն ունեցող ապացույցները կորցնել իրենց ապացուցողական նշանակությունը՝ այլևս պիտանի չլինեն որոշակի փաստական հանգամանքներ հաստատելու և հերքելու համար։ Այսինքն՝ գործերը կարող են օբյեկտիվորեն մտնել փակուղի, և հնարավոր չլինի հայտնաբերել հանցագործներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ծնողների և փաստաբանների մտահոգություններին ի պատասխան ՀՀ Քննչական կոմիտեից Aravot.am-ին վստահեցնում են՝ մահվան դեպքով որևէ քրեական վարույթ չի «քնեցվում», այլ հակառակը, կատարվում են բոլոր անհրաժեշտ հնարավոր ապացուցողական և վարութային այլ գործողությունները, պարզելու հնարավոր ենթադրյալ հանցանք կատարած անձին կամ անձանց։
ՀՀ Քննչական կոմիտեի Վերահսկողության վարչության պետ Հ․ Հարոյանը գրավոր պատասխանում նշել է․ «2018թ-ից մինչև 2024թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան 221 դեպք։ Նշված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ /հարուցվել են քրեական գործեր/, որոնցով իրականացվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Նշված 221 վարույթներից 55-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 68-ը կարճվել է, 49-ը կասեցվել /պասիվացվել/ են, որոնց գերակշիռ մասը հակառակորդի կողմից կատարված սպանություններն են, 2-ն ուղարկվել է ըստ ենթակայության, 47-ով նախաքննությունը շարունակվում է»։
Ինչ վերաբերում է 2018-ից առաջ տեղի ունեցած մահվան դեպքերով նախաքննությանն առնչվող վիճակագրական տվյալներին, ապա Քննչական կոմիտեից պարզաբանել են՝ Կոմիտեն ձևավորվել է 2014-ի հոկտեմբերին, իսկ վերոնշյալ՝ միասնական մեթոդաբանությամբ տվյալների մշակումն ու հրապարակումն իրականացվում է 2018-ից սկսված։
Ըստ Քննչական կոմիտեի պարզաբանման՝ Հովհաննես Պետրոսյանի և Մարտին Խաչատրյանի գործերով «քրեական վարույթը վերսկսվել է և համապատասխան հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին»։ Այս գործերի վարույթը վերսկսվել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 483-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով համաձայն որի՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կասեցված քրեական գործերով վարույթները մեկ տարվա ընթացքում քննիչի կամ դատարանի որոշմամբ վերսկսվում են․ «Հարկ է նշել, որ ինչպես վերը նշված, այնպես էլ մնացած մահվան դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննության կատարումը հանձնարարվում է առավել պատրաստված և փորձառու քննիչի կամ քննիչների խմբի ու մշտապես գտնվում է քննչական ստորաբաժանման, ինչպես նաև վերադաս ղեկավարի խիստ վերահսկողության ներքո, ուստի մահվան դեպքով որևէ քրեական վարույթ չի «քնեցվում», այլ հակառակը կատարվում են բոլոր անհրաժեշտ հնարավոր ապացուցողական և վարութային այլ գործողությունները, պարզելու հնարավոր ենթադրյալ հանցանք կատարած անձին կամ անձանց»։
Հիշեցնելով ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որն ընդունվել է դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում, Հ․ Հարոյանը նկատում է՝ քրեական դատավարության մասնակիցների, այդ թվում նաև տուժողների իրավունքների պաշտպանության առավել արդիական երաշխիքներ է ապահովում։ Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները պարբերաբար իրենց մասնագիտական գիտելիքներն ավելացնում և կարողությունները զարգացնում են ինչպես ՀՀ արդարադատության ակադեմիայում, այնպես էլ տարբեր միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում քննիչների որակավորման բարձրացման նպատակով անցկացվող դասընթացների պարտադիր վերապատրաստումների արդյունքում․ «Այդ դասընթացների, վերապատրաստումների ծրագրերը մշակվում են հաշվի առնելով նախաքննության արդիականացվող մեթոդաբանության միջազգային լավագույն փորձը և միջազգային իրավունքի, այդ թվում նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման միտումները, իսկ բուն գործընթացն իրականացվում է հատուկ մասնագիտացում ստացած դասախոսական կազմի, փորձագետների կողմից, ինչը ևս էապես նպաստում է զինված ուժերում մահվան դեպքերով վարույթների քննության արդյունավետության բարձրացմանը»։
