Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավագ դպրոցում դասագրքերի բացակայությունը բերելու է քաոսի. Սերոբ Խաչատրյանը՝ ուսումնական տարին առանց դասագրքերի դիմավորելու մասին

Օգոստոս 30,2024 12:54

Սեպտեմբերի 1-ն արդեն երկրորդ անգամ կմեկնարկի առանց դասագրքերի, այս տարի՝ 13 դասագրքի բացակայությամբ: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց. «ԿԳՄՍ նախարարությունը տարբեր լուծումներ է առաջարկել, օրինակ` առաջարկել է ռուսերենն ու ֆրանսերենն անցնել հին դասագրքերով՝ այն հաշվարկով, որ թեեւ չափորոշիչը փոխվել է, միեւնույն է՝ երեխաները օտար լեզուներ են սովորում, հետեւաբար կարելի է եւ հին դասագրքերով անցնել: Բայց լուրջ խնդիր է առաջանում 10-րդ դասարանի Հայոց պատմության պարագայում, որովհետեւ դրա չափորոշիչը լրիվ նոր է, եւ հին դասագիրքը հնարավոր չէ օգտագործել՝ ամեն ինչ շատ տարբեր է»:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչ է լինելու, Սերոբ Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Շատ վատ է լինելու: Երկրորդ տարին անընդմեջ դասագրքերի բացակայություն կա, անցյալ տարի 11, այս տարի 13 դասագիրք չկա: Անցյալ տարի ասացին՝ անփորձ ենք, 10 տարի մրցույթ չի եղել, դրա համար այսպես պատահեց: Հիմա երկրորդ տարին է կրկնվում: Եվ եթե երկրորդ տարին էլ դասագրքեր չկան, ուրեմն արդարանալու տեղ էլ չկա: Իհարկե, ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատվությունը գցում է գիտնականների վրա, ասում է՝ դասագիրք չեն գրել կամ վատ են գրել:

Դրա համար դասագիրք չկա, բայց միեւնույն է, հարցը ԿԳՄՍ նախարարության պատասխանատվության տիրույթում է, եթե գիտնականները որոշում են դասագիրք չգրել, որեւէ մեկը չի կարող նրանց մեղադրել: Չկա այնպիսի կարգ, որ գիտնականները պարտավոր են դասագիրք գրել, ամեն ոք ինքն է որոշում է՝ գրել, թե չգրել, բայց ԿԳՄՍ նախարարությունն ունի պարտավորություն՝ դպրոցները դասագրքերով ապահովելու:

Աշխարհի ոչ մի երկրում ընդունված չէ դպրոցները թողնել առանց դասագրքերի: Շատ երկրներ էլ այնքան ազատություն են տվել, որ ամեն առարկայից մի քանի դասագիրք կա, դպրոցներն ազատորեն ընտրում են՝ որ մեկով անցնել: Հիմա մենք խոսում ենք, որ չկան դասագրքեր տարբեր առարկաներից, բայց ունենք նաեւ առարկաներ էլ, որոնց պարագայում ընդամենը մեկ դասագիրք կա: Այսինքն, եթե ուսուցիչը չի ընդունում այդ հեղինակի դասագիրքը, ստացվում է՝ այլընտրանք չունի: Սա էլ է խնդիր, որովհետեւ լավ կլինի՝ ուսուցչին ընտրելու հնարավորություն տալ»:

Մեր զրուցակիցը փաստեց, որ կոնկրետ ավագ դպրոցում այս տարի 5 դասագիրք չի լինելու, ինչը լուրջ խնդիր է: Նրա ձեւակերպմամբ, ավագ դպրոցում առանց այն էլ երեխաներ շատ բաների մատների արանքով են նայում, դասագրքերի բացակայությունը հանգեցնելու է քաոսի:

Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեցինք նաեւ իրենց թիմի դասագրքի ճակատագրով: «Այն հանձնաժողովը, որ նախապատվությունը տվել էր իրենց թեմի դասագրքին, լուծարել էին, արդյունքում հաղթել էր մեկ այլ դասագիրք: Ամեն կերպ խուսափեցին, չհանդիպեցին մեզ հետ, մենք էլ այս շաբաթվա սկզբին դիմել ենք դատարան, սպասում ենք»,-ասաց կրթության փորձագետը:

Դառնալով բացակայող 13 դասագրքերին՝ նշենք, որ Factor.am-ի փոխանցմամբ, ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանել էին, թե 2024-2025 ուսումնական տարում «Հանրակրթության պետական չափորոշիչը» փուլային ներդրվում է 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում, եւ դրանով պայմանավորված՝ նախարարությունը հայտարարել է այդ դասարանների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթներ, ինչպես նաեւ հայտարարել է մրցույթներ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում՝ պայմանավորված այդ դասարաններում որոշ դասագրքերի բացակայությամբ: Ամփոփման արդյունքում դասագրքերի 80,3%-ը երաշխավորվել է գործածության, մինչդեռ 19,6%-ը չի ստեղծվել կամ չի հաղթահարել դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը»,:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031