1991 թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» ակտը, որով հայտարարվում էր, որ նորանկախ Ադրբեջանը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը։ Բացի 1918-1920 թթ․ պատմական անորոշություններից, Ադրբեջանը ժառանգեց նաև բացահայտ համակարգային հակահայկականությունն ու արտակարգ բռնությունների պրակտիկան։
1988 թ․ արդեն իսկ սկսվել էր հայության նկատմամբ բռնությունների աներևակայելի գործընթացը, որը հասցրել էր իր ծայրագույն դրսևորումը գտնել ի դեմս 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի և այլ վայրերի հայության ջարդերով, կոտորածով, թալանով և բռնի տեղահանմամբ։
Ադրբեջանի անկախության հռչակագրի ընդունումից ընդամենը ամիսներ առաջ՝ 1991 թ․ ապրիլին սկսվել էր Գետաշենի և հայկական այլ բնակավայրերի շրջափակման, խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների «Օղակ» գործողությունը։ Անկախության հռչակումը ամենևին չխանգարեց, եթե ոչ ազատեց Ադրբեջանի ձեռքերը ապագայում Մարաղայի ցեղասպանությունն իրականացնելու գործում։
Վերջին ավելի քան մեկ հարյուրամյակի իրադարձությունները գալիս են ապացուցելու այն պարզ հանգամանքը, որ իշխող վարչակարգը կամ դրա փոփոխությունը ամենևին չի փոխում այն հակահայկականությունը, որով վարակված է ադրբեջանական հասարակությունը։ Այս են վկայում 1905-1906 թթ․ թաթարական բռնությունները, 1918 թ․ Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածը, Նուխիի, Արեշի, Գանձակի հայության կոտորածները, 1919 թ․ Ագուլիսի կոտորածը և ողջ Նախիջևանի հայաթափումը, 1920 թ․ Շուշիի ողջ հայության կոտորածն ու տեղահանումը։
Կարդացեք նաև
Պատմական նման զարգացումներից հետո արդո՞ք զարմանք են հարուցում 1988 թ․ սկսված հայության նկատմամբ արտակարգ բռնությունները։ Անգամ խորհրդային տարիների «ժողովուրդների եղբայրությունն» ի զորու չեղավ մեղմել ադրբեջանական ռասիզմը, որը խորհրդային 7 տասնամյակների ընթացքում, այնուհանդերձ, գտավ արտահայտման պասիվ մեթոդներ՝ հանգեցնելով, օրինակ, Նախիջևանում հայ բնակչության էական նվազմանը, Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության թվաքանակի աճի կանխարգելմանը, և մնացյալ հայության զարգացման նկատմամբ շարունակական խոչընդոտների հարուցմանը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռասիստական քաղաքականությունը հայության նկատմամբ և պահանջում իրապես հետևել ժամանակակից անկախ և իրավական պետությանը բնորոշ սկզբունքներին՝ մարդու իրավունքների միջազգային պաշտպանության նորմերը հիմք ընդունելով, և ապահովել հայության հսկայական զանգվածների անքակտելի իրավունքների իրացումը։
Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