Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստորագրումից հետո և վավերացումից առաջ․ հարցադրումների առանցքում՝ Օվիեդոյի կոնվենցիան

Օգոստոս 31,2024 16:00

Այս տարվա մայիսին Ստրասբուրգում Հայաստանի կողմից ստորագրվեց կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է «Օվիեդոյի կոնվենցիա» վերտառությամբ և հանդիսանում է կենսաբժշկության ոլորտում միակ իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթը:

Այդպիսով, Հայաստանը դարձավ կոնվենցիային միացած 37-րդ երկիրը։ Նշենք, որ կոնվենցիան կոչված է պաշտպանելու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները առողջապահության, բժշկական հետազոտությունների, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, բժշկական գենետիկայի ոլորտում: Թեպետ արձանագրված է, որ ՀՀ օրենսդրությունը հիմնականում համընկնում է կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին, այդուհանդերձ, այս փաստաթղթի որոշ հոդվածներ հարցերի տեղիք են տալիս։

Պարզաբանումների համար դիմեցինք ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական ու կրթական կենտրոնի ղեկավար, ՀՌՀ «Առողջապահական իրավունքի» մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Միքայել Խաչատրյանին։

-Օվիեդոյի կոնվենցիայի 14-րդ՝ «Սեռի ընտրության արգելք» հոդվածում արձանագրված է, որ «արգելվում է օգտագործել օժանդակ վերարտադրողական բժշկական տեխնոլոգիաները երեխայի ապագա սեռն ընտրելու նպատակով՝ բացառությամբ սեռով պայմանավորված ժառանգական ծանր հիվանդությունից խուսափելու դեպքերի»։ Ինչպե՞ս է վերահսկվելու այս դրույթի կիրարկումը, եթե գիտական նոր տեսություններն ու ներդրված նորամուծությունները մարդկանց հնարավորություն են տալիս մեր որոշ մասնագիտացված կենտրոններում այսպիսի ծառայություններից օգտվելու։

-Վերարտադրողական առողջության հարցերը, այդ թվում՝ հղիության արհեստական ընդհատման, պտղի սեռի ընտրության արգելքները, գործնականում մեծ դժվարություն են ներկայացնում վերահսկողության տեսանկյունից։ Պտղի սեռի ընտրությունը դիտարկվում է որպես խտրականություն։ Այդ երևույթի դեմ պայքարում կարևոր են հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացումը, սոցիալական ծրագրերի ներդրումն ու նմանատիպ այլ միջոցառումները։ Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրության պրակտիկան կանխարգելելու համար կառավարությունն իրականացրել է «Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման 2020-2023 թթ․-ի գործողությունների ծրագիրը»։

Ինչ վերաբերում է կոնվենցիայում Ձեր հնչեցրած հարցադրմանը համապատասխանող դրույթ նախատեսելուն, ապա այս կոնվենցիան պարունակում է բարոյաիրավական արժեքներ, որոնք ընդհանուր են եվրոպական քաղաքակրթության համար, ուստիև՝ դրանք կոնվենցիան վավերացնող պետությունների հստակ նպատակների շարքում են, և այդ նպատակներին հասնելու ընթացքում առկա դժվարությունները չեն կարող արդարացնել տվյալ պրակտիկայի գոյությունը։

Առհասարակ, առողջապահության բնագավառում առաջընթացն ու բժշկության նվաճումները, մասնավորապես՝ բժշկական տեխնոլոգիաների զարգացումը, թույլ են տալիս բարելավել մարդու կյանքի որակը, բայց կոնվենցիայի նպատակներից է՝ բարոյաիրավական նորմերի միջոցով կանխել այդպիսի նվաճումների գործածումն ի վնաս մարդու։

-Վերոնշյալ դրույթը, փաստորեն, չդիտարկե՞նք որպես անձի իրավունքների սահմանափակում։

-«Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն, կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա: Այս մասով գոյություն ունի հակասություն կոնվենցիայի ու մեր օրենսդրության միջև։

