Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեսպանատները ելնում են այն կանխավարկածից, որ եթե անձն ունի 070 կոդով անձնագիր, գնալու է, «հանձնվելու է», չի պահելու օրենսդրությունը». Արտակ Բեգլարյան

Օգոստոս 30,2024 18:30

«Աննորմալ ու անընդունելի իրավիճակ է»,- «Մեդիա կենտրոնում» «Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում շենգենյան վիզա ստանալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով դեսպանատների կողմից արցախցիներին վիզա տրամադրելու մերժումներին։

Նա այս առիթով շեշտեց․ «Մերժող պետությունները ծագման հիմքով մերժում են վիզա տրամադրել արցախցիներին՝ դա ցուցադրվում է 070 կոդով անձնագրի տեսքով։ Եթե ունես այս անձնագիրը, քո ծագումը ԼՂ-ից է, հետևաբար մենք քեզ վիզա չենք տրամադրում։ Բացի կոնվենցիայից, միջազգային ու ներպետական օրենսդրության հարցեր են խախտվում, սակայն ամենակարևորն այն է, որ խտրականությունը ցուցաբերվում է ծագման հիմքով։ Եթե վիզան չեն էլ տրամադրում, պետք է հիմնավորեն, որ քո փաստաթղթերը բավարար չեն, չես ապացուցել, որ վերադառնալու ու պահելու ես օրենքը։ Իրենք այն կանխավարկածից են ելնում, որ եթե անձն ունի 070 կոդով անձնագիր, գնալու է, «հանձնվելու է», չի պահպանելու այն օրենսդրությունը, որի հիման վրա ինքը վիզա է ստանում, հետո վերադառնում ՀՀ, միանգամից բոլորին մերժում ու իրավունքները խախտում են»։

Արտակ Բեգլարյանը վստահեցրեց՝ ոչ ոք իրավունք չունի դիմում չվերցնել․ «Խախտվում է նաև վարչարարության իրավունքը, որն ունիվերսալ է, գործում է բոլոր երկրներում։ Պետք է հասնենք նրան, որ իրենք ընթացքավորեն և պաշտոնական մերժում տան ու հիմնավորում, թե ինչու են մերժում»։

Արտակ Բեգլարյանը օրինակ բերեց, որ Չեխիայի դեսպանատունը երիտասարդների խմբին, որը կրթական կարճաժամկետ ծրագրով էր մեկնում Չեխիա, նրանց բոլորին տրամադրել էր վիզա բացառությամբ մեկի, որն ուներ 070 կոդով անձնագիր, բայց իրենք բոլորը եղել են կոնկրետ կազմակերպության ներկայացուցիչներ։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակում ՀՀ ԱԳՆ-ի դերակատարությունը, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչ է արվում, քանի որ խնդիրն առկա է և չի լուծվում, ԱԳՆ-ն էլ հրապարակային դիրքորոշում չի հայտնել։ Ես կարող եմ ասել, որ բավարար չէ իրենց աշխատանքը»։

Արտակ Բեգլարյանը վստահեցրեց՝ մենք ՀՀ քաղաքացիներ ենք, գրեթե միշտ եղել ենք ՀՀ քաղաքացիներ․ «Օգտվել ենք ՀՀ քաղաքացիների բոլոր իրավունքներից և ավելի բարձր նորմատիվ իրավական ակտերով ու պրակտիկայով մենք համարվում ենք ՀՀ քաղաքացիներ։ Կառավարության որոշումն այս տեսանկյունից հակասահմանադրական է։ Արցախում ստացել ենք տասնյակ հազարավոր ՀՀ նույնականացման քարտեր, այդ օրենքում ասվում է՝ ՀՀ նույնականացման քարտ տրվում է միայն ՀՀ քաղաքացիներին։ ՀՀ անձնագիր ունեցող Արցախի Հանրապետության մի քանի հազար բնակիչներ ՀՀ-ում ունեցել են և ունեն գյուղատնտեսական նշանակության հողեր։

Ըստ ՀՀ օրենսդրության՝ բացառապես ՀՀ քաղաքացիները կարող են գյուղատնտեսական նշանակության հող սեփականաշնորհել։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Չասեմ հանրային ծառայության մասին, թե քանի հանրային ծառայողներ են եղել ու կան Արցախի հաշվառմամբ բարձր պաշտոններում և միջին, ներքևի օղակներում։ Ինչպե՞ս են ընդունվել հանրային ծառայության, երբ օրենքն ասում է, որ բացառապես ՀՀ քաղաքացիները կարող են ընդունվել հանրային ծառայության»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031