«Շատ լավ, շատ ջերմ հարաբերություններ, ինքն ինձ համար եղել է ուսուցիչ, ավագ ընկեր, ընտանիքիցս սկսած՝ բոլոր հարցերս իր հետ քննարկել եմ, ինքն ինձ խորհուրդներ է տվել, որոնք ինձ համար շատ օգտակար են եղել»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Վահե Դոլմազյանի հարցին՝ Արմեն Աշոտյանի հետ ի՞նչ հարաբերություններ եք ունեցել, այսպես պատասխանեց Կարեն Ակոպյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում շարունակվեց գործով առանցքային վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը։ Նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորի խորհրդական, աշխատակազմի ղեկավար, ռեկտորի օգնական։
Մյուս հարցին՝ երբևէ եղե՞լ է, որ Արմեն Աշոտյանը որևէ հարցով Ձեր նկատմամբ հովանավորչություն ցուցաբերի, Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ այո, եղել է․ «Հարսանիքիս համար բավական մեծ գումար էր պետք, տունս ձեռք բերելու համար գումար էր պետք ու ինքը արել է այդ ամենը․ դիմել եմ, օգնել է»։
Դատավոր Վահե Դոլմազյանը հարցրեց՝ գործում հիմքում առկա գործարքների հետ կապված եղե՞լ է, որ Արմեն Աշոտյանը որևէ կերպ երաշխավորություն տա, Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Չի եղել, հակառակը, ես եմ մոտեցել, միջանցքում հարց եմ տվել Արմեն Աշոտյանին, որ նման բան կա՝ Միքայել Նարիմանյանն ասում է՝ դու տեղյակ ես, դու տեղյա՞կ ես։ Ասել է, տեղյակ եմ, նորմալ է։ Ըստ էության՝ առանց Մարթային ասելու, որ ես Արմենի հետ հանդիպել եմ, ներկայացրել եմ, որ հոգաբարձուների նախագահն էլ է համաձայն, ռեկտորն էլ է համաձայն, մենք ի՞նչ մտահոգվելու բան ունենք»։
Կարդացեք նաև
Մեղադրող դատախազն ասաց՝ հարցաքննության ժամանակ տրված ցուցմունքի ժամանակ հարցին պատասխանեցիք, որ Մարթան մտավախություն չի ունեցել, եղել է զայրացած։ Հիմա Ձեր ցուցմունքներով բացահայտ խոսում եք Մարթա Սիմոնյանի վախերի մասին։ Եթե այդքան նույնացնում եք այդ հասկացությունները՝ զայրույթ և մտավախություն, կասե՞ք ինչու եք նշում ՝ ոչ թե մտավախություն, այլ զայրույթ։ Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Դա թարմ վիճակ էր, երբ Մարթայի հետ այդ դեպքը պատահեց, և ես այդ ժամանակ անընդհատ խմում էի, հնարավոր է, որ բառերի ճիշտ ընտրություն չէ, քանի որ խոսում էի իմ մտերիմ մարդու հետ և չէի ընտրելու բառերը, ես չէի մտածում, որ դուք ինձ լսում եք, խոսեմ այնպես, որ միանգամից այդ հարցերի պատասխանները այստեղ պիտի տամ։ Դա իմ ու ինձ մտերիմ մարդու տարածքն է։ Եթե տեղում հարց առաջանար, ես կպատասխանեի։ Հետո երբ եկա այստեղ, պատասխանում եմ, հետադարձ հայացքով եմ նայում․ արդեն ժամանակ է անցել, բոլոր մտքերս դասավորել եմ, պետք է օգտագործեմ այն բառերը, որոնք փաստ են եղել, այլ ոչ թե իմ տպավորությունը։ Դրա համար ներկայացրի, որ դա ավելի շատ բարկություն է եղել»։
Մեղադրող դատախազը հարցրեց՝ Ձեզ համար դատական նիստերի դահլիճում Արմեն Աշոտյանի ներկայությունը կաշկանդող հանգամա՞նք է, որ ավելի ազատ ներկայացնեք այն իրավիճակները, որում հայտնվել էիք, Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Ձեր հարցերի ձևակերպումն է կաշկանդող, որովհետև ոչ թե դրանք ուղղված են ճշմարտությունը հասկանալուն, այլ կոնկրետ մեկ ռելսի վրա ամենը տեղավորելուն։ Ես էլ զգում եմ, դա է ինձ կաշկանդում։ Միակ բանը, որ ինձ կաշկանդում է, որ այս մարդը նստած է, և այդ նստելու առիթը կառուցվել է իմ նախադասությունների վրա կտրած իրար կպցրած, որ իբր թե ինքն ինձ փաստաբան ունենալ է առաջարկել։ Այ, դա ինձ կաշկանդում է»։
