Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկության ուղի

Սեպտեմբեր 01,2024 12:35

Երկիրը վտանգի մեջ է: Պատճառները առանձին քննարկման նյութ կարող են լինել: Իսկ այս գրության նպատակը ելքի ուղիներ առաջարկելն է:

Անկախ պատճառների որոշակի անվանումներից, եթե երկիրը վատ վիճակում է, ապա տրամաբանությունը հուշում է, որ երկրի ղեկավարումը ճիշտ չի կատարվում: Քանի որ այն կատարվում է մեկ անձի կողմից և սխալ է կատարվում, ուրեմն նրան վերահսկող չկա: Այն կառույցները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին վերահսկել նրան, չեն ծառայում իրենց առաքելությանը: Դրանք են. օրենսդիր մարմինը (ազգային ժողովը), դատական համակարգը (դատարանները), ազգային անվտանգությունը, իրավապահ մարմինները (ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինը), պաշտպանական կառույցը (բանակը, գլխավոր սպայակազմը): Գուցե նրանք կատարում են իրենց ինչ-որ պարտականություններ, սակայն դրանք չեն նպաստում իրենց առաքելության կատարմանը՝ չեն պաշտպանում երկիրը և ժողովրդին վտանգներից:

Ըստ ժողովրդավարության՝ իր անվտանգությունը պետք է վերահսկեր նաև ժողովուրդը: Նա պետք է վերահսկեր միանձնյա կառավարող ղեկավարին: Դա պետք է տեղի ունենար ընտրությունների միջոցով: Սակայն, դա թերի և անկատար ուղի է, որն ամենաքիչը երկու մեծ թերություն ունի: Նախ, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ, որը բավականին մեծ ժամանակամիջոց է սխալ ղեկավարման միջոցով հասցնելու համար կործանել մի ամբողջ երկիր: Երկրորդ, ցանկացած երկրում ժողովրդի մեծամասնությունը, մեղմ ասած, պակաս զարգացած է մտավորական փոքրամասնությունից: Այս ճշմարտությունից վիրավորվելու իրավունք չունի ոչ ոք, քանի որ դա բնական երևույթ է: Կյանքը գործընթաց է, կյանքի իմաստը հենց զարգացումն է, շարժումը ետևից դեպի առաջ, ցածրից դեպի բարձրը, վատից դեպի լավը, հետամնացից դեպի զարգացածը, տեղում դոփելուց դեպի առաջընթաց, տգիտությունից դեպի գիտելիքներով գիտակցության ընդլայնում ու մեծացում և այլն: Հակադրությունների շարքը շարունակելու կարիք չկա:

Եվ, քանի որ առաջ գնալու համար ջանքեր է պետք գործադրել, աշխատանք է պետք կատարել, բոլորը միաժամանակ չեն կարողանում դա անել և չեն զարգանում, այլ քչերն են կարողանում և հետո իրենց ետևից տանում այլոց։ Ոչ ոք մեղավոր չէ դրանում, ոչ մեկի համար դա ամոթ չէ, քանի որ դա բնական գործընթաց է, բոլորս էլ անցնում ենք դրանով։ Այդ քչերից է՛լ ավելի քչերն են կարողանում ավելի առաջ գնալ այլ, ավելի մեծաքանակ քչերից։ Ուստի ժամանակի ցանկացած պահին ցանկացած երկրում մարդկանց մեծ մասը ետ է մնում փոքր մասից իր գիտակցության զարգացման աստիճանով։ Այդ փոքր մասից քչերն ավելի են առաջ գնում, քան մյուսները։ Այսինքն միլիոնավոր տգետների կողքին կարող են լինել հազարավոր մտավորականներ, հազարավոր մտավորականներից հարյուրավորները կարող են լինել խելացի, տաղանդավոր, հանճարեղ, հարյուրավոր խելացիների կողքին տասնյակները կարող են լինել իմաստուն, իսկ տասնյակ իմաստուններից ամենաիմաստուններին արդեն կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա։ Պատկերը երկրաչափորեն կարելի է ներկայացնել բուրգի տեսքով, որտեղ ներքևում մեծաքանակ հետամնացներն են, իսկ վերևում հատուկենտ ամենաիմաստունները։ Ահա թե ինչու իմաստուն չէ, երբ երկրի ճակատագիրը, իր մեծաքանակության պատճառով, վճռում է ամենաներքևի ամենաանգետ մեծամասնությունը, ամենավատ մասը։

