Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.
Քննչական կոմիտեին և հատկապես այդ մարմնի խոսնակին ինչպե՞ս բացատրենք, որ սեփականացնելն ու փաստացի շահագործելը տարբեր հասկացություններ են։
Ի գիտություն բոլորին. ո’չ Սամվել Շահրամանյանը և ո’չ էլ որևէ մեկը ԱՀ նախագահին սպասարկող ավտոմեքենան չի սեփականացրել, այն մինչև հիմա էլ շարունակում է հանդիսանալ Արցախի Հանրապետության գրանցված սեփականությունը, հետևաբար քննչական կոմիտեի խոսնակի պատճառաբանությունները ոչնչից բխող երևակայություններ են։
Ամփոփ ասած՝ կեղծ տեղեկություններ տարածելու և մարդկանց մոլորեցնելու փոխարեն կոմիտեն՝ ի դեմս իր խոսնակի, ճիշտ կլիներ՝ հետապնդման ու ավտոմեքենան առգրավելու իրական պատճառը բացահայտեր, կամ էլ գոնե լռեր։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ստեփանակերտի և այլ համայնքների ղեկավարների կողմից սեփականացված կամ օտարված այլ ավտոմեքենաների հարցին՝ նշեմ, որ նախ այդ գործողությունները կատարվել են ՀՀ ներքին գործերի նախարարության հետ ձեռքբերված նախնական համաձայնությամբ, երկրորդ՝ սեփականացվել են շահագործման հարցում այլընտրանք չունենալու պատճառով (կապված ԱՊՊԱ պայմանագրի և տեխզննման հետ) և երրորդ՝ այդ գործողություններով որևէ մեկին և առավել ևս՝ Հայաստանի Հանրապետությանը վնաս չի պատճառվել։
Տեղեկացնում եմ նաև, որ ավտոմեքենաները հատկացվել են բացառապես այն անձանց, որոնք դրանք դուրս են բերել Արցախից և չեն թողել ադրբեջանցիների քմահաճույքին։
Ինչ վերաբերում է ԱՀ ՆԳ նախարարության ավտոմեքենաների օտարման կամ սեփականացման հարցին՝ նշեմ, որ այդ տեղեկությունները ևս ուռճացված են։ Ամեն դեպքում ԱՀ նախագահն առաջարկել է այս հարցը լուծել շատ ավելի իրավաչափ ու ազնիվ եղանակով։