Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշեց ինքը, միանձնյա: Իր թիմն էլ, որպես կոլեկտիվ պատասխանատու, որոշեց մտնել այդ մեղքի տակ…». «Փաստ»

Օգոստոս 31,2024 11:11

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման օրն է: Երեսուներեք տարի առաջ Արցախը հռչակեց անկախանալու մասին, ինչը լիովին համապատասխանում էր թե՛ ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքներին, թե՛ արդեն քանդվող ԽՍՀՄ օրենքներին, թե՛ միջազգային իրավունքի նորմերին: Բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության չարաղետ գործունեության ու վարած ոչ հայանպաստ ու ոչ արցախանպաստ քաղաքականության հետևանքով սեպտեմբերի 2-ն առաջին անգամ նշելու ենք լիովին հայաթափված ու ամբողջությամբ թշնամուն հանձնված Արցախի պայմաններում:

Փաշինյանի կողմից ու Հայաստանի անունից պաշտոնապես Արցախն ուրանալուց, դրա հետևանքով կատարված ահավոր աղետից ու հայրենազրկումից հետո բոլոր այդ խոսակցությունները մի տեսակ անտեղի են թվում: Իսկ, այ, նույն Փաշինյանի երկերեսանի մոտեցումների մասին շարունակ արժե հիշեցնել: Ինչպես վերջերս իր կողմից արված խոստովանությունը, թե իր սխալն այն է, որ դեռևս 2018-ին ինքը չէր ասել, որ իշխանության է եկել Արցախը հանձնելու համար: Ինքն ասաց, որ դեռ այն ժամանակ պիտի ասեր, թե՝ Արցախը պետք է հանձնել, այլ տարբերակ չկա… Բայց նույն այդ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, արդեն ՀՀ վարչապետի կարգավիճակում երդում էր ուտում, թե՝ նման բան չկա՜, որ երբ իր մասին ասում են, թե եկել է Արցախը հանձնելու և Հայաստանն աղետելու նպատակով, ցանկանում են իրեն վակաբեկել: Գոռում էր (2018-ի օգոստոսի 17-ին, հիշո՞ւմ եք) հրապարակում, թե երբեք ժողովրդի թիկունքում ոչինչ չի անի, այն էլ՝ Արցախի հարցի հետ կապված:

Ի դեպ, նույն Փաշինյանը 2019-ի մայիսի 8-ին ասուլիս էր տալիս ու, սրբերի որմնանկարների խորապատկերում մունաթ գալով, հայտարարում էր, թե՝ ժողովուրդը պիտի որոշի Ղարաբաղի հարցը: Ավելին, «նախկիններին» մեղադրում էր ինչում ասես, այդ թվում՝ վերագրում մոտեցում, թե նրանք, իբր, դեմ են, որ «ժողովուրդը որոշի» (դեռ մի կողմ, որ նման հարցադրում երբեք չի եղել, ու նման պնդումները փաշինյանական սովորական մանիպուլյացիաներ են): Բայց հիմնականը. այդ պատմական ասուլիսում Փաշինյանը հոխորտալով վրա էր տալիս՝ «էդ ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ հողեր ծախելու մեջ մեղադրի… ո՞վ են դրանք ընդհանրապես… զինվորի հաշվին վզներ հաստացրածները… նրա՞նք պիտի Ղարաբաղի հարց որոշեն… Բանակ թալանածն իրավունք չունի ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին խոսել: Եվ, այո, ժողովուրդն ա որոշելու…»:

Որոշեց ինքը, միանձնյա: Իր թիմն էլ, որպես կոլեկտիվ պատասխանատու, որոշեց մտնել այդ մեղքի տակ: Ի՜նչ ժողովուրդ, ի՜նչ հանրաքվե: Ո՞վ է ժողովուրդն, ընդհանրապես, Փաշինյանի համար: Տուգանքի ու հարկային քերթման «մատերիալ», ոչ ավելին: Իսկ այս ամենի մեջ ամենահիմնականն ու ամենատարօրինակն այն է, որ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել…

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031