Լրահոս
Օրվա լրահոսը

Ձորաղբյուր

Օգոստոս 31,2024 12:00

Ուսումնառություն եւ աշխատանք

(հատված որդուս հիշատակի «Հզորը» վիպակից)

(սկիզբը՝ թիվ 144-ում)

Ձորաղբյուր

…Ձորաղբյուրի ԿԱՆԱՉ կենտրոնի մուտքի մոտ մեզ ջերմ գրկախառնությամբ դիմավորեց Նունե Սարուխանյանը։ Բերքի փառատոնի ժամանակ մեր հանդիպումն ավելի քան ցնցող էր թե՛ կազմակերպչական, թե՛ մատուցման, թե՛ ներկայացված անթիվ-անհամար գյուղատնտեսական մթերքների ցուցադրման բարձր մակարդակի տեսանկյունից։ Ներս մտնելուն պես զգացինք, որ նախափառատոնային աշխատանքները հրաշալի էին կատարված։ Այստեղի հանդիպումն առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ «ԿԱՆԱՉՆԵՐԻ» ողջ անձնակազմն ու նրանց հարյուրավոր շահառուներն էին մեկտեղվել ու, ինչպես ասում են, մեկ մարդու նման տարածքը դարձրել էին յուրօրինակ տոնախնդության անցկացման վայր։

Նունե Սարուխանյանը Վահրամի հետ

Այնպիսի  ջերմություն էր թեւածում այդ հսկայական տարածքում։ Եվ այս ամենը փոխադարձ ըմբռնումներով, միմյանց սատարելու, գյուղատնտեսական ապրանքները պատշաճ ցուցադրելու հետ միաձույլ։ Էլ չեմ խոսում անձնակազմի մի տեղից մյուսը սուրալու, փոխօգնության ու ամեն մի մանրուք  շտկելու ցանկության մասին։ Անհամեստություն չեմ համարում նշել նաեւ որդուս՝ Վահրամի, «պահանջվածությունը» փառատոնի ողջ տարածքում։ Վահրամին հրավիրում էին ամեն կողմերից՝ շտկելու առաջացած մանր-մունր բացթողումները, շահառուներին օգնելու գյուղմթերքները հարմար տեղավորելու եւ ցուցադրելու անվերջ ջանքերին։ Բոլոր կողմերից Վահրամին էին կանչում։ Փառատոնում անցկացրած ժամերի ընթացքում մենք մի պահ՝ միայն հանդիպելիս գրկախառնվեցինք որդուս հետ եւ այդքանը։ Իսկ ես ու կինս, չէինք կարողանում թաքցնել մեր անզուսպ հրճվանքը։ Վահրամը գերազանցել էր մեր բոլոր սպասելիքները…

Նման տոնախնդությունների ես հանդիպել եմ արտասահմանյան իմ շրջագայությունների ընթացքում, սակայն Ձորաղբյուրի այս շքեղ փառատոնը, որին «գումարվել էր» նաեւ հայկական ջերմությունը, ես անվանեցի՝ ամենափառահեղ տոնահանդես։

Փառատոն էին այցելել Հանրապետության ղեկավարներից շատերը։ Նրանք նույնպես բարձր գնահատեցին «Կանաչների» կազմակերպած աշխատանքները։

Green Training Center-ում աշխատանքի անցնելուց հետո, Վահրամը բազմաթիվ այցելություններ էր կատարում հանրապետության գյուղական շրջաններ՝ շահառուների հետ խորհրդատվություններ կազմակերպելու, նրանց աշխատանքները գնահատելու, նախորդ այցելությունների ժամանակ տրված հանձնարարությունների կատարումն ստուգելու եւ այլ նպատակներով։ Շատերի աշխատանքներից գոհ էր վերադառնում։ Սակայն  զարմանում ու երբեմն նաեւ զայրանում էր որոշ շահառուների անգործության վրա։

– Մարդկանց տալիս ենք ջերմոցներ, սերմացու, օրգանական պարարտանյութեր, օրգանական դեղանյութեր։ Այս ամենը ձրի՝ մեր աջակիցների կողմից։ Ու, պատկերացնո՞ւմ եք, որոշ շահառուներ ջանք չեն թափում աշխատեն ու բարիք ստեղծեն։ Ախր «հացն ու սնունդը հրամցնում ես, չեն ցանկանում ծամել…»:

Իսկ Վահրա՜մը…

Վահրամն իր աշխատասիրությամբ փայլում էր թե՛ աշխատավայրում, թե՛ մեր այգում։

Մի անձրեւոտ շաբաթ օր դուրս եկավ տնից ու գնաց դեպի այգի։ Քիչ անց, տեսանք, որ նախորդ շաբաթ իր տնկած արքայամորու թփերը լարերով ամրակապում է։

-Վահրամ, անձրեւը կդադարի, հետո կանես,- հանդիմանեցի նրան։

-Պապ ջան, անձրեւն այնքան էլ հորդ չէ։ Սրա ժամանակը հիմա է,- ասաց, շարունակեց ու վերջացնելուց հետո, իր աշխատանքից գոհ, տուն մտավ։

Այդպիսին էր նա՝ իմ ՀԶՈՐ որդին…

Կային նաեւ բազմաթիվ շահառուներ, որոնց աշխատանքով հիացած էր Վահրամը։ Նրանց նկատմամբ ավելի ուշադիր էր ու ջերմ հարաբերություններով։

Իր աշխատանքային գործունեության ընթացքում, որդիս, որ գյուղը ոտք էր դրել, անկեղծ սիրով դիմավորել էին ու ճանապարհել՝ հարազատի նման։

Նրա հուղարկավորությանը ներկա էին բոլոր այն գյուղերի շահառուները, որտեղ  գեթ մի անգամ եղել էր ՈՐԴԻՍ։ Նրանց հետ մեր ողբերգության մասնակիցը եղան նաեւ տասնյակ գյուղապետեր…

Ս. ՄԱԹՈՍՅԱՆ

արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
30.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031