Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնագիտական պեղումների բացառիկ արդյունքը. Սպիտակ Վանքի տարածքում հողով ծածկված եւս մեկ եկեղեցի է հայտնաբերվել

Օգոստոս 30,2024 18:09

Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրում Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի իրականացրած պեղումների ժամանակ նոր շերտեր են բացվել, եւ եւս մեկ եկեղեցի է հայտնաբերվել;

«Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ են իրականացվում պեղումները, հնագետներ Դիանա Միրիջանյանի եւ Տիգրան Ալեքսանյանի ցուցումներով է արվում ամեն ինչ: Ամեն համայնքից հոգեւոր հովիվները իրենց երիտասարդների, խորանի սպասավորների եւ առհասարակ համայնքի անդամների հետ մասնակցում են պեղումներին՝ իբրեւ կամավորականներ: Կամավորականության սկզբունքով այդ աշխատանքներին մասնակցությունը դիտում ենք իբրեւ հոգեւոր կրթության մի մաս՝ մեր երիտասարդների ու խորանի ծառայողների համար եւ միջոց՝ հաղորդակից լինելու պատմությանը, տեղեկանալու, թե ինչ է հնագիտությունը»,- Aravot.am -ի հետ զրույցում նշեց Մասյացոտնի թեմի հոգեւոր առաջնորդ գերաշնորհ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, որը նույնպես որոշակի օրերի մասնակցում է պեղումներին:

Սրբազան հորից տեղեկացանք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին, որը հայտնի է Սպիտակ վանք անունով, բացվել է եւս մեկ եկեղեցի. «Հետագայում հնագետներն ավելի հիմնավոր կմեկնաբանեն, թե այդ եկեղեցին երբ է կառուցվել, ամենայն հավանականությամբ՝ ավելի ուշ է կառուցվել: Կարծում եմ՝ մենք գործ ունենք վանական համալիրի հետ, որովհետեւ վանքի տարածքում կան նաեւ մի շարք սենյակներ, որոնք հավանաբար վանքի ենթակառուցվածքներ են եղել: Այսօր հայտնաբերվեց մկրտության ավազանը, ինչը հուշում է, որ վանքը բնակավայրից չպետք է հեռու լիներ, քանի որ ծառայել է բնակիչների հոգեւոր կարիքներին: Մենք վանքի երկու մոդել ունենք՝ մեկը անապատ վանքն է, մյուսը վանքը, որը սովորաբար ծառայել է իբրեւ դպրոց, միաբանները հոգեւոր խնամք են տարել գյուղի, համայնքի բնակիչների համար»:

 

Գեւորգ Սրբազանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Մասյացոտնի թեմը թանգարան հիմնի գտածոներն այնտեղ ամփոփելու եւ ցուցադրելու համար: «Մինչեւ թանգարան ունենալը՝ գտածոները, թերեւս, ի պահ կտանք Մայր Աթոռին կամ կցուցադրենք Մայր աթոռի թանգարանում: Եվ եթե պեղումներից հետո թույլտվություն ստանանք վերակառուցման, իսկ վանական համալիրն ունի բազում սենյակներ, ենթակառուցվածքներ, գուցե դրանցից մեկը դարձնենք թանգարան, որտեղ վանքի պատմությունը կցուցադրվի:

Ի վերջո, պեղումների հիմնական նպատակներից մեկը ոչ միայն վանական համալիրի միջավայրը հասկանալն է, ժամանակագրական տարբեր շերտերն առանձնացնելը, այլ վանքը վերակառուցելը: Կար նախագիծ, որը, սակայն, այժմ պետք է վերանայվի: Ի դեպ, Սպիտակ Վանքի մասին ժամանակին խոսել է Գարեգին Հովսեփյանցը, որը մինչեւ կաթողիկոս դառնալը՝ Մայր աթոռի նշանավոր գիտնական միաբաններից էր: Նա հայ մշակույթին, եկեղեցական արվեստին, հայագիտությանը նվիրված մի շարք ուսումնասիրություններ ունի, եւ մասնավորապես «Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ» աշխատության մեջ անդրադարձ է կատարել Սպիտակ վանքին, սակայն երկրորդ եկեղեցու մասին չի խոսել: Մենք անգամ չգիտենք՝ երկրորդ եկեղեցին որ սրբի անունով է, բայց հուսանք, որ դա էլ կպարզվի… Այսօր գտնվել է նաեւ ավազանը՝ հյուսիսային պատի կողմում, աշխատանքները եռում են, հույս ունենք վանքի պատմության հետ կապված այլ մանրամասնություններ եւս բացահայտել պեղումների միջոցով»,-նշեց Սրբազանը:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ , պատմական գիտությունների թեկնածու Դիանա Միրիջանյանը Aravot.am -ի հետ զրույցում եւս անդրադարձավ Սուրբ Աստվածածնի հյուսիսային կողմում բացված նոր եկեղեցուն: «Եկեղեցու խորանի վրա պահպանված է սուրբ սեղանը, հյուսիսային պատի մոտ՝ ավազանը: Մուտքը արեւմտյան կողմից է, 5 մետր 30սմ երկարությամբ, 3 մետր լայնությամբ ուղղանկյուն կառույց է, ճեղքված քարերով է կառուցված, հողի եւ կավի շաղախով»,-տեղեկացրեց հնագետը:

Դիանա Միրիջանյանի ձեւակերպմամբ, Գարեգին Հովսեփյանցը նոր գտնված եկեղեցու մասին որեւէ հիշատակություն չունի իր աշխատություններում, եկեղեցին հայտնի չի եղել նաեւ այնտեղ ժամանակին ընդօրինակություններ արած ականավոր վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանին. «Այսինքն` այդ հատվածը հողով ծածկված է եղել եւ նոր է բացվել: Վանական համալիրներում լինում է գլխավոր եկեղեցի, որը սուրբ Աստվածածինն է, եւ այլ անուններով տարբեր եկեղեցիներ, որտեղ տարբեր օրերի, տարբեր հոգեւորականներ պատարագներ են մատուցում: Ուզում եմ ասել, որ վանական համալիրում միաժամանակ մի քանի եկեղեցիներում կարող է պատարագ մատուցվել, քանի որ հավատացյալները շատ էին: Ամեն դեպքում նոր եկեղեցու հայտնաբերվելը հետաքրքիր նորություն էր, ինչը բոլորիս շատ ուրախացրեց, իսկ պեղումները դեռ շարունակվում են, հուսանք՝ նոր բացահայտումներ կլինեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031