Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանն այսօրվա համար մեղավոր տեսնում է նախկիններին եւ ժողովրդին

Սեպտեմբեր 01,2024 19:16

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը յութուբյան հերթական եթերում խոսել է 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների իր ընկալումների մասին:

Նրա մեկնաբանությամբ, երկարատեւ, ծանր բանակցություններից հետո է 2021 թվականի մարտի 18-ին հայտարարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին եւ այդ պրոցեսները, ըստ էության, արագացրել է գլխավոր շտաբի ապստամբությունը: Ըստ Էդմոն Մարուքյանի, դա պետք էր երկրում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար, որը կկարողանար բանակցային գործընթացում դերակատարություն ստանձնել եւ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից:

Իսկ ինչպե՞ս էր պետք ձեւավորել նոր խորհրդարանը: «Պետք էր ժողովրդին տալ իրավունք, որ ժողովուրդը գնա եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով ձեւավորի նոր խորհրդարան, որովհետեւ այն քաղաքական ուժը, որն իշխում էր, բոլորի տպավորությամբ պատերազմի պարտության, նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման արդյունքում կորցրել էր լեգիտիմությունը»,-ասաց նա եւ հիշեցրեց այդ ժամանակ երկրում տիրող իրավիճակը, երբ Սյունիքի ճանապարհը փակել էին եւ չէին թողնում, որ վարչապետի այցը լինի:

Այնուհետեւ մտովի տեղափոխվելով ընտրություններին նախորդած իրադարձություններին՝ «Ելք» դաշինքի նախկին անդամը հիշեցրեց, որ այդ ժամանակ ինքը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նախկին իշխանությունները պետք է մի կողմ քաշվեն, չմասնակցեն այս պրոցեսներին, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան: Եվ ասում է, որ եթե նրանք մասնակցեն, մտնեն պրոցեսի մեջ, գործող իշխանությունները կարող են վերարտադրվել: Բայց ոչ միայն  իրեն չլսեցին, այլեւ ընտրություններին մասնակցեցին 25 ուժեր՝ այդ թվում ՝«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, վարչապետի իշխող կուսակցությունը, որոնք մեծ բեւեռացում առաջացրին եւ ամբողջ քարոզարշավի ընթացքում իրար անխնա հայհոյում էին: Ի վերջո, արդյունքում խորհրդարան անցան Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը՝ 53,91%, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը՝ 21,9 % եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը՝ 5,22 % ձայնով: Ընդ որում, «Պատիվ ունեմ»-ը խորհրդարան անցել է իրավունքի ուժով:

«Մանդատները բաշխվեցին հետեւյալ կերպ. ՔՊ՝ 71 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 7: Իշխան Զաքարյանը «Պատիվ ունեմ»-ից դուրս է եկել՝ դարձել է 6 եւ ըստ էության քվեարկում է ՔՊ-ի հետ: Այսինքն, ՔՊ-ն ունի 72 մանդատ եւ կարող է փոփոխության ենթարկել անգամ Սահմանադրությունը, անցկացնել ինչ ուզենա: Սա է իրավիճակը»,-ասաց նա:

Այս ամենի համար Էդմոն Մարուքյանը քննադատության սլաքները ուղղում է բացառապես նախկինների կողմը՝ նրանց մեղադրելով նաեւ  խորհրդարանական վերջին ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ: Բանախոսը նաեւ ակնարկեց, որ այս կազմով խորհրդարանի եւ նախորդի միջեւ, որտեղ նաեւ ինքն էր, համեմատելու եզրեր չկան: Նրա վերլուծությամբ, երբ անգամ ընտրությունների այսպիսի արդյունքի պարագայում իրենք այս խորհրդարանին շնորհավորում էին եւ համախմբվելու կոչ էին անում, այն ժամանակ իրավիճակը դեռ այսքան վատ չէր եւ շատ բան կարելի էր փրկել: Իսկ ստեղծված իրավիճակի՝ Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքական ուժի վերարտադրվելու եւ այսօրվա խորհրդարանական ընդդիմության մակարդակի համար մեղադրեց ժողովրդին՝ ասելով. «Ժողովուրդ, դու ընտրել ե՞ս այս իշխանություններին, այս ընդդիմությանը, մենք ճանաչում, հարգում ենք քո ընտրությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30