«Նման շրջաբերական չկա, որ Դաշնակցությունը պատրաստ է զիջել ՀՀ անկախությունը: Ինչ թղթի կտորից են մեջբերում արել, ես չգիտեմ: Մի տեղ մի բան են գրել, քննարկում են: Նիկոլ Փաշինյանն էլ երեկ ասաց, որ դա անլուրջ է: Իրենք ստերը տարածում են, իրենք ասում` անլուրջ է: Դաշնակցությունը միշտ կանգնած է եղել Արցախի ու Հայաստանի կողքին, 1918 թվականի մայիսյան հերոսամարտերից հետո Հայաստանի առաջին հանրապետության ստեղծողն է: Հիմա էլ, այս ծանր պահին կանգնած է երկրի պետականության ակունքներում», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով շրջաբերականի մասին պտտվող լուրերին:
Ըստ նրա՝ գործող իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել, որ դուր գան Թուրքիային եւ Ադրբեջանին: Դրա համար պատրաստ են տրորել Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը. «Արցախը Հայաստան է, ե՛ւ վերջ, ասողները այսօր Արցախի տապանաքարն են դրել, բայց այդ իշխանություններն ամեն ինչ արել են, որ Արցախի էջը փակեն ու այս օրերին իրավունք էլ չունեն մի նախադասություն ասել: Դրա հետ միասին՝ Արցախը Հայաստան է, ե՛ւ վերջ, ասողները խորհրդարանում չեն կարողանում Արցախ բառն արտաբերել, որովհետեւ դրանից հետո իրենց տերերը կզանգեն ու կասեն՝ այլեւս խնդիրներ եք ունենալու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