Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը «Մեկ ձայն»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ոչ պետական դպրոցների գործունեության վերահսկողության համակարգի մշակման հարցը

Օգոստոս 30,2024 16:22

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանդիպել է ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ոչ պետական դպրոցների հետ երկխոսությունը, ինչպես նաև ասոցիացիայի հետ համագործակցային աշխատանքը: Մասնավորապես՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիայի հետ տարբեր օրենսդրական և ռազմավարական փաստաթղթերի շուրջ աշխատանքը, ինչը, նախարարի դիտարկմամբ, առանցքային է ոլորտում արդյունավետ քաղաքականության ապահովման համար:

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության համար` նշելով ոչ պետական դպրոցների գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելու հանգամանքը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, երկարօրյա խմբերի պարապմունքների, դպրոցներում խմբակների գործունեության կազմակերպմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, խրախուսման մոդելներին և ոլորտի օրակարգային այլ հարցերի։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այն առարկայական ծրագրերը, որոնցով աշխատում են ոչ պետական դպրոցները, և որոնք տարբերվում են օրինակելիից, կրթության լիազոր մարմնի կողմից անցնում են համապատասխան հավաստման, փորձաքննության և հաստատման գործընթաց։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ խմբակների կազմակերպման ձևաչափի և պարբերականության առումով նախարարությունը սահմանափակումներ կամ այլ մոտեցումներ չի սահմանել ոչ պետական դպրոցների համար, սակայն բովանդակային առումով ինչպես խմբակները, այնպես էլ կրթական և առարկայական բոլոր ծրագրերը պետք է համապատասխանեն Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին։

«Մեկ ձայն» ասոցիացիայի տնօրեն Շամամ Գևորգյանը ներկայացրել է վերջերս ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ոչ պետական դպրոցներում իրականացված ստուգումների արդյունքները: Այս համատեքստում քննարկվել է ոչ պետական դպրոցների գործունեության վերահսկողության համակարգի մշակման հարցը։

Կարևորելով ոչ պետական դպրոցների հետ պարբերաբար հանդիպումների հնարավորությունը՝ կողմերը պայմանավորվել են առաջիկայում աշխատանքային խորհրդակցություն անցկացնել բացառապես այս դպրոցների ղեկավարների մասնակցությամբ: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը խրախուսել է բոլոր ոչ պետական և մասնավոր դպրոցների անդամակցությունը և միավորումը մեկ կառույցում։

Հանդիպմանը կարևորվել են նաև փորձի փոխանակման հնարավորությունները, և քննարկվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031