Եվ այդ, մեղմ ասած, կյանքի օրենքները այնքան էլ լավ չպատկերացնող մեծամասնությունը կարող է սխալ վերահսկողություն իրականացնել իր բախտի վրա, ինչին ականատես եղանք Հայաստանում վերջերս առնվազն երկու անգամ ընտրությունների ժամանակ, երբ ժողովուրդը ձայն տվեց իր կործանման օգտին: Ուստի, քանի որ ժողովրդավարությունը ժողովրդի մեծ մասի իշխանությունն է, ապա ստացվում է, որ ժողովրդավարությունը տգետ մեծամասնության բռնակալությունն է գիտուն փոքրամասնության վրա: Ժողովրդավարությունը ծուղակ է անգետ ազգերի համար, դրված նրանց կործանման նպատակով, ուժեղ ազգերի թակարդն է՝ նրանց վրա իշխելու համար: Ոչ մի պետություն չի կարող հզորանալ ժողովրդավարության միջոցով, որովհետև ժողովուրդը չի մտածում ազգի և պետության հզորության մեծացման մասին, այլ իր գրպանի և ստամոքսի մեծացման, որովհետև կարծում է, թե ազգի և պետության մասին մտահոգվելը միայն վերնախավի գործն է: Բարձր արժեքները խորթ են մեծ մասին, առանձին անհատականություններն են առաջընթացի շարժիչները: Որքան էլ մեծ մասը բարձրացնի իր մակարդակը, անհատները չեն դոփում նույն տեղում, նրանք ավելի առաջ են գնում և միշտ ավելի բարձր հոգիներ են: Հազարամյակներով ժողովուրդներին առաջնորդել են հասարակությունների մեջ ամենակատարյալները՝ արքաները, իշխանները, ազնվականները, հոգևոր առաջնորդները, վերնախավը: Որովհետև նրանք ավելի զարգացած են եղել և մտածել են նաև հասարակ մարդկանց բարօրության մասին: Այնինչ, ինչպես ցույց տվեցին վերջին դարերի հեղափոխությունները, հասարակ խավը միայն նախանձով ու ատելությամբ է վերաբերվում վերնախավին և հնարավորության դեպքում ոչնչացնում է նրան, դրանով գցելով իրեն ավելի վատ վիճակի մեջ, առանց հասկանալու, որ դարերով կամ տասնամյակներով ետ է գցում իր զարգացումը, առանց հասկանալու, որ իր միջից անհատներն էլ են մի օր հասնելու նրանց մակարդակին, իսկ ուրիշ նախանձ մեծամասնություն ատելու է նրանց իրենց առաջընթացի և բարձրության համար:

Ներկայումս նույնպես միապետական պետությունները ծաղկում ու բարգավաճում են առանց որևէ վտանգի իրենց գոյության համար: Որովհետև տեր ունեն, որը ոչ միայն տիրություն է անում, այլ ծառայում է իր հպատակներին: Ցավոք, քսաներորդ դարի սկզբի ռուսական հեղափոխությունը Հայաստանում նույնպես վերացրեց ազնվական բարձր խավին: Սակայն ժամանակի ընթացքում ցանկացած հետամնաց հասարակության մեջ հայտնվում են առաջ անցածներ և ձևավորվում է նոր վերնախավ, թեկուզ առանց նախկին ազնվական տիտղոսների ու կոչումների, այլ տվյալ ժամանակին բնորոշ առաջընթացի չափանիշներով ու ցուցանիշներով, օրինակ՝ բարձր պաշտոնը, գիտական աստիճանն ու կոչումը, արվեստում հանճարն ու տաղանդը արձանագրող կոչումը, պետական պարգևը, վաստակավորի և մարդու վաստակը նշող այլ կոչումները, հերոսի կոչումը և այլ նման կարգի տիտղոսները ցույց են տալիս, որ մարդը ավելի բարձր է դրանք չունեցող մեծ մասից, ավելի զարգացած մարդ է: Նա վերնախավում է, ուստի նրա ձայնը ավելի մեծ կշիռ պետք է ունենա, քան հասարակ մարդունը: Որովհետև նա ավելի լավ գիտի, թե ինչպես ավելի մեծ օգուտ տա ազգին, հայրենիքին, ժողովրդին, նաև մեծամասնությանը, որպեսզի այն նույնպես բարձրանա զարգացման անսահման աստիճաններով, որոնցից մեկով կամ մի քանիսով ինքն արդեն անցել է:

Եվ, բնական է, որ ավելի բարձր մարդը ավելի լավ պիտի ապրի: Դա բնական գործընթաց է, որում չկա ոչ մի խաբեություն, ագահություն, չարաշահում, շահագործում կամ կեղեքում, ինչպես կասեր նախանձների առաջնորդ Լենինը: Այդպես էլ պետք է լիներ, որովհետև այլ կերպ հնարավոր չէր: Ուստի ցածր խավը չպետք է նախանձի և ատի հարուստներին: Նախանձն ու ատելությունը հետամնացության, տգիտության, չարակամության, մարդատյացության դրսևորումներ են: Բոլոր հեղափոխությունները առաջնորդվել են դրանցով և միայն չարիք ու պատուհասներ բերել հեղափոխվող հասարակություններին: Որովհետև տգետները կործանում են ամեն ինչ, անմտորեն մտածելով, թե եթե իրենք սկսեն ամեն ինչը կառուցել զրոյից, ապա ավելի լավ հասարակություն կկառուցեն: Սակայն այն միշտ էլ ավելի վատն է լինում, քանի որ ի՞նչ պիտի լինի տգետի կառուցածը: Իր նման՝ ոչինչ: Այդ հասարակության շարժումը երկար ժամանակով ետ է ընկնում, մինչև այն նորից հասնի իր նախորդի զարգացման աստիճանին:

Տգիտությունը կարող է կործանման տանել երկուսին էլ՝ և՛ տգետ մեծ մասին, և՛ գիտուն փոքր մասին: Իսկ եթե իշխեր գիտուն փոքրամասնությունը, ապա կբարգավաճեին երկուսն էլ: Ցավոք, Հայաստանում գիտուն փոքր մասը չկարողացավ ստեղծել այնպիսի կառավարման համակարգ, որտեղ որոշիչ ձայնը պատկաներ իրեն, այլ ոչ թե մեծ մասին: Դրանից կօգտվեին բոլոր կողմերը, երկիրը, ժողովուրդը, ազգը:

