Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպի դերակատարությունը Սյունիքին է վերապահված․ «Հայացք Երևանից»

Սեպտեմբեր 01,2024 10:17

Հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքում տեղ է գտել վիճահարույց մի հատված, ըստ որի՝ XIX դարասկզբին Ռուսաստանը բռնակցել էր Արեւելյան Հայաստանը: Մեծ աղմուկ էր բարձրացել, եւ Ռուսաստանն իր արտաքին քաղաքական գերատեսչության մակարդակով դիմել էր պաշտոնական Երեւանին՝ կոչ անելով չհրապարակել նմանատիպ ապատեղեկատվություններ ու չխեղաթյուրել պատմությունը: ՀՀ-ից, կարծես թե, խոստացել էին վերանայել դասագիրքը եւ շտկել խնդրո առարկա ձեւակերպումը:

Ուսումնական ձեռնարկներում շարադրվող պատմական նյութերն ու անցքերը կարեւոր ազդակներ են. դրանք հիմնականում փոխանցում են անցյալի մասին տվյալ պետության պաշտոնական գնահատանքը եւ ծրագրավորում քաղաքացիների պատկերացումները, ձեւավորում աճող սերնդի ազգային ինքնության կոդերը: Այս առումով խիստ անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել երկու դար առաջ եւ ինչպիսի հետեւանքների է հանգեցրել տեղի ունեցածը:

Հայտնի է, որ մեր օրերի Հայաստանը ստեղծվել է 1828 թվականին՝ ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմներում Ռուսաստանի տարած հաղթանակների արդյունքում: Հայերի համար դա ծանր ժամանակաշրջան էր: Նրանք, ըստ էության, ստիպված էին՝ իբրեւ քաղաքական ազգ, լքել պատմության թատերաբեմը եւ տարբեր երկրներում գոյություն պահպանել փոքրաթիվ, աստիճանաբար ուծացվող էթնիկ խմբի կարգավիճակով: Սակայն ճակատագիրը բարեհաճ գտնվեց եւ նոր հնարավորություն տվեց հայերին՝ որպես քաղաքական միավոր, կրկին վերադառնալ պատմության թատերաբեմ:

Առհասարակ՝ փոքր պետությունները ստեղծվում են որոշակի աշխարհաքաղաքական դերակատարության համար՝ որպես թափարգել կամ փոխզիջում մեծ երկրների միջեւ: Այդ դերի կորուստը երբեմն կարող է հանգեցնել տվյալ երկրի պետականության կորստին: Այսպիսով՝ Հայաստանը գոյության շանս է ստացել, որովհետեւ Ռուսաստանին պետք էր թյուրքական ազգաբնակչության արանքում «սեպ խրել», եւ դա արեց հայերի ու վրացիների միջոցով, որոնք ազդեցության գործակալներ էին Թուրքիայի ու Բրիտանիայի համար: Ի դեպ՝ վերջինս այդ ժամանակ համաշխարհային թիվ մեկ գերիշխանն էր:

Հայաստան պետության գոյության իմաստն այժմ եւս այդ սեպի դերակատարությունն է, ինչը ոմանց խանգարում է, իսկ ոմանց համար Հայաստանը դարձնում է հրապուրիչ: Ընդ որում՝ սեպի դերակատարությունը Սյունիքին է վերապահված, որի համար հիմա պայքար է գնում: Առանց Սյունիքի Հայաստանն ուղղակի տարածք է՝ զուրկ աշխարհաքաղաքական հետաքրքրությունից: Սյունիքի համար պայքարը մեծագույն աշխարհաքաղաքական մրցակցություն է, որը, ամենայն հավանականությամբ, երկար է տեւելու, եւ որին մենք պետք է պատրաստվենք: Սյունիքի հանդեպ եղած դիրքորոշմամբ է որոշվելու, թե ով է Հայաստանի բարեկամը եւ ով՝ թշնամին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30