Նիկոլ Փաշինյանն ասում է, որ քաղաքացիներն իրենք պիտի մաքրեն իրենց տների մերձակայքի ձյունը, իսկ համայնքներն էլ պիտի իրավունք ունենան վարչական միջոցներ կիրառել այն բնակիչների նկատմամբ, որոնք, օրինակ, ժամանակին չեն ներկում իրենց ցանկապատները։
Լավ է, իհարկե, որ առաջարկում է միայն վարչական միջոցներ կիրառել։ Նաիրի Հունանյանը, օրինակ, հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից ժամեր անց մի «դեկլարացիա» էր հրապարակել, որտեղ խոստանում էր միանգամից տեղում գնդակահարել գետերում լվացք անողներին։
Ինչ վերաբերում է ցանկապատները ներկելուն, ապա անցյալ դարի կեսերի դոմինիկյան բռնապետ Տրուխիլիոն, օրինակ, նախ սեփականացրել էր այդ երկրի՝ ներկեր արտադրող միակ գործարանը, ապա հրովարտակ արձակել, ըստ որի՝ բոլոր քաղաքացիները պարտավոր են տարեկան առնվազն չորս անգամ վերից վար ներկել իրենց տները, իսկ հրաժարվողները կենթարկվեն խստագույն պատժի։
Ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի այս վերջին սրացումները (իբր՝ մարդիկ իրենց տան շեմին սայթաքում են ու գետնին պառկած անմիջապես «լայվ մտնում» և հայհոյում իշխանություններին․ հետաքրքիր է՝ որևէ մեկը երբևէ նման «լայվ» տեսե՞լ է), ապա դա ընդհանուր առմամբ տեղավորվում է նրա քարոզչական քաղաքականության շրջանակներում։ Իմաստը մեկն է՝ «իշխանությունները լավն են, առաջադեմ, հայրենասեր, գիշեր-ցերեկ մտածում են երկրի մասին, իսկ ժողովուրդը փնթի է, ահավոր ծույլ, մատը մատին չի խփում, վախկոտ է, դասալիք, աղքատությունն իր գլխում է», և այլն։
Կարդացեք նաև
Մի խոսքով՝ ամեն ինչի համար ժողովուրդն է մեղավոր։ Պատերազմում պարտվեցինք, որովհետև ժողովուրդը չուլաններում բավարար չափով զրահաբաճկոն ու կասկա չուներ, հազիվ լեչո ու աջիկա էր պահուստավորել, ով էլ ուներ՝ գնաց ու դարձավ դասալիք, կորոնավիրուսը ժողովրդին հնձեց, որովհետև այդ փնթիները նորմալ չէին լվացվում, մարդիկ համաձայնվում են ամիսը 70-80 հազար դրամով աշխատել ու մի կերպ քարշ տալ իրենց գոյությունը, որովհետև կրթություն չունեն, գյուղացիներն աղքատ են ապրում, որովհետև չեն ֆայմում իրենց խաղողի այգիները վերացնել ու գինու սորտերի նոր այգիներ հիմնել, առողջ չեն, որովհետև չեն ֆայմում հեծանիվով գործի գնալ ու մեկ-մեկ էլ պտտվել Սևանի շուրջը, և այսպես շարունակ։
Իսկ այ Նիկոլ Փաշինյանը կաշվից դուրս է գալիս՝ իր և իր ընտանիքի օրինակով փորձելով կրթել մեր փնթի ու հետամնաց ժողովրդին։ Առավոտները՝ առողջ ապրելակերպ, երեկոները՝ քեֆ-ուրախություն․․․
Մարկ Նշանյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: