Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորած անձանց չլուծվող խնդիրը Հայաստանում՝մեծագույն մարտահրավեր

Օգոստոս 30,2024 15:19

Անորոշ կորուստ՝ ավելի քան մեկ տասնամյակ միջազգայնորեն հռչակված և ավելի քան երեք տասնամյակ գործնականում առկա. անհայտ կորած անձանց չլուծվող խնդիրը Հայաստանում՝մեծագույն մարտահրավեր

2011 թվականից մինչ օրս օգոստոսի 30-ը աշխարհում նշվում է որպես բռնի անհետացման զոհերի միջազգային օր՝ հռչակված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 21-ին։

Օգոստոսի 30–ին ամբողջ աշխարհում հնչում են կոչեր կառավարություններին՝ գործադրել բոլոր ջանքերը՝ անհայտ կորած անձանց խնդրի լուծմանը հասնելու համար։ Միաժամանակ՝ բռնի անհետացման համար պատասխանատուներին կոչ է արվում զոհերի մասին տեղեկություններն անհապաղ հայտնել նրանց հարազատներին։

Հայաստանի Հանրապետությունը անհայտ կորած անձանց խնդրին առնչվում է Ղարաբաղյան առաջին պատերազմից սկսած։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորած է համարվում 1160 անձ, որից 437–ը Հայաստանից, 723–ը՝ Արցախից։

Ընդ որում, Հայաստանից անհայտ կորած 437 անձանցից 224-ը՝ զինծառայող է, 213-ը՝ խաղաղ բնակիչ, իսկ Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած 723 անձանցից 250-ը՝ զինծառայող է, 473-ը՝ խաղաղ բնակիչ:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմական գործողություններից հետո անհայտ կորած անձանց թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների կազմում է 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։

Այսպիսով, Հայաստանում ներկայումս անհայտ կորած է համարվում ավելի քան 2700 անձ, մինչդեռ անհայտ կորած անձանց ճակատագիրը և գտնվելու վայրը պարզելու և նրանց հարազատներին տեղեկացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության պարտավորությունը , դրա կատարման ուղղությամբ ձեռնարկած քայլերը շարունակում են մնալ անբավարար։ Թե Ղարաբաղյան երկրորդ՝ 2020 թ. պատերազմի հետևանքով անհայտ կորածների, թե Ղարաբաղյան առաջին՝ 1990–ական թվականների պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց և նրանց հարազատների իրավունքները մնում են խախտված։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության կողմից իր քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության ապահովման և դրանց վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից, իրականացրել է 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների, նրանց ընտանիքների խնդիրների բացահայտում և վերլուծություն, որի միջոցով անդրադարձել է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրներին, պետության կողմից իրականացվող քայլերին:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տվեցին, որ

անհայտ կորած անձանց ընտանիքների իրենց հարազատի գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկություն ստանալու իրավունքը պետության կողմից արդյունավետ կերպով չի ապահովվում,

անհայտ կորած անձանց վերաբերյալ առկա չէ մեկ միասնական տեղեկատվական բազա, որտեղ հավաքագրված կլինեին անհայտ կորած անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները,

պետական տարբեր մարմիններ իրականացրել են միևնույն լիազորությունները և գործառույթները 2020 թ. պատերազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական շրջանում, ինչի պատճառով անհայտ կորած անձանց ընտանիքների համար որոշակի չէ, թե որ մարմնին կարող են դիմել տարբեր հարցերի առնչությամբ տեղեկություններ ստանալու համար,

պատերազմի անմիջական և ուղղակի ազդեցությունը կրած անհայտ կորած անձանց ընտանիքները ունեն բազմաթիվ կարիքներ, մասնավորապես՝ սոցիալական, իրավական, ֆինանսական, հոգեբանական աջակցության,
պատերազմական գործողությունների հետևանքով անձանց անհայտ կորչելու հանգամանքների ուսումնասիրությունը ՀՀ որևէ օրենքով կամ նորմով չի կարգավորվում։

Միաժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է պարբերաբար հանդիպել անհայտ կորած զինծառայողների հարազատներին, ովքեր բարձրաձայնում են ՀՀ տարբեր պետական կառույցների կողմից իրենց պարտավորությունների ոչ պատշաճ կատարմանն առնչվող բազմաթիվ և տարաբնույթ խնդիրների մասին։