Այնինչ աշխարհում կան երկրներ, որտեղ կարողացել են լուծել այդ խնդիրը: Չէ որ մենք մենակ չենք աշխարհում, պետք է վերցնել մեզնից առաջ անցած երկրների փորձը: Դրանցից են, օրինակ, երկրի հոգևոր առաջնորդի վերահսկողությունը իշխանության վրա (Իրան, Վատիկան, Տիբեթ), երկրի ամենաազդեցիկ մարդկանց անտեսանելի վերահսկողությունը իշխանության վրա (ԱՄՆ), երկրի ռազմական իշխանության վերահսկողությունը իշխանության վրա (Թուրքիա, Պակիստան, Չիլի, ԽՍՀՄ, Պորտուգալիա, Հունաստան, Նիգեր, Գաբոն,  Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Լատինական Ամերիկա, ամբողջ աշխարհ, ցավոք, բացի Հայաստանից), մեկ կուսակցության վերահսկողությունը իշխանության վրա (Չինաստան, Հյուսիսային Կորեա, Կուբա), միապետի վերահսկողությունը իշխանության վրա, (բոլոր թագավորությունները և կայսրությունները՝ Ճապոնիա, Անգլիա և այլն) և այլն: Բոլոր օրինակները թվելու կարիք չկա: Այն երկրները, որոնք չեն ունեցել նման վերահսկողություն, կործանվել են, իսկ որոնք հիմա չունեն, գնում են դեպի կործանում, որովհետև ավելի խելացիները կյանքի պայքարում միշտ էլ կհաղթեն, մեղմ ասած, պակաս խելացիներին: Այդպիսիների՝ պակաս խելացիների շարքում է նաև Հայաստանը։

Մեր երկրի ներկայի առանձնահատկություններից ելնելով, մեզ մոտ փոքրամասնության վերահսկողությունը մեծամասնության վրա կարող է իրականացնել. 1) իմաստունների խորհուրդը կամ 2) ի պաշտոնե ազգի (ո՛չ պետության) ամենաբարձր պաշտոնյաների խորհուրդը, կամ 3) ամենաազդեցիկ քաղաքական գործիչների խորհուրդը, կամ 4) ակադեմիկոսների, գիտական հաստատությունների ղեկավարների և բուհերի ղեկավարների խորհուրդը, 5) հոգևոր առաջնորդների խորհուրդը, կամ 6) ամենաազնիվ, ամենահայրենասեր մարդկանց խորհուրդը:

Առաջինի մեջ կարող են մտնել ամենաիմաստուն մարդիկ, որոնց ընտրությունը կազմակերպելը արդի գիտության համար դժվար չի լինի: Առաջին հերթին դրա մեջ կմտնեն ամենաիմաստուն իմաստասերները։

Երկրորդի մեջ կմտնեն, օրինակ, կաթողիկոսը, գլխավոր սպայակազմի պետը, ազգային ակադեմիայի նախագահը, Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահը, գրողների միության նախագահը, այլ հայկական համազգային կազմակերպությունների ղեկավարները։

Երրորդի մեջ կարող են մտնել մեծ ազդեցություն, վարկանիշ, համբավ ունեցող քաղաքական գործիչները, նախկին նախագահներն ու վարչապետերը և, ինչ-որ թվային չափանիշ սահմանելուց հետո, ամենամեծաքանակ կուսակցությունների ղեկավարները:

Չորրորդի մեջ կարող են մտնել երկրի ակադեմիկոսները, գիտական հաստատությունների ղեկավարները, բուհերի ղեկավարները, ամենաբարձր գիտնականները:

Հինգերորդի մեջ կարող են մտնել կաթողիկոսը, մեծաքանակ հետևորդներ ունեցող կրոնական կազմակերպությունների առաջնորդները:

Վեցերորդի մեջ կարող են մտնել իրենց ազնվությամբ ու հայրենասիրությամբ աչքի ընկած մարդիկ, որոնք ունեն համապատասխան տիտղոսներ, կոչումներ, տարբերակման աստիճաններ, վաստակներ, շքանշաններ և այլն:

Մի խոսքով, ժողովրդի սերո՛ւցքը, վերնախա՛վը պետք է լինի ընդգրկված երկրի ամենաբարձրագույն մարմնի մեջ։ Երկրի նախագահը, վարչապետը և ազգային ժողովի նախագահը չպետք է մտնեն վերահսկող մարմնի կազմի մեջ, քանի որ հենց իրենք են լինելու վերահսկվողները: Կաթողիկոսը և գլխավոր սպայակազմի պետը կարող են մտնել բոլորի կազմի մեջ:

Թեև բոլոր տարբերակներն էլ լավն են, սակայն այլընտրանքային տարբերակներից միայն մեկը՝ լավագույնը պետք է գործի։ Առաջարկվող խորհուրդներից որն էլ լինի, երկիրը արդեն չի գնա կործանման ուղիով։ Վերոհիշյալ խորհրդի կազմը չպետք է ընտրվի ժողովրդի կողմից, որպեսզի հակակշիռ լինի հենց ժողովրդի իշխանությանը։ Այն պետք է ընտրվի բարձր մտավորականության կողմից։ Խորհուրդը չպետք է ունենա որևէ տեսակի իշխանություն, բացի վերահսկողականից։ Այն պետք է լիազորություն ունենա կարևոր, վճռական, ճակատագրական նախաձեռնությունների թույլտվության կամ արգելափակման։ Այն պետք է լինի գլխավոր, բարձրագույն, գերագույն իշխանությունը երկրում և կարող է կոչվել Բարձրագույն կամ Ազգային խորհուրդ։

Մյուսներն էլ կարող են գործել իրենց բնագավառներում և համապատասխան իմաստուն որոշումներ կայացնելով օգնել իրենց ոլորտներին և, ի վերջո, ամբողջ պետությանը: Բայց ամբողջ պետությանը վերահսկողը պետք է լինի մեկը, դրանցից ամենալավը:

Տխուր անցյալից և սպառնալից ներկայից հարկավոր է ճիշտ հետևություններ անել պայծառ ապագայի համար և թույլ չտալ դրանց սխալների կրկնությունը։

Ելքերից մեկն է նաև վտանգի սպառնալիքի դեպքում գլխավոր սպայակազմին իշխանությունը իր ձեռքը վերցնելու պաշտոնապես, օրենսդրորեն իրավունք տալը: Որովհետև մյուս բոլոր ուժային կառույցների ղեկավարները կարող են դավաճանել, եթե նշանակված լինեն դավաճան ղեկավարի կողմից, իսկ բանակի ղեկավարը չի կարող, քանի որ բանակի միակ առաքելությունը երկրի պաշտպանությունն է: Եկեղեցին հոգևոր, իսկ բանակը աշխարհիկ միակ կառույցներն են, որոնք երբեք չեն դավաճանում երկրին, ազգին: Նրանք ծառայում են միայն ազգին: Իսկ երկրի մյուս բոլոր կառույցները կարող են ծառայել թշնամուն, եթե տվյալ ժամանակի գործադիր իշխանությունը ծառայի թշնամուն: Ահա թե ինչու վերոհիշյալ տարբերակներից որն էլ որոշվի դարձնել ամենաբարձրագույնը, կաթողիկոսն ու գլխավոր սպայակազմի պետը պարտադիր կարող են մտնել դրա կազմի մեջ:

Ուրիշ երկրներում զորավարներն առանց իրավունքի են վերցնում իշխանությունը՝ երկիրը վտանգից փրկելու համար, որովհետև գիտակցում են, որ հայրենիքն ավելի թանկ արժեք է, քան իրավունքն ու օրենքը: Իսկ եթե մեզ այսպիսի վախկոտ զորավարներ ունենալ է բախտ վիճակվել, ապա նրանց պետք է օրենքով իրավունք տալ, որպեսզի հայրենիքի փրկության համար քայլեր ձեռնարկեն:

Երկիրը որքա՜ն շահած կլիներ, եթե անկախ Հայաստանի հենց սկզբից երկրի ղեկավարը՝ նախագահն էլ իր աշխատակազմում ունենար իմաստունների խորհուրդ, որը խորհրդատվական գործունեություն կիրականացներ, իմաստուն խորհուրդներով կօգներ իրեն։ Դա թույլ կտար խուսափել ներկայի աղետալի իրավիճակից։ Ցավոք, նրանցից ոչ մեկը չունեցավ այդ իմաստությունը։ Ճիշտ է, որ նախկին նախագահները խելացի մարդիկ են, բայց ինչպես ցույց է տալիս մարդկության փորձը, պատմությունը, երկիր ղեկավարելու համար միայն խելացի լինելը քիչ է, հարկավոր է իմաստուն լինել։ Որովհետև այլ երկրների իմաստուն ղեկավարները առաջնորդում են իրենց երկրներին դեպի առաջընթաց, իսկ մենք մնում ենք ետևում։ Հիմա հնարավո՛ր է հետևություն անել, որ նրանք իմաստուն չէին, քանի որ նրանք չկարողացան ստեղծել այնպիսի պետական, ազգային համակարգ, որը կապահովագրեր ազգին իրենցից հետո կործանման եզրին հասնելուց։ Իսկ եթե մարդը իմաստուն չէ, ապա ազնիվ մարդը կօգտվի այլ իմաստունների խորհուրդներից։ Սակայն եթե նույնիսկ ղեկավարն իրեն իմաստուն է համարում, ապա շատ իմաստունների խելքն ավելի մեծ է, քան մեկ իմաստունինը։ Իհարկե, ազնիվ մարդը, իմանալով, որ ինքը երկրի ամենաիմաստուն մարդը չէ, նույնիսկ իր թեկնածությունն էլ չի դնի ղեկավարի պաշտոնի համար։ Իսկ եթե հանգամանքների բերումով արդեն հայտնվել է այնտեղ, ապա գոնե կշրջապատի իրեն ավելի իմաստուններով, որպեսզի որքան հնարավոր է մեծ ավանդ ներդնի ժողովրդի բարգավաճման գործում։

Չէ՞ որ Հայաստանում կան իմաստուն մարդիկ։ Եթե նույնիսկ նրանք չլինեն ամեն բնագավառում, ապա ամենաքիչը մեկում նրանք կան՝ իմաստասիրությունում։ Չէ՞ որ այնտեղ հավաքված են հենց իրենց մասնագիտության բերումով կյանքի իմաստության մեջ մասնագիտացած մարդիկ։ Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրն ավելի իմաստուն է, քան մեկ նեղ մասնագիտական կրթություն ունեցող կամ ոչ մի կրթություն չունեցող ղեկավարը։ Հին, ծաղկուն ժամանակներում Հայաստանը հայտնի է եղել իր իմաստությամբ, իմաստուններով, որոնց մոտ ուսանելու էին գալիս այլ երկրներից: Իսկ ներկա վիճակի մեջ հայտնվելու պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքական ղեկավարներն իրենց ավելի իմաստուն են համարել և չեն ունկնդրել ու հաշվի առել իսկական իմաստունների կարծիքը:

Սա նոր հայեցակարգ է Հայաստանի համար, այդ պատճառով, անսովորությունից, շատերին կարող է անիրատեսական թվալ։ Բայց եթե ուրիշների մոտ այն գործում է և փրկում նրանց, ուրեմն մեզ մոտ էլ կարող է ստացվել։ Ցանկացած գաղափար նախ ներդրվում է, հետո սկսում աճել ու հասունանալ, որպեսզի վերջում վերածվի օգտակար բերքի։ Իշխանության վրա վերահսկողությունը կազատի ժողովրդին որևէ բռնակալի ամենաթողությունից և զսպաշապիկ կհագցնի նրա բռնակալական հակումների դրսևորման գայթակղության վրա։ Ազգը և հայրենիքը մարդկային կյանքի ամենաթանկ արժեքներն են, չի կարելի թույլ տալ, որ դրանք կործանվեն: Եվ, եթե մինչև հիմա եղած մարմիններով ու կառույցներով հնարավոր չի եղել փրկել նրանց, ապա արժե կիրառել նաև նոր հնարավորություններ, մանավանդ որ դրանք իրենց արդարացրել են աշխարհի այլ երկրներում:

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30