Հայտնի դարձավ, որ Հայաստանի հանրապետության եւ Ադրբեջանի հանրապետության միջեւ 2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն այսօր ստորագրվել է:
«Ներկա պահին Հայաստանի հանրապետությունը և Ադրբեջանի հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ կանոնակարգն ուղարկվել է Սահմանադրական դատարան:
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երկու հանրապետությունների միջեւ սահմանազատման կանոնակարգի ստորագրմանն ասաց. «Այս կանոնակարգի ստորագրումը ճանապարհ է բացում սահմանազատման գործընթացի շարունակական ապահովման համար»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, կանոնակարգը դեռ մինչեւ հուլիսի 1-ը պետք է ստորագրվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով, այն ձգձգվեց: Իսկ այդ ընթացքում, ՀՀ Տավուշի մարզում իրականացվեց սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց: Կանոնակարգի հաստատման ձգձգմամբ է մեր զրուցակիցը բացատրում այն, որ թե ինքը, թե այլ ընդդիմադիր գործիչներ, տարբեր իրավաբաններ համարում են, որ Տավուշում իրականացված գործընթացն ամբողջությամբ ապօրինի է. «Որովհետեւ առանց կանոնակարգի հաստատման՝ Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի հատվածում չպետք է իրականացնեին համապատասխան աշխատանքներ, կամ, ըստ էության, Ադրբեջանին որեւէ տարածք չպետք է հանձնվեր: Կանոնակարգն, ըստ էության աշխատանքային ռեժիմներն են, մեթոդներն են, չափորոշիչներն են, որոնցով պետք է կանոնակարգվի գործընթացը: Դրանից հետո նոր պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծի տարբեր հատվածներով սահմանազատում-սահմանագծում իրականացվի»:
Առաջիկայում, երբ կանոնակարգի տեքստը կհրապարակվի, մեր զրուցակիցն առավել առարկայական կանդրադառնա դրա բովանդակային մասին: Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունն ի սկզբանե իրականացրել է ապօրինի գործընթաց, որում ՀՀ շահերը, ՀՀ քաղաքացիների շահերը ներկայացված չեն եղել, ընդդիմադիր պատգամավորը հույս չունի, որ կանոնակարգում այդ շահերը հաշվի առնված կլինեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