Ինչո՞ւ Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության չեն անցնում Հայաստանի զինված ուժերում, որո՞նք են խոչընդոտող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները։ Այս հարցերը քննարկվեցին Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնում հրավիրած քննարկման ժամանակ։ Կենտրոնի փորձագետ Էդուարդ Առաքելյանը ասաց․ «Նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ այդ ամենը Արցախի հետ տեղի ունեցավ, լավագույն տարբերակը կլիներ ՊԲ որոշ ստորաբաժանումների պահպանումը մեկ մարտական միավորի մեջ։ Բայց բնական է, որ Հայաստանի իշխանություններն այդ քայլին չէին գնա շատ պատճառներով, այդ թվում՝ քաղաքական։ Այսինքն՝ նրանք այդ ճանապարհով չեն գնա, եւ առանձին անձանցից դիմումներ են ընդունում ծառայության անցնելու համար»,- ասաց նա։
Ըստ Առաքելյանի՝ թեեւ Հայաստանի կառավարությունը չի սահմանափակում Պաշտպանության բանակի նախկին զինծառայողների՝ Հայաստանի զինված ուժերում ներգրավումը, բայց դրա հետ մեկտեղ առաջացնում է արհեստական խոչընդոտ։ Նախ Արցախի ՊԲ-ում ծառայած զինծառայողներին Հայաստանի զինված ուժերում ծառայության վերցնելու համար որպես պարտադիր պահանջ են սահմանել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։ Ըստ նրա՝ իրականում այսպիսով արցախցիներին ստիպում են հրաժարվել 070 կոդով անձնագրերից եւ ձեռք բերել ՀՀ քաղաքացու այլ՝ 099 կոդով անձնագիր։ Իսկ մարդկանց մի մասը չեն ուզում փոխել իրենց անձնագրերը, քանի որ սկզբունքի հարց է, նրանք չեն հասկանում՝ ինչո՞ւ մինչեւ 2023 թվականի հոկտեմբերն այդ պահանջը չկար։
Մյուս պատճառը, թե ինչո՞ւ Արցախի ՊԲ զինծառայողները չեն ցանկանում ծառայել Հայաստանի զինված ուժերում, ցածր աշխատավարձերն են, սոցիալական ու բնակարանային խնդիրները։ Ըստ Առաքելյանի՝ պատճառներից մեկն էլ այն է, որ Արցախի կորստից հետո մարդիկ մոտիվացված չեն, բարոյահոգեբանական վիճակը վատ է։ ՊԲ նախկին զինծառայողներից շատերը գերադասում են, օրինակ, տաքի վարել, բայց չեն գնում ծառայություն։ Եվ սրան զուգահեռ, նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը ոչինչ չի առաջարկում այս մարդկանց, այս մասնագետներին չեն ցուցաբերում անհատական մոտեցում, չեն մշակում ծրագիր։ Այնպիսի մասնագետներ, ինչպիսիք եղել են Արցախի Պաշտպանության բանակում, նրա խոսքով, Հայաստանում չկան։
Կարդացեք նաև
«Ահա այս պատճառներով այսօր Հայաստանում մեծ թվով արցախցի զինծառայողներ մնացել են առանց աշխատանքի։ Յուրաքանչյուր մասնագետի պետությունը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի, բայց նրանք այդպիսի ծրագիր չունեն։ Մեր փոխգնադապետերից մեկն արդեն 9 ամիս է՝ սպասում է, որ իրեն աշխատանքի ընդունեն։ Նա նախորդ տարվա դեկտեմբերին է դիմում գրել՝ Հայաստանի զինված ուժերում ծառայելու համար։ Իրեն ճանաչողներն ասում են, նա շատ լավ մասնագետ է, իր նման երկրորդին շատ դժվար է գտնել։ Նրա փաստաթղթերը ստուգել են, հետը հարցազրույց են անցկացրել, անգամ աշխատավարձի չափն են ասել, բայց արդեն 9-10 ամիս է՝ այդ մարդը սպասում է, չեն կանչում ծառայության։ Եվ ոչ ոք չի պարզաբանում, թե ինչո՞ւ իրեն չեն կանչում ծառայության։ Ես չգիտեմ՝ այս խնդիրը որտեղից է գալիս, իշխանությունները դա դիտավորյա՞լ են անում, թե՞ ոչ։ Միգուցե բյուրոկրատական քաշքշուկներ են, միգուցե նրանք վախենում են ինչ-որ բանից, մենք չգիտենք։ Բայց հստակ է, որ արցախցի զինծառայողներին աշխատանքի ընդունելու հարցում այսպիսի խնդիրներ կան»,- հավելեց Էդուարդ Առաքելյանը։ Նա նշեց, որ նաեւ միտում կա, որ արցախցիներին մեկ ընդհանուր ստորաբաժանման կազմում չեն թողնում ծառայել, մարդկանց տարբեր տեղեր են ուղարկում ծառայության։ Ըստ Առաքելյանի՝ հայտնի չէ՝ դա վերեւներից եկած հրահանգ է, թե՞ ոչ։