Քննարկումների ընթացքում հնչել է առաջարկություն՝ Օվիեդոյի կոնվենցիան վավերացնել նշված դրույթի վերապահումով։ Դարեր շարունակ մարդկությունը ձգտել է հղիության գործընթացը վերահսկելի դարձնել այնպես, որ կարողանա կանխորոշել ծնվող երեխայի սեռը։ Ժամանակակից գիտությունն ու տեխնիկան այդ հնարավորությունը տալիս են, բայց դա չարաշահվել և օգտագործվում է ի վնաս հանրային առողջությանը և ժողովրդագրությանը։

Պտղի սեռով պայմանավորված աբորտը հանրային առողջության հիմնական խնդիրն է, որը հանգեցնում է իգական սեռի մահացության բարձր մակարդակին այն հասարակություններում, որտեղ տղաներին տրվող նախապատվությունը մեծ է, ինչն էլ իր հերթին ազդում է կին-տղամարդ սեռերի հարաբերակցության վրա: Օրենքի կարգավորումները պետք է ուղղված լինեն հավասարակշռելու բոլոր կողմերի շահերը։

-Կոնվենցիայի 18-րդ՝ «Էմբրիոնների վրա in vitro հետազոտություն» հոդվածում նշվում է, որ «եթե օրենքը թույլատրում է էմբրիոնների վրա in vitro հետազոտություն, ապա այն պետք է ապահովի էմբրիոնի համարժեք պաշտպանություն»: Այնուհետև նշվում է, թե «արգելվում է հետազոտական նպատակներով ստեղծել մարդու էմբրիոն»: Մերօրյա գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում որքանո՞վ է երաշխավորված այս դրույթի կատարումը։

-Օվիեդոյի կոնվենցիան շրջանակային պայմանագիր է, որով նախատեսվում են ոչ թե անհրաժեշտ ու բավարար, այլ նվազագույն չափորոշիչներ ու սկզբունքներ (de minimis)՝ տվյալ ոլորտում մարդու իրավունքների պահպանությունն ապահովելու համար: Հարկ է հաշվի առնել, որ Օվիեդոյի կոնվենցիայի հեղինակները նպատակ չեն ունեցել հստակ և սպառիչ լուծումներ տալու կենսաբժշկության ոլորտում գոյություն ունեցող բոլոր խնդիրներին ու տարաձայնություններին․ կոնվենցիան ներառում է ընդհանուր բնույթի սկզբունքներ, որոնք հետագայում հստակեցվել են կից արձանագրություններում կամ անդամ պետությունների ներպետական օրենսդրություններում:

Այս առումով՝ գիտության ու տեխնիկայի զարգացումը անհամեմատելիորեն առաջ է իրավական կարգավորումների դինամիկայից, սակայն խնդիրն էլ այն է, որ իրավակարգավորումներում արտահայտվեն բարոյականության սկզբունքները, որոնց հաշվին գիտության, այսպես կոչված, զարգացումը կունենա բարոյական վեկտոր կամ կծառայի մարդկությանը, մինչդեռ ինքնին գիտական հետազոտությունների ու փորձերի պրակտիկան ցույց է տալիս, որ այն չի ծառայում մարդկությանը, ավելին՝ վնասում է։

-Փաստաթղթի 36-րդ հոդվածում նշվում է, որ «ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնքը կոնվենցիան ստորագրելու կամ վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին կարող է կոնվենցիայի ցանկացած դրույթի առնչությամբ կատարել վերապահում, եթե տվյալ դրույթը հակասում է այդ պահին տվյալ պետության տարածքում գործող օրենսդրությանը»: Ընդ որում՝ ընդհանուր բնույթի վերապահումներն արգելվում են: Կան երկրներ, որոնք Օվիեդոյի կոնվենցիային միացել են մասնակի վերապահումներով։ Հայաստանում նախքան կոնվենցիայի ստորագրումը եղե՞լ են տարբեր ձևաչափի քննարկումներ, առհասարակ եղե՞լ են կոնվենցիայի առանձին դրույթների վերաբերյալ վերապահումների առաջարկներ։

-Կոնվենցիան վավերացրած երկրներից Խորվաթիան, Դանիան, Նորվեգիան, Շվեյցիարիան, Մոլդովան ու Թուրքիան օգտվել են վերապահում անելու հնարավորությունից։ Դանիան վերապահում է արել այն դրույթի առնչությամբ, որի համաձայն՝ անչափահասից վերականգնվող հյուսվածքի, օրինակ՝ ոսկրածուծի հեռացումը կարող է թույլատրվել բացառիկ դեպքերում, եթե ստացողը դոնորի եղբայրն է կամ քույրը։ Ստացվում է, որ, ըստ կոնվենցիայի, վերականգնվող հյուսվածքը չի կարող փոխպատվաստվել անչափահաս երեխայի ծնողներից մեկին: Այս սահմանափակումը համատեղելի չէ Դանիայի ընդհանուր պրակտիկայի հետ։ Նույն հոդվածից վերապահում են արել նաև Խորվաթիան, Նորվեգիան, Թուրքիան։

Մոլդովան, տարածքային վերահսկողության նկատառումներից ելնելով, վերապահում է արել Օվիեդոյի կոնվենցիայի կիրարկման պատասխանատու չլինելու համար այն տարածքներում, որը գործող իշխանությունների վերահսկողությունից դուրս է։ Հայաստանի կողմից վերապահումներ կատարելուն առնչվող հանրային քննարկումների ընթացքում արծարծվել է միայն կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ սեռի պլանավորման արգելքին վերաբերող դրույթի կապակցությամբ վերապահում անելու անհրաժեշտությունը։ Ինչպես արդեն նշել եմ, գոյություն ունի հակասություն կոնվենցիայի ու մեր օրենսդրության միջև. ընտանիքի՝ նույն սեռի 3 երեխա ունենալու դեպքում, Հայաստանի օրենսդրությամբ, երեխայի սեռը պլանավորել թույլատրվում է, մինչդեռ Օվիեդոյի կոնվենցիայով դա համարվում է խտրականություն։

-Քանի որ մենք կոնվենցիան ընդունել ենք առանց վերապահումների, ի՞նչ ձևով պիտի կարգավորվի նշված հակասությունը․ մեր օրենսդրությունը պիտի փոխվի՞, թե՞ դա պարտադիր չէ։ 

-Վերապահումը հնարավոր է միջազգային պայմանագրի ստորագրման, վավերացման (դրան միանալու), հաստատման ժամանակ։ Օվիեդոյի կոնվենցիան ստորագրվել է, բայց դեռ չի վավերացվել։ Այսինքն՝ դեռևս հնարավորություն կա վերապահում անելու։

-Տեղական և միջազգային դատական ո՞ր կառույցների միջոցով է վերահսկվելու կոնվենցիայի դրույթների կատարումը։ Սահմանափակումների վերաբերյալ անհամաձայնություն ունենալու դեպքում անհատները կամ կազմակերպությունները ո՞ւր կարող են դիմել, և ի՞նչ մեխանիզմների օգնությամբ է կարգավորվելու վերջիններիս իրավունքների պաշտպանության հարցը։

-Օվիեդոյի կոնվենցիայի 23-րդ հոդվածը պարտավորեցնում է անդամ պետություններին՝ ապահովել դատական պաշտպանություն Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված իրավունքների կանխարգելման ու պահպանության համար: Սակայն Օվիեդոյի կոնվենցիայով կենսաբժշկական իրավունքների պահպանության համար ինքնուրույն միջազգային մեխանիզմ չի նախատեսվում: Դրա փոխարեն Օվիեդոյի կոնվենցիայով հնարավորություն է տրվել վավերացրած երկրներին և Բիոէթիկայի հարցերով ղեկավար կոմիտեին (DH-BIO)՝ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խորհրդակցական բնույթի եզրակացություն ստանալու խնդրանքով:

ՄԻԵԴ-ին եզրակացության համար դիմելու սուբյեկտային նեղ կազմ նախատեսելը դիտվում է որպես Օվիեդոյի կոնվենցիայի ամենաթույլ կողմերից մեկը: Օվիեդոյի կոնվենցիայի փոխհարաբերությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ շատ սերտ է։ Անհատների համար ՄԻԵԴ-ը հասանելի է միայն այն դեպքում, երբ փաստերն ու հանգամանքները, որոնց հղում է կատարում դիմումատուն, ենթադրում են ինչպես Օվիեդոյի կոնվենցիայով, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտում։ Սա նաև նշանակում է, որ Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքները կարող են սահմանափակվել նաև այն հիմքերով, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է շատ գործեր՝ հիմնվելով Օվիեդոյի կոնվենցիային։

 

Անուշ Բաբայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031