2024 թ. ապրիլ և հուլիս ամիսներին անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ընթացքում արձանագրել ենք անհայտ կորած զինծառայողների հարազատների դժգոհությունները պետական կառույցների աշխատանքից, որոնք ներկայացված են ստորև․

Սահմանափակված է անհայտ կորած անձանց ընտանիքներին տրվող տեղեկատվությունը և վերջիններիս մասնակցությունը քրեական վարույթների, իրականացված քննչական գործողությունների ընթացքին։
Անհայտ կորած զինծառայողների հարազատները չունեն ամբողջական հասանելիություն 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասերի տարածքներում տեղադրված տեսախցիկների ձայնագրություններին, ինչի պատճառով էլ չեն կարողանում պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել իրենց զինծառայողների հետ։

Առկա են բազմաթիվ անճշտություններ ԴՆԹ հետազոտության արդյունքներում։ Մասնավորապես, ԴՆԹ նմուշների համընկնման անճշտության մասին են վկայում զինծառայողների մարմինների, մասունքների (ոտքի չափսի, ատամնաշարի կառուցվածքի, մարմնի տարբեր հատվածների) կամ մարմիններին առկա նշանների, դաջվածքների և խալերի ակնհայտ անհամապատասխանությունները զինծառայողների մարմնին կամ մարմնի մասերի կառուցվածքին։

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին մտահոգում է այն հանգամանքը, որ ԴՆԹ նմուշառումների համընկնման արդյունքների օբյեկտիվությունը կասկածի տակ դնելուց և դրանց անճշտությունը ապացուցելուց հետո թվային որևէ փոփոխություն չի կատարվում պաշտոնապես ներկայացվող թվային տվյալներում։ Այսինքն, պաշտոնապես ներկայացվող անհայտ կորածների թիվը մնում է անփոփոխ նույնիսկ այն պարագայում, երբ կրկնակի ԴՆԹ հետազոտությամբ ժխտվում է զինծառայողի մահացած լինելու վարկածը։ Միաժամանակ, անհայտ կորած զինծառայողների հարազատները նշում են, որ որպես անհայտ կորած ներկայացվող 195 անձանցից բացի, ևս 85 զինծառայողների հարազատներ վստահ են, որ չնայած առկա է հաստատում ԴՆԹ նմուշառումների համընկնման մասին, սակայն ներկայացված մարմինները կամ մասունքները չեն համապատասխանում անհայտ կորած զինծառայողների մարմնակազմությանը։ Այս 85 անհայտ կորած զինծառայողներին մահացած համարելով՝ պետությունը փաստացի հրաժարվում է վերջիններիս ճակատագրի հանդեպ պատասխանատվությունից, նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունների հայթայթման, որոնողական աշխատանքներից և միջազգային կառույցներին ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող պատկեր։ Ելնելով այս հանգամանքից, անհայտ կորածների հարազատները պնդում են, որ 2020 թ. պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների թիվն ավելին է, քան պաշտոնապես ներկայացվող 195-ը։

Պատերազմից հետո չորս տարի շարունակ անհայտ կորած զինծառայողների հարազատները անձամբ են ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը իրենց անհայտ կորած զինծառայողների գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկություններ հայթայթելու համար և պատկան մարմինների գործելաոճը գնահատում են որպես անգործություն։ Ավելին, ըստ անհայտ կորած զինծառայողների հարազատների, իրենք բազմիցս դիմել են ՀՀ կառավարություն, առաջարկել տարբեր մոտեցումներ զինծառայողների մասին տեղեկատվություն ստանալու համար, սակայն դրանք շարունակ անտեսվում են քննչական մարմինների և պաշտպանական գերատեսչության կողմից։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ինչպես բազմիցս հրապարակավ, այնպես էլ անհայտ կորածների հարազատների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է պետության պարտավորությունը տեղեկություններ փնտրելու և հայտնելու ընտանիքներին՝ իրենց անհայտ կորած հարազատի գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ, և այդ տեղեկությունները պետք է լինեն անվիճելի, ապացուցելի ու վստահելի հարազատների համար, իսկ նրանց հետ աշխատանքները պետք է իրականացվեն մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքի հիման վրա։

