Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է Նիկոլ Փաշինյանին պահում իշխանության

Օգոստոս 31,2024 12:30

«Խաղաղության՝ Նիկոլ Փաշինյանի մոդելը՝ ամեն ինչ հաձնենք՝ հանուն խաղաղության, վատն է, բայց եթե քիչ թե շատ իրատեսական այլընտրանք ներկայացվի, Նիկոլ Փաշինյանը կպարտվի». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:

«Դրանք հիմնադրույթներ են, որը որ ցանկացած քաղաքական, հանրային շարժման կամ ուժի համար, այսպես ասենք, պարտադիր նվազագույնն է, որը պետք է ներկայացվի հասարակությանը, եթե իրենք  ցանկանում են ներկայանալ, իբրեւ գործող իշխանությանն այլընտրանք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով օրերս «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հրապարակած թեզերին:

Հիշեցնենք, օրերս սրբազանը ներկայացրեց 25 կետից բաղկացած փաստաթուղթ, որը ներառում է շարժման առաջնահերթություններն ու մոտեցումները:

Եթե ներկայացված փաստաթուղթն ընկալում ենք իբրեւ «Սրբազան» շարժման հիմնական ուղղությունների ազդարարում, որպես շարժման գործունեության հիմնադրույթներ, ապա, մեր զրուցակցի կարծիքով, այն ըստ էության ուրվագծում է այն հիմնական նպատակները, որով շարժումը պետք է գնա, ինչին ձգտում է կամ եթե հանկարծ շարժումը եկավ իշխանության, ո՞ր ուղղությամբ պետք է շարժվի: «Ես կարծում եմ, որ հետագայում, մենք պարտադիր առավելագույնն էլ կտեսնենք. այսինքն, ավելի բացված տարբերակներ, քանի որ, նշված կետերը կարիք ունեն հնարավորինս մանրամասն ներկայացնելու, որպեսզի մարդիկ կարողանան պատկերացնել, թե ի վերջո ոչ միայն ինչի՞ն է ձգտում այլընտրանքի հավակնություն ունեցող շարժումը, այլ նաեւ նշվի, թե ի՞նչ եղանակով ու ի՞նչ ռեսուրսներով է այդ ամենը հնարավոր լինելու արվելու»:

Ըստ շարժման տեսլականի, ՀՀ-ն պիտի հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին. «Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դարձնելն անընդունելի ու մերժելի է։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պիտի կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով: ՀՀ-ն պիտի ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանը, առկա բոլոր խնդիրների՝ բանակցային ու գործընկերային ճանապարհով լուծմանը։ Միաժամանակ՝ պատրաստակամ լինելով ձեւավորել նոր հարաբերություններ, ձեռք բերել նոր բարեկամներ ու դաշնակիցներ»։ Կամ՝ «Արցախի եւ արցախյան հակամարտության էջը շրջված չէ՛: Հայաստանը պիտի հետամուտ լինի Արցախի հիմնահարցի՝ բանակցային օրակարգում ներառվելուն, բանակցությունների շարունակականությանը եւ արցախահայության խախտված իրավունքների (թե՛ անհատական, թե՛ հավաքական), այդ թվում եւ առաջին հերթին՝ համապատասխան անվտանգային երաշխիքներով արժանապատիվ վերադարձի իրավունքի վերականգնմանը»:

Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեցինք, իրատեսակա՞ն են այս տեսլականները: «Կարծում եմ, արտաքին քաղաքականության մասով գրվածը բավական ռացիոնալ է»,- պատասխանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գործող իշխանության պաշտոնավարման շրջանում, նրա գործունեության արդյունքում, Հայաստանը դարձել է հակառակորդ ուժերի, ուժային կենտրոնների բախման թատերաբեմ. «Դժվարանում եմ ասել՝ միտումնավո՞ր, թե՞ նրա տհասության պատճառով, բայց Հայաստանը դարձավ Սիրիա, որտեղ տարբեր հակամարտող, թշնամի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային բեւեռները իրենց հարցերը փորձում են լուծել՝ պրոքսի գործողությունների հաշվին, իսկ երբեմն էլ դրանք պրոքսից սպառնում են վերածվել տաք թատերաբեմի»: Նման պարագայում, մեր զրուցակիցը միանգամայն բնական է համարում, որ ցանկացած այլընտրանքային ուժ կամ շարժում, պետք է փորձի Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերադարձնել մի ուղի, որտեղ ոչ թե բախում է տեղի ունենում ՀՀ տարածքի շուրջ, այլ հնարավորինս համադրվում են մեծ խաղացողների շահերը:

«Հուսով եմ, հետագայում կներկայացվի, թե դա ի՞նչ ճանապարհով եւ ի՞նչ ռեսուրսներով է արվելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, առհասարակ, մեր երկիրն այսօր հավասարապես հեռացել է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններից. «Հայաստանը կարողացել է իր ռազմավարական դաշնակցին՝ լավ, թե՝ վատ, դարձնել առնվազն ոչ լոյալ, իսկ նրանք, ովքեր որ ընդամենը լոյալ էին, չեն դարձել մեզ բարեկամ: Այսինքն, ՀՀ գործող իշխանությունները մեր երկիրը դարձրել են բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններից հեռու մի բան, որի իշխանության կարծիքը որեւէ մեկին չի հետաքրքրում, ինչի արդյունքում Հայաստանի գործոնը զրոյացված է: Այս պարագայում, պարզ է, որ ցանկացած ադեկվատ, առողջ ուժ պետք է ձգտի, որ հետագայում վերականգնի Հայաստանի ստատուս-քվոն, որպես տարածաշրջանում ինչ-որ ազդեցություն, ինչ-որ նշանակություն ունեցող բան: Այս առումով, գործիքներից մեկն էլ կարող է լինել Արցախի հարցը, այդ հարցի արդիականացումը: Սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ասի՝ թուր ու թվանքը վերցնելու եմ՝ հարձակվեմ. պոպուլիզմի մասին չէ խոսքը, այլ նրա, որ ի տարբերություն գործող իշխանության, ՀՀ ապագա իշխանությունները փորձեն արդիականացնել Արցախի հարցը՝ չհամաձայնելով, որ այն փակված է եւ, որպես հարցի արդիականացման միջոց, բարձրացնեն էթնիկ զտումների, դրա հետեւանքով իրենց տները լքած մարդկանց վերադարձի հարցը: Այդ պարագայում միշտ կգտնվեն աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային խաղացողներ, որոնք իրենք կփորձեն տեղավորվել այդ խաղի մեջ: Ի վերջո, ոչ բոլորն են հիացմունքով վերաբերվում նրան, թե ինչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերից հետո եւ ոչ բոլորին է ձեռք տալիս ազդեցությունների վերաբաշխումը, որը տեղի ունեցավ տարածաշրջանում, 44-օրյա պատերազմից հետո՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում»:

Քաղաքական վերլուծաբանն ուշադրություն է համարում այն հանգամանքին, որ Հայաստանը տարածաշրջանում եւ աշխարհում գործոն են դարձրել երկու հարց՝ Թուրքիայի հետ հարաբերությունները՝ ցեղասպանության հարցի համատեքստում եւ Արցախի հարցը, մինչդեռ այսօր երկուսն էլ զրոյացված են գործող իշխանության «շնորհիվ» եւ որոշումները կայացվում են առանց ՀՀ շահերը հաշվի առնելու, առանց ՀՀ իշխանության կարծիքը հարցնելու. վկան՝ կայացող անընդհատ հանդիպումներն ու քննարկումներն են, որոնց ժամանակ նաեւ Հայաստանին վերաբերվող հարցեր են քննարկվում ու լավագույն դեպքում, ՀՀ իշխանությանը տեղյակ է պահվում որոշումների մասին: Վիգեն Հակոբյանը գտնում է, որ միշտ էլ կա հնարավորություն՝ իրավիճակում որոշակի փոփոխություններ մտցնելու եւ դա առնվազն պետք է արվի. «Կհաջողվի՞, թե՝ ոչ, շատ բան կախված է կոնկրետ գործընթացներից, կոնկրետ մարդկանցից, ունակություններից, նաեւ աշխարհում իրավիճակից: Բայց ճգնաժամերն աշխարհում միշտ էլ շանս են լինում, ոչ միայն բիզնեսում կամ տնտեսության մեջ, այլ նաեւ քաղաքականության մեջ»:

Իսկ ամենակարեւոր բանը, որը որ Նիկոլ Փաշինյանին դեռ պահում է իշխանության, Վիգեն Հակոբյանի կարծիքով, այլընտրանքային խաղաղության կոնցեպտի բացակայությունն է. «Խաղաղության՝ Նիկոլ Փաշինյանի մոդելը՝ ամեն ինչ հաձնենք՝ հանուն խաղաղության, վատն է, բայց եթե քիչ թե շատ իրատեսական այլընտրանք ներկայացվի, Նիկոլ Փաշինյանը կպարտվի»: Կոնցեպտ, որը շարժման ներկայացրած դրույթներում քաղաքական վերլուծաբանը չի տեսել: Նա նաեւ միանգամայն օբյեկտիվ է համարում հանրային այն պահանջը, որ իշխանության այլընտրանք ուժը ներկայացնի խաղաղության իր տեսլականը, դրան հասնելու ճանապարհը. «Մի ասա՝ Շուշին գնալու ենք վերցնենք, Նիկոլը վատն է…որ Նիկոլը վատն է՝ բոլորս գիտենք, որ Նիկոլի խաղաղությունը վատն է՝ բոլորս գիտենք, դուք ասեք՝ ո՞նց անենք, որ լավ լինի, խաղաղություն լինի՝ ուրիշ մոդելով: Բայց ոչ ոք էլ դա չի ասում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խմբագրած.
    Հիտլերի մոդելը. ‘Ազատվենք հրեաներից հանուն Գերմանիայի’ ուղղված էր գերմանացիներին ու գործեց (մոտ 10 տարի), որովհետև բանաձևը կրում էր Գերմանիան ավելի զորեղ դարձնելու խոստում ու գերմանացիները գիտեին, որ գիտեն ինչպես կառուցել այն: Մինչ այս օրը գերմանացիները զղջում են ‘ազատվելու’ մոդելի համար:
    նիկոլի դոկտրինան ‘Ազատվենք ամեն ինչից հանուն խաղաղության’ օդապարիկով ճամփա ընկածների բանաձև ա: Միթե սա ակնհայտ չի: Աշխարհը խնդում ա մեր վրա այս չպահանջված ինքնամերկացման համար, շաղախված անընդունակ, տկար լինելու խոստովանություններով (‘նշաձողերի իջեցում’…):
    ‘Ամեն ինչը’ օդապարիկում ապրողի բալաստն է: Կարծում է թե վեր է ճախրում, կամ գոնե նույն մակարդակին է, բայց իրականում ազատ անկում ա, և սրա վկայությունը շտապողականությունն ա, ևս մի բանից ազատվելու պահանջը: Տխուր փաստ է, որ այս բանաձևը աշխատում ա հայաստանցիների համար: Պատճառը` նրանք գերմանացի չեն, հրեա չեն, նույնիսկ ուկրայնացի չեն, …:
    Չկա մի ոլորտ որ բարադի, փինաչի գործը անցնի անպարգևատրված: Ո՞ւմ պիտի հղեն այդ նոր, շատ սպասվող բանաձևը, մոդելը: Անապատ է, տափաստան: Ապազգային, անհայրենիքավոր, օդապարիկով սավառնող քպականները հիմա ազատվում են մարդկանցից (Բաքվում, Հայաստանում բանտարկված ազգայնականներից): Բայց արի ու տես, հայաստանցի ընտրազանգվածը ‘գիտի’ որ երբեք իր հերթը չի հասնի որպես բալաստ զոհաբերվելու: Հարց. Ո՞րտեղից է այս գիտությունը: Պատասխան. Նույն պետությունները, որոնք այլևս չեն համարում Հայաստանը անկախ սուվերեն, միաժամանակ սնում, փոքր գումարներով բուծում են հայաստանցիների այս տեսակը: Որովհետև գեոպոլիտիկում էլ են սերմեր ցանում ու բերք հավաքում:
    Ի՞նչ է այլընտրանք բանաձևը. ‘Ոչ մի ձրի բան չկա մանավանդ հանուն խաղաղության:’ Բայց կա՞ բավական քանակ ունակ, բանիմաց, աշխատասեր հայության հենց Հայաստանում, որ հանձն առնի այս մոդելը: Խնդիրը այստեղ է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031