Ըստ տարբեր աղբյուրների, հայերը Իտալիայի տարածքում հաստատվել են դեռևս հին Հռոմի ժամանակաշրջանից, սակայն հայկական համայնքներ ձեւավորվել են հիմնականում 12-18-րդ դարերում:1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո եւս բազմաթիվ հայեր են տեղափոխվել Իտալիա, որտեղ ներկայումս ավելի քան 5000 հայ է ապրում: Իտալական Բարի քաղաքի «Արմենի Ապուլիա» ասոցիացիայի քարտուղար, «Հրանդ Նազարյանց» մշակութային կենտրոնի համահիմնադիր ու ղեկավար, պրոֆեսոր Կարլո Կոպպոլան հարցազրույցներից մեկում նշել է, որ հենց Հարավային Իտալիայից են հայերը մուտք գործել Եվրոպա:
Իտալիայում ավելի քան 20 հայկական եկեղեցի կա, դրանց թվում են՝ Վենետիկի Սուրբ Խաչը, Հռոմի Ս. Նիկողայոս կաթողիկե եկեղեցին, Միլանի Ս. Քառասուն Մանկունքը եւ այլն:
Օրինակ, Նարդո քաղաքի պահապանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, ում տոնը նշում են 7 օր շարունակ, Իսկ Ֆլորենցիա քաղաքի պահապանը սուրբ Մինասն է՝ Սան Մինիատո ֆիրենզեն, տաճարի վերեւում էլ գրված է հայ թագավոր:
Կարդացեք նաև
Վենետիկի Սուրբ Խաչ հայոց եկեղեցում ամեն ամսվա վերջին կիրակի օրը պատարագ է մատուցվում: Եկեղեցու ներսում տապանաքարեր կան, չճշտված տեղեկություններով, դրանցից մեկը, որ վրա հայերեն գրություններ կան, կնամոլ Կազանովայինն է:
Համենայնդեպս, այդպես ներկայացրեց մեր զբոսավարը:
Անշուշտ, ամենահպարտանալուն Վենետիկի Մխիթարյան միաբանությանը պատկանող Սուրբ Ղազար հայոց կղզին է կամ ինչպես իտալացիներն են ասում՝ San Lazzaro degli Armeni-ն: Այգում տնկված ծառերի մեծ մասը Գեթսեմանի պարտեզից է:
Ինչպես այցելուներին ներկայացրին Սուրբ Ղազարում, ժամանակին Նապոլեոն Բոնապարտը տարածքներ գրավելիս իր ճանապարհին այրել ու թալանել է ամեն բան, սակայն սուրբ Ղազարին հարգանքով է մոտեցել, անգամ 1810 թ հրամանագրով վանքին շնորհել է ակադեմիայի կարգավիճակ: Սուրբ Ղազարում պահպանվում են Այվազովսկու բազմաթիվ կտավներ, որոնք նվիրել է ծովանկարիչը: Նրա եղբայրը՝ Գաբրիել Այվազյանը, Մխիթարյան միաբանության վարդապետ է եղել: Սուրբ Ղազարի ձեռագրատունը աշխարհում թվով երրորդն է մեծությամբ: Այստեղ 4000 հազարից ավելի ձեռագիր մատյաններ կան: Առաջինը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանն է, երկրորդը՝ Երուսաղեմում է: 2000-ից ավել ձեռագիր էլ Վիեննայի Մխիթարյան միաբանությունում է պահվում:
Սուրբ Ղազարում հայերեն է սովորել Բայրոնը, նրա ուսուցիչն է եղել լեզվաբան, թարգմանիչ, հայոց պատմության խոշոր գիտակ Հարություն Ավգերյանը: Սուրբ Ղազարում պահվում է նաեւ 150000 անուն գիրք, եգիպտական, հնդկական, արաբական արվեստի նմուշներ, Կիլիկյան Հայաստանի առաջին արքա Լեւոն Ա Մեծագործի սուրը, անգամ ուրարտական շրջանի նմուշներ են ցուցադրված, ինչպես նաեւ հնագույն եգիպտական մումիա, որը նվեր է բարերարի կողմից:
Սուրբ Ղազարում է պահվում Կոմիտաս վարդապետի մահադիմակը: Երբ Կոմիտասը վախճանվել է Փարիզում, Մխիթարյան հայրերը ծածուկ, բժշկական խալաթներով մտել են այն սենյակը, որտեղ Կոմիտասի մարմինն էր ու ստացել նրա մահադիմակը: Ի թիվս այլնի,այստեղ են պահվում Հեսիոդոսի, Հովհան Ոսկեբերանի, Փիլոն Ալեքսանդրացու վաղ թարգմանությունները, որոնց բնօրինակներն այլեւս չկան, հայերեն ամենափոքր ձեռագիր ավետարանը, Հակոբ Մեղապարտի հրատարակած Ուրբաթագրքի օրինակը, 17-18 դարերի իտալական գեղանկարչության մեծագույն ներկայացուցիչների գործերը, արծաթե հողաթափեր, որոնք բաղնիքում կրել են հայ ազնվական տիկնայք:
Ժամանակին Իտալիայում ազդեցիկ եւ հասարակության մեջ կարեւոր դիրք զբաղեցնող բազմաթիվ հայեր են եղել, օրինակ նրանցից Շահրիմանյան ընտանիքը փակել է Վենետիկի Հանրապետության պարտքը, որպեսզի հանրապետությունը կարողանա ճգնաժամից դուրս գալ: Ներկայումս այդ մարդու պալատը Վենետիկի մարզպետարան է: Վենետիկը զբոսաշրջության կենտրոն է, Իտալիայի եւ աշխարհի ամենաայցելված վայրերից մեկը, սակայն այսօր անգամ շարքային վենետիկցին փախչում Վենետիկից՝ խոնավության ու պայմանների պատճառով: Ի դեպ, վենետիկցիներից շատերի ազգանունները յան-ով են ավարտվում, սակայն դա չի նշանակում, թե հայկական ծագում ունեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Վենետիկ-Երեւան
Հ.Գ. Այսօր, երբ մեր թշնամիները հային ու հայկականությունը մերժելու արշավ են սկսել հնարավոր բոլոր հարթակներում, իսկ մեր հանրության զգալի մասը իրեն տվել է անհոգ ֆեստիվառների ու զվարճանքների, այլ բան չի մնում, քան անընդհատ հիշեցնել աշխարհի տարբեր անկյուններում հայկական հետքերի ու այլ երկրների ու ժողովուրդների կյանքում հայերի դերակատարության մասին: