Լրահոս
Օրվա լրահոսը

Մի էլ բարևեք իրար՝ ձեր գործն է, բայց մի քանի րոպեով եղեք Արցախի ներկայացուցչությունում. Թևան Պողոսյան

Օգոստոս 30,2024 12:45

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Սեպտեմբերի 2

Ցանկանում կրկնել կոչս ու խնդրանքս. սեպտեմբերի 2-ին բոլորս այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հուսամ, որ Արցախը կրկին կդառնա մեր միասնության կերտման սկիզբը։

Իսկ այսօր կոչս ուղղում եմ աշխարհասփյուռ բոլոր հայերին: Օգոստոսի 19-ից մի քանի օրը մեկ հանդես եմ եկել կոչով և շատ արձագանքեր եմ ստացել, բայց մեկ անգամ նորից ցանկանում եմ նշել կոչիս բուն նպատակը: Ցանկանում եմ, որ բոլորս միասին ձևավորվենք այնպիսի մի երևույթ, որը տարիների ընթացքում կձևավորի ուժ, որ Արցախի հարցը կարողանանք վառ պահել և մի օր կարողանանք այն կրկին հայկական լուծման բերել:

Ամենաակնառու օրինակը, որն իմ պատկերացմամբ ունենք, ապրիլքսանչորսյան մեր միասնական վարքագիծն է: Այդ օրն անկախ ամեն ինչից յուրաքանչյուր հայ գնում է Ծիծեռնակաբերդ: 1915-ից անցել էին տասնամյակներ, երբ Ծիծեռնակաբերդը կառուցվեց, հետո անցան տասնամյակներ, երբ աշխարհը, տեսնելով ամենամյա ապրիլքսանչորսյան ծով մարդկային հոսքը դեպի հուշահամալիր, հասկացավ, որ Հայոց Ցեղասպանության էջը շրջված չէ, և տասնամյակների պայքարը սկսեց արդյունք տալ, երկրները սկսեցին ճանաչել մեր պատմական ողբերգությունը:

Եթե անցած տարվա կոչս նպատակ ուներ ավելի շատ ուժ փոխանցել արցախահայությանը, վստահություն ուղարկել, որ իրենք մենակ չեն, ապա այս տարվա կոչս ավելին է` ապրիլքսանչորսյան մեր ուղերձի հետ համեմատականի մեջ է, քանի որ 2023թ. սեպտեմբերի 19-20-ը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպան գործողություն: Ուրեմն էլ պետք չէ սպասել տասնամյակներ, որ նորից սկսենք գիտակցել, որ պետք է ինքներս մեզ և աշխարհին ցույց տանք, որ միասնական ենք ու որ Արցախի հարցը փակված չի:

Արդյո՞ք մեզ պետք է միջոցառում, որ գնանք, արդյո՞ք կոնկրետ ժամ պետք է ասվի, որ գնանք, արդյո՞ք ինչ-որ բան պետք է կատարվի, որ գնանք… Սեպտեմբերի 2-ին 00:00 -24:00 որ ժամին էլ գնանք, ում հետ էլ գնաք, կլինի հենց այն, ինչը կարձանագրվի ու ուղերձ կհղի աշխարհին: Երբ էլ այցելեք, ում էլ տեսնեք, իմացեք, որ դա անում եք ձեր և ԱՐՑԱԽԻ համար, այլ ոչ թե ուրիշի: Մի էլ բարևեք իրար, դա չի կարևորը, մի էլ զրուցեք, էլի ձեր գործն է, բայց 24 ժամվա ընթացքում մի քանի րոպեով եղեք ներկայացուցչությունում։ Վստահ եմ` մամուլում կհայտնվի նկար, որով կկարողանանք աշխարհին ներկայացնել, որ Արցախը հայ ազգի համար կա, և այն հայկական է։ Վստահ եմ, որ անհատապես բոլորդ էլ լավ եք հասկանում, թե ինչ հզոր «մեսիջ» կարող եք փոխանցել Արցախի մեր հայրենակիցներին ու աշխարհին` այդ նկարում հայտնվելով։ Սակայն այլ բան է, թե կկարողանա՞ք վեր կանգնել նեղ կուսակցական/անձնական/խմբակային շահերից, և այդ քայլն անել հանուն ազգային շահի։

Խնդրանքս լրատվական դաշտի բարեկամներիս և ինձ չսիրողներին. խնդրում եմ, հանրայնացրեք կոչս, օգնեք տեղ հասցնել։

Իսկ խնդրանքս աշխարհի ցանկացած հային էլի նույն է՝ եկեք բոլոր հայերով, աշխարհի ցանկացած կետում, առնվազն այդ 24 ժամն ապրենք Արցախով։ Անպայման մասնակցեք բոլոր ձեզ համար հարմար միջոցառումներին` լինի երթեր, ցույցեր կամ այլ մի բան:

Արցախը միշտ է իմացել ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի:

Արցախը մեր բոլորի կարիքն ունի:

Իսկ Երևանում, հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031