Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ-ի նման երկրի մասին». Նիկոլ Փաշինյանը՝ ՀԺ-ին

Օգոստոս 31,2024 23:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավել արդյունավետ է համարում Ադրբեջանի հետ ուղիղ շփումներն ու երկկողմ ձևաչափով աշխատանքը:

Այս մասին նա հայտնեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան ՌԴ նախագահի՝ Բաքվում արված վերջին հայտարարության, թե ինքը ուրախ կլիներ հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորման համար ինչ-որ բան անել:

«Մենք բոլոր մեր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության կարգավորման գործընթացում բարձր ենք գնահատում: Տևական ժամանակ է՝ Ադրբեջանի հետ աշխատանքը կատարվում է երկկողմ ձևաչափով, և այս տարբերակը որոշակի արդյունավետություն է ցուցաբերում: Ստորագրվել է նաև համատեղ աշխատանքի կանոնակարգը, մենք գտնում ենք, որ պետք է կողմնորոշվենք այս հարցում, որովհետև այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափով և քանի դեռ կարողանում ենք նման կերպ առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտը հենց այդ ձևաչափն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ մասին ուղիղ ձևով ասել է նաև ՌԴ նախագահին:

 Երևանը պատրաստվո՞ւմ է պաշտոնապես հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից

«Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել այդ հայտարարությունից, իր մտադրության մասին կհայտարարի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Մոսկվայից հնչող մեղադրանքների ֆոնին անցած շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «չկա նոյեմբերի 9-ի հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որը անդառնալիորեն խախտված չլինի. «Սա նշանակո՞ւմ է, որ Երևանը պատրաստվում է պաշտոնապես հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ այդ քայլին չի գնում»:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այդ հայտարարությանը պետք է նայել ամբողջականության մեջ, և կարծում եմ՝ ԱԳՆ-ն պատշաճ արձագանք է տվել: Այն հայտարարությունը, որ առիթ էր դարձել ԱԳՆ արձագանքի, այդ հայտարարության մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվում Հայաստանի ՀՀ սաբոտաժի պատճառով, ես կարող եմ ասել, որ տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել մինչև այս պահը, այդ թվում՝ ՌԴ մի շարք գործընկերների փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով: Ընդ որում՝ այդ մեկնաբանությունները շատ հաճախ հակասել են ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրի ձևակերպումներին:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային, ՀՀ-ն ոչ միայն այդ թեման սաբոտաժ չի անում, այլ նաև շահագրգռված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

«Վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները, դա ստորագրել՝ որպես Խաղաղության պայմանագիր»

Խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացի մասով հայկական կողմը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին. ասաց վարչապետը:

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նոր առաջարկի վրա, որը ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանին: Ճիշտ է, պետք է խոստովանեմ, որ դա ընդամենը երեկ է տեղի ունեցել, և պաշտոնական Բաքուն օբյեկտիվորեն դեռ թերևս չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը:

Առաջարկի էությունը հետևյալն է. որ Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, 17 հոդվածից 13-ը լիարժեք համաձայնեցված են, ներառյալ՝ նախաբանը: Եվս 3 հոդված բաղկացած է 1-ից ավելի նախադասությունից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է: Ո՞րն է մեր առաջարկի էությունը. վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները, դա ստորագրել՝ որպես Խաղաղության պայմանագիր, որովհետև հենց ինքը կա նաև Խաղաղության պայմանագիր:

Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև, ըստ էության, այնտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները, և, այսպես թե այնպես, մենք և երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ այնպիսի խաղաղության կամ որևէ պայմանագիր, որով բոլոր հարցերը կարգավորվեն:

Մեր առաջարկի էությունը հետևյալն է. ինչ այս պահին արդեն համաձայնեցված է, դա ստորագրել և վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել:

Մեր խաղաղության նույնիսկ ամենաիդեալական պայմանագիրը, և որևէ այլ կողմի, ուրիշ կողմերի, ուրիշ երկրների միջև ստորագրված Խաղաղության պայմանագրերը բոլոր հարցերի պատասխանները, միևնույն է, չեն տալիս: Այս դեպքում առավել ևս հենց արդեն իսկ համաձայնեցված հոդվածներում կա մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս մշտական գոյություն ունեցող հարթակում քննարկել բոլոր հնարավոր հարցերը, որոնք կապված են Խաղաղության պայմանագրի իրականացման հետ:

Այդ պայմանագրի ստորագրումից հետո նաև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջև»,- պարզաբանեց Փաշինյանը:

 

«Նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, արդեն ի բնե սխալ է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ պատասխանեց «Հայկական ժամանակ»-ի հարցին, ըստ որի՝ քաղաքագիտական շրջանակները պնդում են՝ որքան մոտենում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնքան Ռուսաստանն ավելի է ջղաձգվում՝ գիտակցելով, որ դուրս է մեղվում տարածաշրջանից, արդյոք ինքը համամի՞տ է այս պնդումների հետ, և եթե ռուսական կողմը կիրառի տնտեսական սահմանափակումներ, պատրա՞ստ է Հայաստանը դիմակայել դրանց:

Կառավարության ղեկավարը նշեց, որ ինքը ճիշտ չի համարում գործընկեր երկրի մասին այդ բառապաշարով խոսել:

«Ես շփվում եմ ՌԴ նախագահի, կառավարության ղեկավարի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է: Ես ընդհանրապես չեմ ընդունում այդ բառապաշարը, որը պետական բառապաշար չէ, և ինքնիշխան պետության բառապաշար չէ: Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ-ի նման երկրի մասին: Կարելի է ունենալ խնդիրներ, որոնց մասին պետք է խոսել և բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, արդեն ի բնե սխալ է, և եթե մնաք այդ սխալները գործել ենք, պետք է ուղղենք և ոչ թե ուրիշների, այլ ինքներս մեզ համար»,- ասաց վարչապետը:

Խոսելով ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության մասին՝ Փաշինյանն ասաց. «Մենք ԵԱՏՄ հարթակում բազմաթիվ հարցեր ենք բարձրացնում, և այդ հարթակում էլ շատ սուր քննարկումներ են տեղի ունենում շատ սուր հարցերի մասին: Հավաստիացնում եմ, որ ՀՀ-ն ամենապասիվ մասնակիցն է այդ սուր հարցադրումների ու քննարկումների»:

 

«Մենք այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար»

Հայաստանը բոլոր մակարդակներում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, այս փուլում այդ որոշումը բավարար է. ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ–ից դուրս գալու հավանականության վերաբերյալ հարցին:

«Հայաստանի Հանրապետությունը բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Մենք այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար: Կարող է լինել բանավեճ, մեկը կարող է ասել, որ բավարար է, մյուսը կարող է ասել՝ անբավարար է: Բայց պետք է նայենք, թե ով ինչ գնահատողական իրավասություն ունի»,-ասաց վարչապետը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031