Ինչո՞ւ շարքային քաղաքացիները չեն զգում դատաիրավական բարեփոխումների ազդեցությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի հունիսին խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել էր․ «Ես լիարժեք վստահ եմ, որ Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար»։
Խոստումներ, ռազմավարություններ, բարեփոխումներ․ սակայն քաղաքացիները շարունակում են դժգոհել արդար դատաքննությանն առնչվող խնդիրներից, հիասթափվել քննչական մարմինների և դատարանների աշխատանքից։
Փորձագետների կարծիքով՝ ունենք լավ մշակված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն, դրանից բխող գործողությունների ծրագիր: Սակայն ի՞նչն է պատճառը, որ պրակտիկորեն ունենք իրավական բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին ահազանգում են տարբեր խմբերի պատկանող անձինք՝ այդ թվում նաև խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները։ Ո՞րն է պատճառը, որ դատաիրավական բարեփոխումները խոշոր հաշվով կարծես ազդեցություն չեն ունեցել, ի վերջո բարեփոխում եղե՞լ է, թե ոչ։
«Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ մեծ հաշվով` իրական և խոր բարեփոխում տեղի չի ունեցել՝ որոշ մասնակի բացառություններով․ «Այս ոլորտում միակ կիսով չափ հաջողված բարեփոխումը Սահմանադրական դատարանի բարեփոխումն էր, և դա էլ մեկ տարուց ավելի տևած լուրջ դիմադրության արդյունքում նվաճվեց: Ես առ այսօր հիշում եմ քաղաքական և քաղհասարակության դաշտի բոլոր այն գործիչներին, որոնք կամ լուռ էին կամ ընդդիմանում էին այս բարեփոխմանը: Ու հարց էր առաջանում. եթե դուք իրոք բարեփոխում էիք ուզում, ապա ինչն էր պատճառը, որ չէիք սատարում ՍԴ-ն` Սահմանադրության խախտմամբ զավթած անձանցից վեթինգի ենթարկելու այս գործընթացին: Ես առ այսօր հիշում եմ, թե ինչ դիմադրության արժանացավ հենց ԱլԳ Քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներսում բարեփոխման այս պրոցեսի սատարմանն ուղղված հայտարարության ընդունումը, երբ կառույցի հնաբնակների ջանքերով այն վերածվեց ամորֆ, ոչինչ չասող մի ինչ-որ տեքստի: Արդեն հետահայաց ես գնահատում նաև այն, որ այդ դիմադրության պատճառը ոչ միայն պահպանողականությունն էր, այլև շատ կոնկրետ գերտերության շատ կոնկրետ ազդեցությունը: Հետագա զարգացումները ևս ցույց տվեցին, որ հիշյալ չորս դատավորի որևէ իրավունք չէր խախտվել , ինչի մասին վկայեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրանց դիմումի անընդունելիությունը: Մինչդեռ տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ եթեր չէին թողել, որից չհայտարարեին նրանց իրավունքների խախտումների մասին»։
Այս իրավիճակի պատճառներից մեկը Լուսինե Հակոբյանը համարում է ի սկզբանե սխալ ճանապարհի ընտրությունը, որը տեղի ունեցավ նաև նոր իշխանության թիմի ներսում եղած պահպանողական իրավաբանների, պահպանողական միջազգային գործընկերների և քաղհասարակության պահպանողական հատվածի ջանքերով․ «Երկրորդ պատճառը սխալ կադրային քաղաքականությունն էր: Դատաիրավական բարեփոխումների համար պատասխանատու առանցքային մարմինը արդարադատության նախարարությունն է: Չի կարող լուրջ և հետևողական բարեփոխում տեղի ունենալ արդարադատության համակարգում արդարադատության չորս նախարարների հերթափոխում, որոնցից յուրաքանչյուրը տարբեր գիտելիքներ, փորձառություն, պատկերացումներ ու տեսլական ունեին, թե ինչպիսին պետք է լինեն արդարադատության ոլորտի բարեփոխումները: Նրանցից յուրաքանչյուրը սկսում էր մի գործընթաց, որը չէր էլ կարողանում հասցնել ինչ-որ մի հանգրվանի, որպեսզի հնարավոր լիներ գնահատել արդյունքը: Դատաիրավական ոլորտի առաջին ռազմավարությունն անգամ բովանդակային լուրջ վերլուծության չենթարկվեց, որպեսզի քաղված դասերի հիման վրա մշակվեր նորը: Նախորդում տեղ գտած և չիրականացած խոստումները պարզապես տեղափոխվեցին նորի մեջ, և այն կոչվեց նոր ռազմավարություն: Այս ամենին դարձյալ գումարվում էր արդեն իսկ նշածս պահպանողական հատվածի գործոնը: Եվ վերջապես կառավարության մակարդակում լուրջ այս ոլորտում, ինչպես և շատ տարբեր ոլորտներում բարեփոխումների համակարգման բացակայությունը: Արդարադատության ոլորտը լրջագույն ոլորտ է, այն չի կարող թողնվել մի նախարարի հայեցողությանը, մինչդեռ հենց սա էլ տեղի է ունենում այսօր: Կառավարության բարձրագույն մակարդակում ավելի մեծ կենտրոնացում կա անվտանգային ոլորտի վրա`ի վնաս մյուս ոլորտների: Համարվում է, որ ժողովուրդը ներպետական ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի պահանջարկ չունի, և հետևաբար այդ ոլորտի բարեփոխումներին մեծ կարևորություն չի տրվում»։
Վերոնշյալ բոլոր խնդիրները տարիների ընթացքում հանգեցրին նրան, որ ԵԽ Նախարարների կոմիտեն 2023-ի դեկտեմբերի 5-7-ի նստաշրջանի ժամանակ ընդունեց հանձնարարական, համաձայն որի՝ ՀՀ-ն մինչև 2025 թվականի ապրիլ պետք է տեղեկություններ ներկայացնի վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի քննության մասին։ Փաստաթղթում ամրագրված է․ «Իշխանություններին ԵԽ Նախարարների կոմիտեն հորդորել է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել՝ զինված ուժերում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին անանուն հաղորդումների մեխանիզմների ներդրման ուղղությամբ և այդ մասին տեղեկացնել Նախարարների կոմիտեին, ինչպես նաև զեկուցել Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համապատասխան գործողությունների իրականացման վերաբերյալ»։
Հաշվի առնելով, որ այս հանձնարարականները քաղաքական նշանակություն ունեն, և եթե դրանք չկատարվեն, հնարավոր է Նախարարների կոմիտեն խնդիրը տանի Եվրոպական դատարան, դա կարող է բացասական լուրջ վնաս հասցնել ՀՀ-ի վարկանիշին։
Ի՞նչ են անում պատասխանատու մարմիններն այս իրավիճակը շտկելու և Նախարարների կոմիտեին պատշաճ հաշվետվություն ներկայացնելու համար։
ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից ստացված գրավոր պատասխանում «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» խումբ գործերի հետ կապված ամրագրված է՝ հաշվի առնելով խնդրո առարկա գործերի կարևորությունը և զգայունությունը, այն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (ՄԻԵԿ)-ով ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է։
ՀՀ ԱԳՆ-ից Aravot.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանել են․ «ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարման և վերոնշյալ վճիռներում արձանագրված բովանդակային խախտումները վերացնելու նպատակով՝ 2021-ին փոփոխվել են Քրեական և Քրեական դատավարության ՀՀ օրենսգրքերը, որի արդյունքում բացառվում է հայցային վաղեմության կիրառումը պետական ծառայողների կողմից։ Ի դեպ, 2024-ի փետրվարի 13-ին ՄԻԵԿ-ով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում, ի թիվս մի շարք ՄԻԵԴ վճիռների կատարմանը վերաբերող հարցերի, քննարկվել են նաև ԶՈՒ մարդու իրավունքների պաշտպանությանը և վերաբերելի ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերը։ ԵԽ-ի հետ ՀՀ-ի համագործակցության և շարունակական բարեփոխումների համատեքստում՝ ԱԳՆ և ԵԽ փոխհամաձայնությամբ «Մարդու իրավունքները զինված ուժերում» ծրագիրը ներառում է ՀՀ-ԵԽ՝ ընթացիկ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրում, որն ընդգրկված է եղել նաև նախորդ ծրագրերում։ Նույն նպատակը ներառված է ՀՀ կառավարության՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունում և դրանից բխող 2023-2025թթ․ Գործողությունների ազգային ծրագրում»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարականի առիթով նկատեց՝ դա մեկ օրվա, միանգամից եկած հանձնարարական չէ պետությանը․ տարիներ շարունակ խաղաղ պայմաններում տարբեր զինծառայողների մահացության հետ կապված հարցերի մասին է, երբ ՄԻԵԴ-ը պետության դեմ վճիռներ է կայացրել, օրինակ՝ Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով։ Մեր զրուցակիցը հայտնեց՝ ՄԻՊ-ը դեռ 2018-ին Մուրադյանն՝ ընդդեմ ՀՀ-ի գործով Նախարարների կոմիտե էր ներկայացրել դիրքորոշում հենց