«Ազգային անվտանգության ծառայությունում էլ ավելի դժվար է ընթանում արցախցիներին աշխատանքի ընդունելու գործընթացը։ Ազգային ժողովն ընդունեց Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ում շարունակելու մասին օրենքը, բայց օրենքում նշվում է, որ մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Արցախի ԱԱԾ-ում պաշտոններ զբաղեցրած անձինք կարող են աշխատանքի ընդունվել միայն համապատասխան թափուր պաշտոններ առաջանալու դեպքում։ Այսինքն՝ խոսքը Հայաստանի ԱԱԾ-ում նոր ստորաբաժանումներ ստեղծելու մասին չէ, եւ Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցները պետք է սպասեն, որպեսզի թափուր աշխատատեղեր լինեն»,- նշեց նա։
Առաքելյանը նաեւ բարձրաձայնեց հարցը, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը կարելի է համալրել Արցախի կադրերով, քանի որ Հայաստանում այս ոլորտում փորձառու մասնագետների պակաս կա։
Պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանն ասաց, որ զինվորականները ավելի լուրջ խնդիր ունեն քաղաքացիական կյանքում ինտեգրվելու առումով։ «Համարվում է, որ 15-20 տարվա ծառայությունից հետո զինծառայողին պետք է օգնել, որպեսզի ինքը ինտեգրվի քաղաքացիական կյանքին։ Զինվորականներն ամենախոցելի խմբերն են, որովհետեւ իրենք մասնագիտություն ձեռք չեն բերել։ Կարող է լավ կազմակերպիչ են, բայց բիզնեսի հարցում, այլ հարցերում քիչ է լինում, որ նախաձեռնող են լինում։ Իրենք սովոր են, որ իրենց հրաման տան, ուղղություն տան։ Միգուցե շատ բարձր պաշտոնների հասած զինվորականները պայմաններ են ստեղծում, որ հետագայում քաղաքացիական կյանքում հնարավորություն ունենան նորից ինչ-որ բան ղեկավարելու, բայց միջին խավի, ավագ սպաները պատրաստ չեն նորմալ ձեւով ինտեգրվել հասարակությանը։ Մենք քաղաքացիական կյանքին նախապատրաստվելու ոչ ժամանակ ենք ունեցել, ոչ էլ դրա մտադրությունն ենք ունեցել, որովհետեւ մեզ կապել ենք երկրի անվտանգային համակարգի պահպանման, զարգացման հետ, ոլորտում մեր ծառայությունը շարունակելու հետ»,- ասաց նա։
Արցախցի զինծառայողների՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու համար չի ստեղծվել մոտիվացիա, ասում է Գրիգորի Սահակյանը։ Դա, նրա խոսքով, ամենակարեւոր աշխատանքներից մեկն է, որը պետք է կատարվեր իշխանությունների կողմից։ «Եթե ավագ սպայի պաշտոնում ծառայած սպային առաջարկում են բանվոր-ծառայողի հաստիք՝ 120 հազար դրամ աշխատավարձով, դա աբսուրդ է։ Եվ ընդհանրապես այդ մարդն էֆեկտիվ է համարելու այդ աշխատանքին գնալը, թե՞ ոչ։ Ինձ մոտ հարց է առաջանում, որ նման քայլերով ուղղակի ուզում են ցույց տալ, պլյուս դնել, որ՝ մենք ձեզ առաջարկել ենք որեւէ պաշտոն, իսկ դուք ցանկություն չեք ունեցել այդ պաշտոնին գնալ։ Չկա մոտիվացիա, չկա արժեքի գնահատում, այսինքն՝ եթե կա պրոդուկտ, այդ պրոդուկտն իր գինն ունի»,- նշեց Գրիգորի Սահակյանը։
Բանախոսները նշեցին, որ Հայաստանի իշխանությունները արցախցիների տվյալների բազան ունեն, եթե իրենց համապատասխան մասնագետ պետք լինի, կարող են հեշտությամբ գտնել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