Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի լուծարման մասին այնքան չի խոսում Հեյդարի որդի Ալիեւը, որքան՝  Փաշինյանը. Բագրատ սրբազան

Սեպտեմբեր 01,2024 22:35

«Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ վերստին հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ, մեզ համար փակված չէ, և այն իր բոլոր դրսևորումներով ու ծավալներով կազմում է հայկական օրակարգի առանցքը»,- այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը:

«Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին։ Սակայն այսօր իրականությունն այն է, որ Արցախը կորսված է եւ այն գաղափարական տարաձայնությունները անպտուղ են: Իրականությունն այն է, որ տնավեր է արցախցին եւ հետեւապես  բոլորս ենք տնավեր: Իրականությունն այն է, որ այսօր ոչ մի արցախցի երեխա Արցախում դպրոց չգնաց, ոչ մի ուսանող կամ դասախոս չբացեց համալսարանի դուռը, Արցախի ոչ մի վանքում կամ եկեղեցում աղոթք չհնչեց, ոչ ոքի շիրիմի առջև խունկ չծխաց ու աղոթք չբարձրացավ։ Այսօր մեզ համար առանցքային եւ կարեւոր է երկու հարց՝ մայր Հայաստանում արցախցի մեր քույրերի եւ եղբայրների լիարժեք խնամքը եւ զուգահեռ Արցախ վերադարձի հարցը»,-ասաց Բագրատ սրբազանը:

Ըստ նրա՝  ցավոք այս ամենի մեղավորը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է. «Սա դատապարտության խարան է ձեր ճակատին… Երեկ դարձյալ բարբաջել է, չէի ուզենա անդրադառնալ, սակայն չեմ կարող… Խոսում էր Արցախի լուծարման մասին: Նախ ոչ ոք չի կարող լուծարել պետությունը եւ ակնհայտ է, որ Արցախի լուծարման մասին այնքան չի խոսում Հեյդարի որդի Ալիեւը, որքան  այս նեռը, որի հենց առաջին պատասխանատուն ինքն է… Անբարոյականության բացարձակ դրսեւորում է  ի դեմս մեր գերեւարված եղբայրների, սենսացիաներ փնտրող գրչակի պես անդրադառնալով մասնավորապես Ռուբեն Վարդանյանին: Ո՞ւմ ու ի՞նչ էիր պատմում: Դու երաշխավոր ես մարդկանց կյանքի՞, թե՞ տերերիդ ինչ-որ բավարարվածություններ ապահովելով»:

Բագրատ սրբազանի խոսքով՝ Արցախի եւ Արցախի հակամարտության էջը փակված չէ եւ չի կարող փակված լինել, ինչպես եւ աշխարհի համար.  «ՀՀ-ն պետք է հետամուտ լինի Արցախի հարցը բանակցային օրակարգում ներառելու եւ  արցախցիների  խախտված իրավունքների վերականգնմանը հետամուտ լինելուն…Եթե մենք չենք զբաղվում Արցախի հարցով, ապա այն կզբաղվի մեզանով: Ալիեւի բոլոր խնդիրները, մոտեցումները բխում են Արցախի պրիզմայից: Եթե բանակցային սեղանին Արցախի հարց չկա, մնում են միայն Հայաստանի խնդիրները՝ սահման, Սահմանադրություն… Մենք կոչված ենք հեռացնելու եւ իշխանազրկելու այս չարիքին: Մենք կոչված ենք սխրանքի ու հերոսության, մենք կոչված ենք գնալու մեր իղձերի ու երազանքների հետևից՝ որևէ վայրկյան չտատամսելով մեր կյանքի համար, որովհետև այդ կյանքն արդեն գնված է մեր եղբայրների ու քույրերի կողմից։ Ինձ համար գոյություն ունի մեկ կյանք՝  հայրենիք կամ մահ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30