Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոյություն չունեցող մեղադրանքի համար պատիժ ենք կրում նաև մենք՝ ընտանիքի անդամները»․ Կարապետ Պողոսյանի կին

Օգոստոս 30,2024 22:11

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն  անփոփոխ է թողել գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի խափանման միջոցը․ որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) ու գտնվում է տնային կալանքի մեջ։

Նրա  փաստաբաններ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը դատավոր Ա.Մարտիրոսյանին միջնորդություն էին ներկայացրել՝ Կարապետ Պողոսյանի նկատմամբ վարչական հսկողություն նշանակելու մասին, սակայն դատարանն, առանց քննության թողնելով տնային կալանքը, նրան փաստացի զրկել է Շիրակի մարզի դատարանում այլ  քրեական վարույթներով իր շահերը պաշտպանող մյուս փաստաբանների հետ հաղորդակցվելու, շփվելու հնարավորությունից։

Այս մասին ահազանգել էր նրա կինը՝ Անգին Մալխասյանը՝ հանդես գալով հայտարարությամբ․  «Փաստացի խախտված են Կարապետ Պողոսյանի Սահմանադրական մի շարք իրավունքներ։

Մասնավորապես, դատարանի որոշմամբ նա չի կարող հաղորդակցվել իր մյուս երկու փաստաբանների հետ, ովքեր նրա շահերն են ներկայացնում Շիրակի մարզի դատարանում այլ քրեական վարույթներով։

Հունիսի 5֊ի գործով հերթական նիստը կայացավ Գեղարքունիքի մարզի ԸԻ առաջին ատյանի դատարանում, դատավոր Ա.Մարտիրոսյանը՝ դատախազ Հովհաննիսյանի հորդորով, առանց քննության թողեց պաշտպաններ Ս.Պողոսյանի և Ա.Նավասարդյանի միջնորդությունը կապված Կ. Պողոսյանի նկատմամբ Վարչական հսկողություն նշանակելու մասին։

Ի թիվս այլ կարևորագույն հարցերի, միջնորդության հիմքում դրված էր նաև Կարապետ Պողոսյանի հաղորդակցվելու և տեսակցելու իրավունքը մյուս փաստաբանների հետ, ինչը առաջին հերթին Սահմանադրական նորմի խախտում էր։

Իսկ հունիսի 5֊ի «աղմկահարույց» գործով այժմ միակ մեղադրանքը նրա նկատմամբ մնացել է ֆեյսբուքյան ուղիղ եթեր իրականացնելը։

Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում»։

Aravot.am-ի հետ զրույցում էլ  Անգին Մալխասյանն ասաց․

«Չնայած որ իշխանություններն այս ընթացքում փորձեցին տարատեսակ մեղքերի մեջ մեղադրել ամուսնուս, բայց  դատարան են դիմել  ընդամենը հուլիսի 5-ին՝ նրա կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթեր հեռարձակելու համար՝ գնահատելով այն որպես խուլիգանություն։

Նա եթերի ընթացքում բառամթերքում օգտագործել է բացառապես այնպիսի արտահայտություններ,որոնք պարբերաբար կիրառվել են ՀՀ կառավարիչների կողմից։

Ի սկզբանե, Կարապետին ձերբակալելը և կալանավորելը ունեցել է քաղաքական դրդապատճառներ և ամբողջովին եղել է ապօրինի։

Այս ընթացքում նա զրկված է եղել նույնիսկ ամենատարրական Մարդու Իրավունքների պաշտպանությունից, օրինակ`քրեակատարողական հիմնարկում վերջին մեկ շաբաթը  անհրաժեշտ դեղահաբերը ստանալու իրավունքից, կամ հնարավորություն չունի հաղորդակցվելու մյուս քրեական գործերով իր շահերը ներկայացնող պաշտպանների հետ։

Ինչ վերաբերում է տնային կալանքին, դա նույն ազատազրկում է, միայն մեկ տարբերությամբ, որ նա այն անցկացնում  է մեզ՝  ընտանիքի անդամների հետ։ Այս դեպքում խախտվում են նաև  ընտանիքի անդամների շատ իրավունքներ։ Հետևաբար, գոյություն չունեցող մեղադրանքի համար պատիժ ենք կրում նաև մենք, նման նենգ վրեժխնդրությունը կարող է բնորոշ լինել միայն օտարազգի նվաճողներին։

Բնականաբար , սա էլ կանցնի, ի վերջո, մեր բոլորի բաղձալի նպատակը՝ Հայաստանի ազատագրումը, կիրականանա, հետևաբար այս պահին ավելի ծանր բան, քան Արցախի կորուստն է, չէր կարող լինել,  և ոչ մեկի վիճակը չի կարող ավելի ծանր լինել, քան Բաքվի բանտերում պահվող ազնիվ հայորդիներինը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝  «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել էր, քանի որ անձը չէր կատարել  իրեն մեղսագրվող արարքը։

Կարապետ Պողոսյանի կինը ամուսնուն թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր պահելու կամ օգտագործելու մեջ մեղադրելը համարել էր նրան վարկաբեկելու, անունը սևացնելու  ու անմեղության կանխավարկածը  խախտելու ակնառու փորձ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031