Aravot.am-ի զրուցակիցն է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
– «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հրապարակել էր Հայաստանի զարգացման վերաբերյալ շարժման տեսլականը` 25 կետից բաղկացած, որը վերաբերում էր պետության եւ մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Ծանո՞թ եք փաստաթղթին, ի՞նչ կարծիք ունեք այդ մոտեցումների վերաբերյալ։
-Դեռ մայիս ամսին Բագրատ սրբազանը տասը թեզիսների ձեւով հրապարակել էր Ազգային պետության տեսլականը: «ՀայաՔվեն» շարժման սկզբնավորումից ի վեր՝ շատ սերտորեն ներգրավված է եղել աշխատանքներում, ակտիվ աջակցել է թե շարժմանը, թե հենց այդ թեզիսների մշակմանը: Այսպիսով, այդ ուղենիշները, ինչը որ սրբազանը հրապարակել է, մեզ շատ հոգեհարազատ են: Դա ծրագիր չէ, այո, դրանք ուղենիշներ են, ծրագիրը մի քիչ ավելի դետալիզացված մակարդակ է ենթադրում
– Առհասարակ, ինչպե՞ս եք տեսնում հայաստանյան ընդդիմադիր դաշտը. տպավորություն է, որ կրկին «Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք», քանի որ իշխանության դիրքերը կրկին անսասան մնացին։
Կարդացեք նաև
-Այն, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իշխանության մնալ, համարում եմ, որ ընդդիմադիր դաշտի՝ եւ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական, անհաջողությունն է: Բայց հարցադրման ձեւի հետ այդքան էլ համաձայն չեմ՝ «Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք»… իշխանության ներկայացուցիչներն էլ են ընդունում, որ իրենց վարկանիշը նվազել է եւ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը զուտ պայմանավորված լիներ ընդդիմության վատ աշխատանքով, ապա, հունիսի 12-ին երեք տասնյակ չթույլատրված նռնակ չէր նետվի ցուցարարների ուղղությամբ, իշխանության հրահանգով: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու համար իրականացնում է ավելի շատ ոչ սահմանադրական, ոչ քաղաքական քայլեր: Այստեղ արտաքին ուժերի կամ աջակցողական կամ չեզոք դիրքորոշումն էլ նշանակություն ունի:
Նիկոլը ճիշտ չէ: Որտե՞ղ է նրա ճիշտ լինելը երեւում. նրա մե՞ջ, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը քննարկում է ադրբեջանցիների հետ, ինչի մասին Էլչին Ամիրբեկովն էր ասում: Նրանո՞ւմ, որ պաշտոնական Մոսկվան ծաղրում է իրեն, փաստացի, ծաղրում է ՀՀ-ին, Արեւմուտքը «քսի» է տալիս, բայց ոչնչով չի երաշխավորում ՀՀ-ի անվտանգությունը: Որտե՞ղ է նա ճիշտ: Նա, բնականաբար, ճիշտ չէ, նա պարզապես կարողանում է առաջին հերթին ոչ սահմանադրական մեթոդներով՝ պահպանել իր իշխանությունը:
Բայց ձեր հարցադրման սրությունն ընդունելի է եւ հուսանք, որ ընդդիմությունը կգնա որոշակի վերաֆորմատավորման: Կապրենք՝ կտեսնենք, թե ի՞նչ կստացվի:
– Վերջին շրջանում, թե «ՀայաՔվեն», թե Դուք, բավական պասիվ եք։
-Վերջին ամիսը հատկապես, ընդհանուր առմամբ է պասիվ ամիս. ամառ է տոթակեզ, արձակուրդային վիճակ է մարդկանց մոտ եւ սա ընդհանուր ու օբյեկտիվ պատճառ է: Բայց մենք, անգամ օգոստոս ամսին, անգամ հուլիսի երկրորդ կեսին շարունակել ենք ժողովրդին ներկայացնել առկա մարտահրավերները, մեր տեսակետները, դիրքորոշումները: Նաեւ մեծ ծավալի տնային աշխատանք ենք կատարել, որի արդյունքները, հուսով եմ, մոտ շրջանում տեսանելի կլինեն:
– Առջևում սեպտեմբերի 2-ն է, Արցախի` պատմություն դարձած առաջին տոնը. ի՞նչ մտորումներ, հույզեր, հույսեր կան։ Հայկական Արցախն այլևս պատմությու՞ն է։
-Այո, առաջին անգամն ենք մենք Արցախի անկախության օրվանն ականատես լինում՝ հայաթափված Արցախով. պատմության մեջ նման բան չի եղել, Արցախը երբեք հայաթափված չի եղել: Մեզ համար, բնականաբար, Արցախի էջը փակված չէ: Արցախը մեր հայրենիքն է, այն պետք է լինի հայկական եւ Արցախի անկախության օրվանն ընդառաջ ասում ենք, որ այս պահին հայ ժողովրդի ջանքերը պետք է լինեն մեկ բանի ուղղված՝ միջազգային խաղաղապահների մանդատի ներքո արցախցիների վերադարձն ապահովելու:
Հայաստանի իշխանության կողմից, նրա թողտվությամբ, Արցախի հանձնումն Ադրբեջանին, Արցախում էթնիկ զտումը, մեծագույն հանցանք է ու հանցանք է ոչ միայն հայ ժողովրդի շահերի դեմ, այլ մարդկության դեմ: Մենք չենք պատկերացնում Հայաստանի զարգացում՝ առանց Արցախի: Ինչ որ անում է այսօր Հայաստանի իշխանությունը՝ դա այն է, որ շարունակում են մեծագույն հանցանք գործել. կգա ժամանակ, որ աշխարհաքաղաքական իրավիճակ կփոխվի ու չանել քայլեր, որոնք ինստիտուցիոնալ հիմքեր կնախապատրաստեն Արցախի վերադարձի համար, անթույլատրելի է:
Հիշեցնեմ, որ «ՀայաՔվեն» հենց Արցախի հարցի վրա կառուցված նախաձեռնություն է, մեր գործունեության մեծագույն իմաստներից մեկն Արցախն է, Արցախի եւ արցախցիների վերադարձն իրենց պատմական հայրենիք:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