Ներկայիս իրավական կարգավորումները քաղաքացուն եւ իրավաբանական անձանց հնարավորություն են տալիս տիրանալ այլ անձանց ֆինանսական միջոցներին եւ չվերադարձնել այն կամ չկատարել պարտավորությունները:
Եթե քաղաքացին կամ իրավաբանական անձն իր անվամբ չունի գրանցված որեւԷ գույք, որի վրա հնարավոր կլինի պարտավորության չկատարման դեպքում բռնագանձում կատարել, երբեք պետք չէ նման անձանց նախապես գումարներ վճարել:
Արդեն շատ են դեպքերը, երբ շինարարական ընկերությունները եւ մասնավոր քաղաքացիներն այլ քաղաքացիներից գումարներ են ստացել շինարարական աշխատանքներ կատարելու համար, սակայն ոչ աշխատանքներն են կատարում, ոչ էլ ստացած գումարներն են վերադարձնում: Նման անձինք տեղեկացված են ՀՀ իրավական կարգավորումների եւ իրավական համակարգի դիրքորոշումներին, գիտեն, որ եթե սկզբնական մասում որոշ աշխատանքներ կատարեն, ապա նրանց արարքը չի համարվելու հանցագործություն, իսկ իրենց ստացած գումարն էլ դատական կարգով քաղաքացին չի կարող հետ ստանալ, քանի որ, ինչպես միշտ, նման քաղաքացիները եւ իրավաբանական անձինք իրենց անուններով չեն ունենում բռնգանձման ենթակա գույք:
Խորհուրդ. ցանկացած գործարք կնքելիս կամ գումարներ վճարելիս խորհրդակցեք փաստաբանների հետ:
ՂԵՎՈՆԴ ՊԱՊՈՅԱՆ
փաստաբան
«Առավոտ» օրաթերթ
29.08.2024