ՄԻԵԴ-ում քննվող գործի շրջանակում․ «Մենք դիրքորոշում ներկայացրել ենք նախ ԶՈւ-ում կարգապահության հետ կապված հարցերով, մտահոգությամբ էին մատնանշել կարգապահական իրավունքին վերաբերելի մի շարք դրվագներ, զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու հետ կապված հարցերը։ Հաջորդը վերաբերում էր զինծառայողների իրավունքների իմացությանը և կարգապահական վարույթի շրջանակում նրանց իրավունքների երաշխավորմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը 2020-ի օգոստոսի 3-ին ձևավորված աշխատանքային խմբի անդամներից էր, որը պետք է ուսումնասիրեր 8 զինծառայողների մահվան հանգամանքները։ Այն ղեկավարում էր ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Կառավարության որոշմամբ՝ խումբը պետք է վերանայեր 8 գործ։ Արայիկ Պապիկյանի տեղեկացմամբ՝ հասցրել են ուսումնասիրել 5 գործ․ «Հանձնաժողովը 2020-ին սկսեց և 2022-ին ավարտեց աշխատանքը, քանի որ արդեն տիկին Վարդապետյանն ընտրվել էր գլխավոր դատախազ։ Յուրաքանչյուր գործով եզրակացություն գրել ենք միաձայն, ներկայացրել վարչապետին, այնուհետև այդ խորհրդատվական եզրակացությունն ուղարկվել է Գլխավոր դատախազություն, եզրակացությունները համապատասխան ցուցումներով, հանձնարարություններով ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե, որ այդ գործերով քննիչներն աշխատեն։ Ավելի քան երեք տարի բոլոր հինգ գործերը գտնվում են Քննչականում։ Զուտ ընթացակարգի առումով բոլոր գործերով աշխատանք կատարվել է, բայց բովանդակային առումով արդյունք չկա»։
Փաստաբանն ասաց՝ բոլոր առանցքային միջնորդություններն այս գործերով մերժվում են, այդ մասին տեղեկացրել է նաև Աննա Վարդապետյանին։ Հայտնեց՝ դատարանում շուտով հերթական վարույթները կսկսեն այս մերժումների հետ կապված․ «Եթե մենք գիտենք, որ Գլխավոր դատախազը գիտի՝ ինչի մասին է խոսքը, ո՞ւմ բողոքենք»։
Արայիկ Պապիկյանն ասաց՝ ուրախ է, որ Աննա Վարդապետյանն իր հայտարարությունների ժամանակ նշել է, որ այս գործերն ուշադրության կենտրոնում են, քանի որ սրանք իրապես մոդել են, թե ինչպես պիտի վերանայվեն գործերը․ «Այդ գործերի ուսումնասիրության ժամանակ մենք բացահայտեցինք բազմաթիվ իրավախախտ պաշտոնյաների, տիկին Վարդապետյանը խոստացել էր ցուցակը իրավասու կառույցների հետ քննարկել։ Սակայն իրենք չարեցին, մենք արեցինք։ 100-ից ավելի պաշտոնյաների ցուցակ ես ու մայրերը ներկայացրինք, որոնք 2007-ից մինչ օրս խախտումներ են թույլ տվել։ Նշեցինք, որ այս ցուցակի անձանց մոտ 80 տոկոսը նոր պաշտոններ է ստացել նաև այս իշխանության օրոք»։
ՀՀ կառավարության որոշումը՝ ըստ որի՝ Հանրային խորհուրդը կձևավորի փաստահավաք հանձնաժողով, որը կզբաղվի 1991-ի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023-ը ներառյալ տեղի ունեցած դեպքերի եւ իրադարձությունների, մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմամբ, Արայիկ Պապիկյանն անհեթեթություն համարեց՝ նշելով, որ գործադիրն այսպիսով վերջնականապես փակեց խաղաղ պայմաններում զոհված երիտասարդների գործերի բացահայտման հնարավորությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Դատաիրավական բարեփոխումներին զուգահեռ երկրի բարձրագույն ղեկավարության խոստումները մնում են անկատար, ավելին, ընդունվում են որոշումներ, որոնք ըստ ոլորտի փորձագետների՝ չեն նպաստելու խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերի բացահայտմանը, պետության ներքին գործը համարվող խնդիրները հասնում են միջազգային կառույցներին։ Ռազմավարությունները, փաստաթղթերը կան, բայց բարեփոխումները կարծես անցնում են շարքային քաղաքացիների՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների կողքով՝ անհաղորդ նրանց ցավին ու պետությունից և արդարադատությունից նրանց սպասելիքներին, իսկ այս խնդիրների լուծման թիրախային գործողություններ այս պահին կարծես նկատելի չեն։ Փոխարենն առկա է մտահոգիչ վիճակագրություն․ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների թիվն աճում է։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