Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ միայն ուրիշի ապրանքն էինք մեր երկրով տանում ՌԴ, այլ նաեւ մեր արտադրանքն էինք արտահանում։ Հիմա արտահանումը դեպի ՌԴ կրճատվում է. «Հրապարակ»

Օգոստոս 31,2024 12:15

Այս շաբաթ «Լույս» հիմնադրամը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամեն մեկը՝ յուրովի, ամփոփեցին տնտեսության զարգացման ցուցանիշները 2024 թվականի առաջին կիսամյակում։

Ըստ «Լույս» հիմնադրամի վերլուծության՝ մեր գործերն այնքան էլ լավ չեն։ Ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ի հայտ եկած բարենպաստ գործոնների ազդեցությունը թուլանում է, մշակող արդյունաբերության ու, մասնավորապես, վերջինիս լոկոմոտիվ հանդիսացող ոսկերչական ոլորտում աճը դանդաղում է, շարունակվում է անկումը սննդամթերքի, հագուստի, քիմիայի արտադրությունում, բյուջեի եկամուտների աճի տեմպն անցյալ տարվա համեմատ եռակի իջել է, հարկային եկամուտների ու տուրքերի աճն ավելի քան 4 անգամ դանդաղել է եւ այլն։

«ՀՀ պետական բյուջեի 2024-ի առաջին կիսամյակի ընդհանուր եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ եւ ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 8.0%-ով։ Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 1,187.6 մլրդ դրամ եւ ճշտված պլանի համեմատ նույնպես թերակատարվել են՝ 9.0%-ով»,- գրում են «Լույսի» փորձագետները։

«Լույս» հիմնադրամի համակարգող խորհրդի անդամ, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը հակասություն չի տեսնում երկու ամփոփումներում։ ««Լույսը» նույն վիճակագրական տվյալները ենթարկել է ավելի խորքային տնտեսական վերլուծության»։

Մի քանի հարց ուղղեցինք նախկին նախարարին։

– Գրել են, որ տնտեսական ակտիվության «էական» աճ կա, իսկ Դուք ասում եք, որ աճը դանդաղում է։ Ուրեմն, էակա՞ն չէ։

– Այո, դանդաղում է, բայց դեռեւս մնում է բարձր մակարդակի վրա։ Մենք խոսում ենք տնտեսական աճի միտումի մասին, որը նվազող է։ Կարծում եմ՝ բանավեճ չկա, որ 2022 թվականի 12,6 տոկոս տնտեսական աճը, 2023 թվականի 8,7, ապա ճշգրտումից հետո 8,3 տոկոս տնտեսական աճը մեր պոտենցիալից բարձր է, որ մեր «մկանները» թույլ են տալիս 4-5 տոկոս տնտեսական աճ ունենալ, բայց մենք բարձրացնում ենք 12․7% եւ 8,3%, որը բացատրվում է ռուս-ուկրաինական պատերազմի գործոնով եւ որը մեր հնարավորությունից բարձր էր։

2024 թվականի հունվարին տնտեսական ակտիվությունը եղել է 10,4, փետրվարին՝ 13,5, հետո՝ 13,6, հետո սկսել է արդեն կամաց դանդաղել՝ 12,9, 11,2, հունիսին էլ՝ 10,4։ Մենք ասում ենք՝ եթե այսպես շարունակվի, ապա հուլիսի ցուցանիշներում էլի դանդաղում է լինելու, որովհետեւ այն գործոնները, որոնք այդ բարձր տնտեսական աճն ապահովում էին, նահանջում են։

– Կարո՞ղ եք օրինակ բերել։

– Օրինակ, նայում ենք զբոսաշրջությունը․ 2022 թվականին մեծ տեմպով Ռուսաստանից գալիս էին, 23-ին՝ եւս, բայց ավելի դանդաղ տեմպերով էր այցելուների աճը, իսկ 24-ին պատկերը շրջվել է, զբոսաշրջիկների քանակը 23,8 տոկոսով կրճատվել է։ Նայում ենք տրանսֆերտները․ անցյալ տարի, 22 թվականի համեմատ, թիվը կրճատվել է, բայց էլի մեծ է եղել ընդհանուր ծավալը, իսկ 2024 թվականին կրճատումը շարունակվել է։ Այս երկու գործոնները, որոնք կապված են Ռուսաստանի հետ ու 2022 թվականին թռիչքային աճ ունեցան, 23-24-ին հետ են նահանջում։

Նայում ենք արտաքին առեւտուրը․ 2024-ին անգամներով աճել է ոսկու եւ ոսկերչական իրերի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ է այդ մասին գրել, բայց չի մեկնաբանել տենդենցները։ Մենք ե՛ւ 22, ե՛ւ 23 թվականին ունեցել ենք դեպի Ռուսաստան մեծ արտահանումներ։

Ոչ միայն ուրիշի ապրանքն էինք մեր երկրով տանում Ռուսաստան, այլ նաեւ մեր արտադրանքն էինք արտահանում։ Հիմա արտահանումը դեպի Ռուսաստան կրճատվում է, իսկ ընդհանուր արտահանման աճի հիմքում դեպի Հոնկոնգ ու Էմիրություններ արտահանումներն են։ Ի՞նչ ենք մենք տանում Հոնկոնգ ու Էմիրություններ։ Նայում ենք ներմուծման կառուցվածքն ու տեսնում, որ Ռուսաստանից ոսկի ենք բերել։ «Լույսը» հենց այս տենդենցներն է փորձել վերլուծել, որ մարդկանց բացատրի, թե վաղն ինչ կլինի, եթե այսպես գնա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031