Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին պետք չէ խաղաղություն, որովհետեւ կարողանում է Հայաստանից ստանալ այն, ինչը պիտի ստանար խաղաղության համաձայնագրով. «Հրապարակ»

Օգոստոս 30,2024 11:51

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օգոստոսի 28-ին հեռախոսային խոսակցություն են ունեցել եւ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին առնչվող, սահմանազատմանը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պուտինը եւս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցել Բաքվին եւ Երեւանին՝ փոխընդունելի որոշումների մշակման գործում։ Ընդամենը 11 օր առաջ էր Պուտինն այցելել Բաքու, եւ, դատելով տարածված հաղորդագրություններից, երկու կողմերի սպասելիքներն արդարացել են այդ հանդիպումից։ Հիմա էլ հեռախոսով են ամրապնդում ձեռք բերվածը: Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

– Խաղաղության պայմանագրի մասով Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ քայլեր հնարավո՞ր է ձեռնարկի․ գիտենք, որ քանի դեռ ՌԴ-ն չգիտի, թե ուկրաինական ճակատում ինչ կլինի, չի ուզում մեր տարածաշրջանում խնդիրներ ունենալ։

– Նախ՝ Ադրբեջանին պետք չէ խաղաղություն, մեծ հաշվով, որովհետեւ Ադրբեջանը կամաց-կամաց կարողանում է Հայաստանից ստանալ այն, ինչն ինքը պիտի ստանար այդ խաղաղության համաձայնագրով։ Եթե կարողանում է առանց դրա ստանալ, իրենց ինչի՞ն է պետք այդ համաձայնագիրը։ Սա՝ մեկ։ Հայաստանին էլ պետք չէ, կարծես թե, որ այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի ռուսական միջնորդությամբ։ Հայաստանն ավելի շատ հակված է արեւմտյան միջնորդությանը եւ կարծես ամեն ինչ անում է, որպեսզի ՌԴ-ին դուրս մղի տարածաշրջանից, դրա համար էլ Հայաստանի իշխանությունները ջանում են Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ վարել, ինչը, մեծ հավանականությամբ, հենց ադրբեջանական կողմի պարտադրանքն է։ Ես չեմ կարծում, թե խաղաղության համաձայնագիր կստորագրվի, որովհետեւ Ադրբեջանը, կոպիտ ասած, շաբաթը մեկ ասում է, որ հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությունն է, իսկ այսօր Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են Սահմանադրությունը փոխել 2027 թվականին, այսինքն՝ 3 տարի անց։ Հետեւաբար, ես վստահ եմ, որ մինչ այդ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի։

– Ադրբեջանական պահանջների մեջ է մտնում նաեւ ատոմակայանի փակումը․ կհասնե՞ն դրան։

– Եթե այսպես շարունակվի՝ բնականաբար։ Ես Ադրբեջանի պահանջների ամբողջ ցանկին ծանոթ չեմ, բայց եթե Հայաստանի իշխանությունները որոշել են խաղաղության հասնել ցանկացած գնով, Ադրբեջանը, բնականաբար, պահանջելու է այդ ցանկացած գինը։

Հայկա ԱԼՈՅԱՆՀոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031