2007 թ. (մայիսի 24-ին) ԵԽԽՎ-ն ընդունեց անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 բանաձևը։ Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ստանձնեց ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործման պարտավորություն։ ՀՔԱՎ-ն անհայտ կորած անձանց ճակատագրի, գտնվելու վայրի և կորչելու հանգամանքների, ինչպես նաև նրանց ընտանիքների խնդիրների վերաբերյալ գրությամբ 2022 թ. դիմել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ հրատապ համարելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այցելության կազմակերպումը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու համար հակամարտող երկրների կողմից 2007 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած Անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ 1553 (2007) բանաձևի իրականացման, նշված բանաձևում ամրագրված մոտեցումներին անդրադառնալու և հակամարտության կողմերի պատասխանատվությունը ուսումնասիրության առարկա դարձնելու համար, ինչը կարող է խթանել մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը և հետագայում կոնֆլիկտի դե-էսկալացիան: Ի պատասխան մեզ տեղեկացրել են, որ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանը 2021-ին եղել է Հայաստանում և Ադրբեջանում և իր այցի արդյունքներն ամփոփել զեկույցով, որի հիման վրա էլ ընդունվել է ԵԽԽՎ 2391 (2021) բանաձևը կոնֆլիկտի հումանիտար հետևանքների վերաբերյալ:

Չնայած վերոնշյալ բանաձևերի ընդունմանը՝ Հայաստանի Հանրապետությունը օրենսդրական մակարդակում բավարար չափով չի կատարում իր պարտավորությունները անհայտ կորածների և նրանց հարազատների հանդեպ։

Ներկայումս ՀՀ-ում օրենսդրական մակարդակով ամրագրված չէ անհայտ կորածի իրավական կարգավիճակը, ինչի հետևանքով անհայտ կորածների հարազատները ստիպված են դատական կարգով հասնել հարազատի նշված կարգավիճակի հաստատմանը՝ պետության կողմից սահմանված սոցիալական աջակցությունը ստանալու նպատակով:

Անհրաժեշտ է մի շարք առանձին ենթաօրենսդրական ակտերի փոխարեն ունենալ համապարփակ օրենք, որի միջոցով կկարգավորվեն անհայտ կորածներին և նրանց հարազատներին առնչվող տարբեր խնդիրները, քանի որ դրանք չեն սահմանափակվում միայն սոցիալական աջակցության տրամադրմամբ։ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ինչի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բարձրաձայնում է 2004 թվականից, հրամայական է։

Հաշվի առնելով հակամարտության սրման մշտական վտանգը և դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում հարյուրավոր անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների բազմաթիվ իրավական, սոցիալական, ֆինանսական, հոգեբանական և այլ խնդիրների համակողմանի լուծման հրատապությունը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենքի) նախագծի մշակման աշխատանքները՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ։ Առաջարկված օրենքի նախագծով նախատեսվում էր անհայտ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվեր անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու մասին տեղեկությունների ձեռքբերմամբ։ Օրենքի նախագիծը ենթադրում էր նաև անհայտ կորածի հարազատների հանդեպ պարտավորությունների ստանձնում և անհայտ կորչելու հանգամանքների քննություն։

«Անհայտ կորածի մասին» Օրենքի նախագծի ներկայացումից (2011 թ.) միայն 13 տարի անց և անհայտ կորած անձանց և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ջատագովության մեկնարկից (2004 թ.) շուրջ երկու տասնամյակ անց պետության կողմից գործուն քայլեր ձեռնարկվեցին Օրենքի նախագծի ընդունման ուղղությամբ։ 2024 թ. մայիսին ՀՀ արդարադատության նախարարությունը Կազմակերպությանը տրամադրեց Նախարարության կողմից մշակված, շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա լրամշակված և «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանն արժանացած՝ «Անհայտ կորած անձանց վերաբերյալ» օրենքի հայեցակարգը: Մայիսի 24–ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները Արդարադատության նախարարության և ՀՀ–ում ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկեցին «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի դրույթները, նախագծի մշակմանն ուղղված հետագա քայլերը։

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության, Օրենքի նախագծի մշակումը ամփոփման և ավարտման փուլում է։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ակնկալում է առաջիկայում ստանալ Օրենքի նախագծի նախնական տարբերակը՝ դիտարկումների և առաջարկությունների ներկայացման համար:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031