Վահե Դոլմազյանը, հղում կատարելով Կարեն Ակոպյանի խոսքերին, ասաց՝ նշում եք, որ գործարքի հետ կապված Արմեն Աշոտյանը հովանավորչություն չի ցուցաբերել, այժմ հրապարակեմ Ձեր մասնակցությամբ խոսակցության ձայնագրություն․ «Գոռ, որովհետև դու ես պրոցեսի մեջ եղել, քեզնով է Մարթան էս ամենը արել, եթե դու չես հասկացել մինչև հիմա, դա էլ Մարթայի մեծ սխալն է, շատ մեծ սխալն է, որ քո խոսքը չունենալով՝ մտածել է, որ մի սար է մեջքի հետևը, էդ սարի ասած խոսքն է, տենց չի եղել, ու էդ սարը չի բեկանվել, տենց չի եղել, տենց չի եղել, երկուսիս սարն էլ նույն մարդն է եղել, երկուսիս սարը եղել է Արմենը։ Երբ ռեկտորն այդ ամենն ինձ ասել է, ես Արմենի հետ խոսել եմ»։
Վահե Դոլմազյանը խնդրեց պարզաբանել այս խոսակցությունը: Կարեն Ակոպյանն ասաց․ «Գոռի ասած սարը ես եմ, ես էլ դա ընդունում եմ, բայց այդ ժամանակ փորձել եմ իմ վրայից պատասխանատվությունը գցել ու ասել, որ երկուսիս սարը Արմեն Աշոտյանն է եղել։ Իրականում այդտեղ ճշմարտությունից շատ հեռու չեմ եղել, քանի որ ինքը սարի պես կանգնած է եղել իմ ընկալմամբ՝ թե իմ, թե Մարթայի կողքին բոլոր հարցերում։ Ինքը ինձ էդ հնարավորությունը տվել է իրենից իմաստուն, փորձառու պատասխաններ լսել»։
Վահե Դոլմազյանն ասաց՝ Ձեր պատասխանը կապ չուներ իմ հրապարակած բովանդակության տեքստի հետ․ ասում եք՝ հովանավոր ու սար է եղել։ Կարեն Ակոպյանն ասաց՝ ես հովանավոր բառ չլսեցի։ Վահե Դոլմազյանն արձագանքեց՝ ես հովանավոր բառ չասացի։
Կարեն Ակոպյանը նշեց․ «Խոսքը առհասարակ Արմեն Աշոտյանի մասին է նաև եղել այդ ընթացքում, քանի որ ես էլ, Գոռն էլ, Մարթան էլ ինչ ասում եմ՝ իմ ընկալումն է, որովհետև մենք նեղված, նեղացած ենք եղել Արմեն Աշոտյանից, որովհետև վստահ ենք եղել, որ իր լայվերի պատճառով է այս ամենը եղել։ Հնարավոր է՝ բաց խոսակցություններ ունենայինք, քանի որ երկար դրանում համոզված եմ եղել, որ այս ամենը եղավ Արմեն Աշոտյանի լայվերի պատճառով։ Դրա համար էլ և իրենից օգնություն ակնկալելու քայլեր էի անում, ամեն ձևով Մարթայի համար փորձում էի օգնություն խնդրել իրենից, հետո հասկացա, որ ես անմիջապես փաստորեն պատճառը դարձա այս իրավիճակի, որում հայտնվեց ինքը»։
Ընդմիջումից Կարեն Ակոպյանը պնդեց. «Ես Արմեն Աշոտյանին ասում էի, որ մի օր իր լայվերի համար ուրիշ ձև են վրեժ լուծելու, ինչը և եղավ, ու նրան ասել եմ` դե, քանի որ խնդիրը քաղաքական է, դու էլ քաղաքական լուծում տուր։ Ասել է` չեմ կարող։ Աշոտյանն ասաց` գնացեք, սուտ էլ գրեք, իմ դեմ ցուցմունք տվեք, ոնց կարողանում եք, ձեզ պաշտպանեք, ես հակառակը չեմ ասի։ Միայն թե այդ աղջիկը չնստի։ Ձեզ անկեղծ ասեմ` եթե ինձ ասեին` գրի՛ր, որ Աշոտյանն է քեզ ու Մարթային ստիպել, որ էս գործարքն անեիք, դա ճիշտ չէր, բայց ես դա էլ կանեի, միայն թե Մարթան չնստեր»։
Հարցին` այսինքն՝ ինքը պատրաստ էր սուտ ցուցմո՞ւնք տալ, Կարեն Ակոպյանը պարզաբանեց. «Կրկնում եմ, խոսքն այն մասին է, որ Աշոտյանն ասել է` գնացեք, ձեր երևակայությանը զոռ տվեք, ինչ ուզում եք՝ ասեք, գրեք, ձեզնից չեմ նեղանա, փրկեք ձեզ: Ես Աշոտյանին ասել եմ՝ դու գիտեիր, որ քո լայվերի համար մուռն ուրիշ տեղից են հանելու, դե գնա քաղաքական լուծում տուր, նա ասել է` չեմ կարող։ Աշոտյանն ինձ ասաց` ես ձեզ ասե՞լ եմ` գնացեք, էդ գույքն առեք, չէ։ Բայց դուք կարող եք գնալ ու ասել, որ ես եմ ձեզ ստիպել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից