«Լիտվայի դեսպանատանն ուղղակի թղթերս չվերցրին՝ հիմք ընդունելով 070 կոդով անձնագիրը ու պարզաբանեցին, որ Լիտվայի ԱԳ նախարարությունը նման որոշում ունի»,- «Մեդիա կենտրոնում» «Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում Շենգենյան վիզա ստանալ» թեմայով քննարկման ժամանակ ահազանգեց տեղահանված արցախցի Լիզա Մաթևոսյանը։
Նա նշեց, որ առաջին տեղահանումից հետո՝ 2020-ին, ինքը կարիք ուներ նոր անձնագիր ստանալու, ուստի ՀՀ-ում ստացել է 001 կոդով անձնագիր։ Երբ դրանից հետո օրենք ընդունվեց ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու հետ կապված, ստիպված եղավ նորից փոխել անձնագիրը, որովհետև 070 կոդով անձնագրով էին տալիս այդ վկայականը։ Լիզա Մաթևոսյանն ասաց, որ դրանից հետո դիմել է Լիտվայի դեսպանատուն, ու այնտեղ իր թղթերը չվերցրին 070 կոդով անձնագրի պատճառով։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասաց՝ խնդիրը դեռ շարունակում է գոյություն ունենալ․ «Դեսպանատներ կան, որոնք առանց որևէ խոչընդոտի տրամադրում են շենգեն վիզա։ Նույն Ֆրանսիայի դեսպանատունը, չի եղել մի դեպք, որ մերժեն ընթացք տալ գործին՝ պատճառաբանելով, որ 070 կոդով է։ Դեսպանատներ կան, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում։ Նույն անձին Գերմանիայի դեսպանատունը մերժել է, հետո հրավիրող կողմը դիմել է Գերմանիայի դեսպանատուն առանձին նամակով, և տվյալ անձին նորից կանչել են հարցազրույցի ու տրամադրել վիզա։ Դեսպանատներ էլ կան, որ ընդհանրապես որևէ ձևով չեն տրամադրում վիզա, ընթացք էլ չեն տալիս։ Դրանց շարքում հատուկ կընդգծեմ Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի դեսպանատները։ Երեկ նման հարցով դիմել է քաղաքացի, որը դիմել է Իսպանիայի դեսպանատուն։ Վիզաների կենտրոնից պարզաբանել են, որ հյուպատոսի հրահանգով չենք կարող վերցնել փաստաթղթերը։
Կարդացեք նաև
Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Բրյուսելում իրենց աղբյուրներից ստացել է տեղեկություններ, որ ամեն դեպքում պետք է ընթացքավորել և խտրականություն չցուցաբերել։ Լրագրողների հարցին՝ միտում տեսնո՞ւմ եք, որ հենց 070 կոդով անձնագիր ունեցող անձանց նկատմամբ է այսպիսի վերաբերմունք ցուցաբերվում, քանի որ ՀՀ քաղաքացիների վիզայի դիմումն էլ է հաճախ մերժվում, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․ «Պետք է տարբերակել վիզայի պրոցեսը ընթացքավորելը ու մերժելը չընթացքավորելուց։ 070 կոդով անձնագրերով ուղղակի դիմումդ չեն ընդունում, ոչ թե ընդունում ու մերժում են։ Դեսպանատներից ստացված պարզաբանումներն ասում են՝ քանի որ ՀՀ իշխանությունների հայտարարությունների հիման վրա մենք չենք կարող հավաստիանալ, որ 070 կոդով անձնագրերը հավաստում են ՀՀ քաղաքացիության մասին, հետևաբար մենք չենք կարող ձեր դիմումը ընթացքավորել՝ որպես ՀՀ քաղաքացիներ։ Բայց երբևէ ԱՄՆ դեսպանատնից նման պնդում չենք չլսել։ Ես ու Արտակ Բեգլարյանը դիմել ենք ԱՄՆ դեսպանատուն, ու 070 կոդով մեր վիզայի գործընթացը ընթացքավորվել է, ու մենք ստացել ենք վիզա»։
Գեղամ Ստեփանյանը նշեց՝ եթե շենգենյան գոտու պետությունները համաձայնում են միասնական մոտեցումներ որդեգրել կոնկրետ հարցերի շուրջ, տեսնում ենք, որ կոնկրետ այս հարցի վերաբերյալ նրանց մոտեցումները միասնական չեն․ «Այդ բոլոր պետությունները Փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայի անդամներ են, և 28-րդ հոդվածն ասում է, որ փախստականներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք, և Կոնվենցիայի անդամ կողմերը պարտավորվում են նրանց անձը հաստատող փաստաթուղթն ընդունել՝ որպես ճամփորդական և առնվազն՝ որպես այդպիսին հիմք պիտի ընդունվի այդ երկրների կողմից։ Կա խնդիր, բարձրաձայնում ենք և ակնկալում հստակ պատասխան։ Եթե ասում եք՝ 070 կոդով անձնագիրը չի հավաստում կամ իշխանությունների ասածից բխում է, որ չի հավաստում ՀՀ քաղաքացիության մասին, ապա ասեք՝ ինչո՞ւ դրանք չեք դիտարկում նորմալ ճամփորդական փաստաթուղթ։ Գոնե որպես ճամփորդական փաստաթուղթ ընդունելով՝ պետք է ընթացքավորեն վիզայի գործընթացը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