Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դասավանդելն իմ արյան մեջ է». Նարինե Դավոյան

Սեպտեմբեր 01,2024 14:09

Նարինե Դավոյանը  մանկուց երազել է դասավանդելու մասին: Փոքր տարիքում նա խաղում էր «ուսուցիչ-աշակերտ» խաղեր ՝ հորինելով բարդ դասեր իր երևակայական աշակերտների համար: Նա գաղափար չուներ, որ վաղ հոբբին հետագայում կվերածվի մանկավարժական խորը եւ տպավորիչ կարիերայի։

Մեզ հետ զրույցում նա հիշեց, թե ինչպես էր երեխա ժամանակ խաղում բակում ու միշտ ստանձնում ուսուցչի դերը, գնահատականներ նշանակում իր մատյանում. «Երբ ԵՊՀ-ն ավարտելուց հետո  աշխատանքի անցա Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում և առաջին  անգամ մտա լսարան, առաջին սեղանին նստած տեսա այն երեխային, որը մեր բակից էր, ում փոքր ժամանակ երկուս էի նշանակել: Բայց Մանկավարժականում սովորելու տարիներին նա բուհի լավագույն ուսանողներից էր»:

Տիկին Դավոյանի ակադեմիական ուղին սկսվել է Երեւանի պետական համալսարանից, որտեղ նա ավարտելով ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի բաժինը՝ ստացել է բանասեր, դասավանդող որակավորումը։ Հավելեց, որ մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետներում դասավանդելուց հետո, առաջնորդվելով՝ կրթական մեթոդաբանությունը կատարելագործելու ցանկությամբ, ընդունվել է ասպիրանտուրա, աշխատել թեկնածուական գիտական թեզի վրա. «Իմ թեման անգլերենի դասավանդման սկզբունքների զարգացման  գործընթացի մասին էր»:

Այսօր Նարինե Դավոյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի թարգմանության և հաղորդակցման ամբիոնի հարգված դոցենտ է եւ իր գործի նվիրյալ։ Դավոյանի կարիերան նշանավորվում է կարևոր փուլերով և դերերով, որոնք ընդգծում են նրա փորձն ու նվիրվածությունը: Դավոյանի մոտեցումն արտացոլում է  կրթության հոգեբան եւ մանկավարժության տեսաբան Պաուլո Ֆրեյրեի այն համոզմունքը, որ կրթությունը սիրո, հետեւաբար՝ քաջության գործողություն է: Նա կիրառում է ստեղծագործական եւ ուսանողակենտրոն դասավանդման մեթոդները, որոնք հարմարեցված են ժամանակակից կրթության չափանիշներին և չափորոշիչներին՝ դասավանդում է ինչպես ընդհանուր, այնպես էլ ոլորտային անգլերեն: Ընդ որում, ռազմական անգլերենի ծրագիրը հեղինակային է։ Նարինե Դավոյանը նշում է, որ ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները հաճույքով են ընդգրկվում ռազմական անգլերենի՝ իր դասընթացներին:

Մեր դիտարկմանը՝ կարծես ռազմական անգլերենի մասնագետներ առանձնապես չկան, տիկին Դավոյանը պատասխանում է, որ կան լավ թարգմանիչներ եւ եզակի դասավանդողներ: Նրա խոսքով, անչափ կարեւոր է ոլորտի գիտելիքը գրագետ փոխանցելը, ուսանողներին համապատասխան գրականությամբ, նյութերով զինելը, որոնք իրական կյանքից են վերցված եւ մտացածին չեն:

«Մեր ուսանողները ցանկանում են լավ տիրապետել այդ ոլորտին՝ հասկանալով, թե որքան բարդ է զինվորական թարգմանչի դերը, գիտակցելով բոլոր վտանգները, որոնց կիզակետում հնարավոր է  անձամբ հայտնվեն»,-նշեց մեր զրուցակիցը: Նրա ձեւակերպմամբ, այսօր ռազմական եզրույթներ կան, որոնք հայերեն համարժեքներ չունեն, դրանք հաճախ ինքն է ստեղծում՝ իր ուսանողների հետ:

Հետաքրքրվեցինք՝ ինչու հենց ռազմական անգլերեն:  Տիկին Դավոյանը ժպիտով և ոգևորվածությամբ ներկայացրեց իր անցած ճանապարհը եւ պատմեց, թե ինչպես իր կյանքում տեղի ունեցավ շրջադարձային փոփոխություն, և 2003-2004  թթ․ վերապատրաստվեց ԱՄՆ-ի  Պաշտպանական լեզվի ինստիտուտի Անգլերեն լեզվի կենտրոնում (DLIELC) ծանոթացավ ամերիկյան հարուստ մշակույթին: Հայաստան վերադառնալուն պես՝  նա ծառայության է անցել ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում՝  ստանալով սպայական կոչում, զբաղեցրել է կրթության ոլորտում տարբեր պատասխանատու պաշտոններ եւ փոխանցել ձեռք բերած կարեւորագույն գիտելիքներն ու փորձը։

Դասախոսական գործունեությանը զուգահեռ նա անընդհատ զբաղվել է գիտելիքների զարգացմամբ, հարստացմամբ՝  հրապարակելով մի շարք հոդվածներ գիտական պարբերականներում: Մեր զրուցակիցը հեղինակ է մենագրության, ստեղծել է մեթոդական ուղեցույց, ստացել  է  դոցենտի գիտական  կոչում և կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար  տարբեր տարիներին պարգեւատրվել շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով:

Նրա նվիրվածությունը կրթությանը հաստատվում է բազմաթիվ առաջատար գիտաժողովների, կոնֆերանսների, վերապատրաստումերի, դասընթացների և ուսումնական ծրագրերի մասնակցությամբ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Նարինե Դավոյանը շատ է կարեւորում դրանց դերակատարությունը դասավանդող գիտնականի կյանքում:  Այս միջոցառումները հարստացրել են նրա մանկավարժական փորձը և ամրապնդել ոլորտի առաջատար մասնագետի կարգավիճակը:

Յուրաքանչյուր հաջող կարիերայի հետևում կանգնած է աջակցող ընտանիք, եւ  Դավոյանի ընտանիքը բացառություն չէ: Հոգատար ծնողները նրա մեջ սերմանել են ուսման հանդեպ սեր և ուժեղ աշխատանքային էթիկան: Այսօր ամուսինն ու երկու որդիները նրա համար հենարան են ՝ շարունակական աջակցություն ցուցաբերելով նրան՝ մասնագիտական և անձնական կյանքում: Նարինե Դավոյանն իրեն հաջողակ մարդ է համարում, քանի որ ինչ ձեռնարկել է, հաջողել է, ասում է ճանապարհին միշտ հանդիպել են իրեն մոտիվացնող եւ աջակցող մարդիկ, ինքն էլ նույն սկզբունքով այլոց է մոտիվացնում, չի ընկրկում դժվարություններից, ցանկացած խոչընդոտ դիտարկում է որպես նոր հնարավորություն: Սիրում է դասավանդել, ասում է, դա իր արյան մեջ է, չնայած ծնողները դասավանդողներ չեն եղել:

Ունի դասավանդման իր մեթոդները, որոնցով հաջողել է, հավաստիացնում է, որ դասավանդման հեղինակային իր ծրագիրն առաջիկայում հասու կլինի տարբեր առցանց հարթակներում:

Մեր զրուցակիցն այն մարդկանցից է, ում նվիրվածությունը կրթությանը նպաստում է նրա մասնագիտական պատրաստվածությանը և շարունակական զարգացմանը, անընդհատ նոր հորիզոններ բացահայտելուն, ասում է՝ կրթության առումով երբեք կանգ չի առնում, առաջիկայում պատրաստվում է աշխատել դոկտորական թեզի վրա, որը կրթության կառավարման թեմայով է լինելու: Սովորողների նախաձեռնողականությունը, ստեղծագործ մտածելու և ոչ ստանդարտ լուծումներ գտնելու կարողությունը զարգացնելու նպատակով Նարինե Դավոյանն առաջիններից է, որը  կիրառել է փոխներգործակցության ուսուցման մեթոդները ՝ սովորողների ավելի խորը ներգրավվածության համար:  Դավոյանը նշում է, որ ստեղծագործականությունն այժմ նույնքան կարևոր է կրթության մեջ, որքան գրագիտությունը, ուստի դրան պետք է  նույն կերպ վերաբերվել:

Անի ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30